Կատալոգներ WhatsApp-ում: Նոր հնարավորություն փոքր բիզնեսի համար

Վաղուց մեր բլոգում չէինք խոսել WhatsApp-ի թարմացումների մասին, և այսօր հերթը հասավ հենց այս հավելվածին: WhatsApp-ն իր բիզնես տարբերակում ավելացրել է նոր հնարավորություն՝ կատալոգներ, որոնք թույլ կտան փոքր բիզնեսի սեփականատերերին հավելվածի միջոցով ցուցադրել իրենց ապրանքատեսականին: Նոր բաժնում հնարավոր կլինի ստեղծել ապրանքների  ցուցակ իրենց լուսանկարներով ու նկարագրություններով: Մեսինջերի բիզնես տարբերակը թույլ կտա նաև պրոֆիլում ավելացնել տեղեկատվություն ընկերության վերաբերյալ և շաբլոններ հաճախորդների հետ շփվելու համար:

Կատալոգներն իրենցից ներկայացնում են բջջային ցուցատախտակի նման մի բան ձեռնարկությունների համար: Այժմ ապրանքներն ուսումնասիրելն օգտատերերի համար ավելի հարմար է, քանի որ նրանք ստիպված չեն լինի ընկերություններից խնդրել ապրանքների նկարներ հատ-հատ, այլ պարզապես կմտնեն նախատեսված վայրը ու կնայեն ապրանքների ողջ ցանկն առանց անգամ մեսինջերից դուրս գալու և ընկերության կայք անցնելու:

Կատալոգի հնարավորությունը ամենից առաջ հասանելի է դարձել Բրազիլիայի, Գերմանիայի, Ինդոնեզիայի, Հնդկաստանի, Մեքսիկայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի օգտատերերի համար: Բայց ինչպես հայտնում է Ֆեյսբուքի ղեկավարությունը, նոր ֆունկցիան հասանելի կդառնա ամբողջ աշխարհով մեկ շատ շուտով: 

Այսքանը WhatsApp-ի մասին, իսկ մենք հիշեցնենք, որ Facebook Messenger-ը գործարկել է 3 նոր ֆունկցիա բրենդների համար: