Ի՞նչ սկզբունքով է Instagram-ը դասավորում մեր սթորիները նայած մարդկանց

Թե՛ անձնական, թե՛ բիզնես էջեր վարողներին երբեմն հետաքրքիր է լինում, թե ովքեր են առավել հետաքրքրված իրենց սթորիներով և ովքե՞ր են պարզապես թերթելով անցնում:

Ցուցակին հետևողները նկատած կլինեն, որ այն պարբերաբար ենթարկվում է փոփոխությունների, և կա թյուր պատկերացում այն մասին, որ story-ն ամենաշատը նայած օգտատերերը դասավորվում են ցուցակի սկզբում: Reddit-ում մարդկանց մի խումբ նույնիսկ փորձարկումներ էր իրականացրել՝ ցանկանալով հասկանալ դասավորման սկզբունքը: 

Իրականում Ինստագրամի կողմից մարդկանց գաղտնիության իրավունքների խախտում կլինի ցույց տալը, թե ովքեր են ամբողջ օրն անցկացնում ձեր էջում, և դա կառաջացնի դժգոհությունների մեծ ալիք, քանի որ ի սկզբանե մարդիկ Ինստագրամն ընկալում են որպես հարթակ, որտեղ նրանց ոչ բոլոր գործողություններն են տեսանելի: Ճիշտ եզրահանգման գալու համար առանձին անհատների փորձարկումներին հավատալը սխալ է, իսկ Ինստագրամի ալգորիթմները բավականին բարդ ու անհասանելի են հասկանալու համար, ուստի ամենաիրատեսականը հենց Ինստագրամի աշխատակիցների հայտարարություններին վստահելն է: Ըստ նրանց՝   ցուցակի ամենավերևում երևում են այն հաշիվներ, որոնց հետ մենք ենք ամենից շատն առնչվում, այլ ոչ թե հակառակը: Այսինքն՝ եթե մենք պարբերաբար այցելում ենք մարդկանց էջեր, նույնիսկ առանց հավանումներ սեղմելու Ինստագրամն այդ հաշիվը մեզ համար հետաքրքիր է համարում ու ցույց տալիս մեր ցուցակի սկզբում:

Ցուցակի սկզբում են հայտնվում նաև այնպիսի օգտատերեր, որոնց Ինստագրամի ալգորիթմը մեզ համար հետաքրքիր է համարել՝ ելնելով մեր նախորդող վարքագծից: Այս կատեգորիան փոխվում և թարմացվում է ամեն անգամ, քանի որ փորձ է արվում մեր աչքի առաջ պահել այնպիսի էջեր, որոնք մեզ ամենից շատն են հետաքրքրում:

Կա նաև Ինստագրամի կողմից պաշտոնապես չհաստատված տեղեկատվություն, որ ցուցակի առաջին 50 հոգին դասավորված են ժամանակագրականին հակառակ հերթականությամբ, այսինքն վերևում նոր դիտումներն են, ներքևում՝ հները: Իսկ դրանից հետո արդեն գործի են անցնում Ինստագրամի բարդ ալգորիթմները, որոնք մենք չենք կարող գաղտնազերծել:

Ընդ որում, եթե անհատն օգտվում է Facebook-ից, այնտեղ դրսևորած նրա վարքագիծը ևս փոխանցվում է Instagram և ազդում նրա մոտ պատկերվող արդյունքների վրա:

Ուստի, որքան էլ դա ցանկալի լինի, տրամադրված տվյալներով մենք չենք կարող հասկանալ, թե որ օգտատերերն են ցուցաբերում առանյնահատուկ ուշադրություն մեր էջի նկատմամբ:

 

Այսքանը այսօրվա բլոգի համար, անպայման խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև Ինստագրամի սթորիների Quiz հատվածի մասին մեր պատրաստած նյութը՝ սեղմելով այստեղ: