Yandex-ն իր սեփական սոցիալական կայքն է ստեղծել

Նոր սոցիալական ցանցն անվանվել է «Աուրա», և այս պահին նոր ծառայության վրա մի ամբողջ թիմ է աշխատում, որոնք պիտի ապահովեն, որ հաշիվներում միայն ռեալ  նկարներ տեղադրվեն, իսկ հրապարակումներում բացառվի որևէ արգելված նյութի ու արտահայտությունների օգտագործումը:

Հարթակը թեստավորման փուլում է, և եթե ցանկանում եք տեսնել՝ արդյոք ձեզ հասանելի է թեստային տարբերակը, թե ոչ, սմարթֆոնով մու՛տք գործեք Յանդեքսի հավելված: Եթե որոնման տողի վերևում հայտնվի «Աուրա»-ի նշանը, ապա այն հասանելի է, իսկ հասանելի չլինելու դեպքում կարող եք ստանալ հրավեր այն մարդկանցից, ում այն հասանելի է: Հրավերն ուղարկվում է Յանդեքսի փոստին, որից հետո հարկավոր է գրանցվել համակարգում: Սա մեկ րոպեից էլ պակաս ժամանակ կզբաղեցնի, քանի որ համակարգում օգտատերերի մասին արդեն բավականին տեղեկատվություն կա:

Նոր սոցիալական կայքն ունի հետևյալ ֆունկցիաները՝

  • Մասնակիցները կարող են մուտք գործել  իրենց հոբբիներին ու հետաքրքրություններին համապատասխանող խմբեր, կիսվել մտքերով, հարցնել կարծիքներ,
  • Սահմանափակել լսարանը, որին հասանելի կլինի կոնկրետ հրապարակումը, ընտրել  տեսնողներին ըստ տարիքի, սեռի և բնակավայրի,
  • Վարել անձնական, փակ զրույց այլ օգտատերերի հետ,
  • Նկարների գնահատում՝ թերթելով դրանք աջ կամ ձախ: Այն հրապարակումները, որոնք պոպուլյար կդառնան հետևորդների շրջանում, կցուցադրվեն առաջինը:

Ընկերությունը դեռևս չի հայտարարել  կայքի լիարժեք գործարկման  կոնկրետ ամսաթվի մասին, սակայն արդեն  մոտ 6000 մարդ գրանցվել է կայքում՝ անելով 5000 հրապարակում, 15000 մեկնաբանություն և գրելով 5000-ից ավել նամակ:

Հիշեցնենք, որ 2012թ. Mail.ru-ն փորձ է արել սոցիալական կայք ստեղծել  «Futubra» անվամբ, բայց նախագիծը նույնիսկ մեկ տարի չգործեց: