Մարքեթինգային հետազոտություններն իրենցից շուկայի որոշակի սեգմենտն ուսումնասիրելուն ուղղված աշխատանքների համակարգ են ներկայացնում:
Մարքեթինգային հետազոտությունը տեղեկատվության հավաքումը, մշակումն ու վերլուծությունն է, որի նպատակն է վարչական որոշումներ ընդունելիս նվազեցնել անորոշության գործոնը:
Ձեռնարկությունների կողմից ամեն տարի իրականացվող մարքեթինգային հետազոտությունները տարբերակվում են ինչպես մասշտաբով, այնպես էլ տեսակով: Դրանցից յուրաքանչյուրն ինքնուրույն սահմանում է հետազոտությունների թեմատիկան և ծավալը՝ ելնելով առկա հնարավորություններից և տեղեկատվության պահանջից, այդ պատճառով զանազան կազմակերպությունների կողմից իրականացվող մարքեթինգային հետազոտությունները կարող են տարբեր լինել:
Այսօր տեղական ձեռնարկությունների կողմից մարքեթինգային հետազոտությունների իրականացումն ավելի շատ բացառություն է, քան կանոնավոր գործունեություն:
Դրա պատճառներն են՝
Երկրում տնտեսական և քաղաքական իրավիճակի անկայունությունը և զարգացման անկանխատեսելիությունը, և, որպես հետևանք, կազմակերպությունների մեծ մասի ուղղվածությունն ընթացիկ եկամուտ ապահովելուն:
Նման հետազոտությունների անցկացման համար անհրաժեշտ փորձի բացակայությունը:
Հայրենական արտադրողների կողմից հետազոտությունների օգտակարության թերագնահատումը:
Հետազոտությունների անցկացման սկզբունքները
Հետազոտության որակը կախված է մարքեթինգային հետազոտությունների անցկացման հիմնական սկզբունքներից: Դրանք են օբյեկտիվությունը, ճշգրտությունը և մանրազնին աշխատանքը:
Օբյեկտիվություն՝ բոլոր գործոնների դիտարկում և որոշակի տեսանկյունի ընդունման անթույլատրելիություն մինչև հավաքված տեղեկատվության վերլուծության ավարտը:
Ճշգրտություն՝ հետազոտության խնդիրների հստակ սահմանում, դրանց միանշանակ ընկալում և մեկնաբանում, հետազոտության գործիքների ընտրություն, որոնք ապահովում են արդյունքների ստույգ լինելը:
Մանրազնին ուսումնասիրություն՝ հետազոտության յուրաքանչյուր փուլի մանրամասն պլանավորում, բոլոր գործողությունների իրականացման բարձր որակի ապահովում, հետազոտող խմբի պրոֆեսիոնալիզմ և պատասխանատվության զգացման առկայություն: