Ժամանակակից ինտերնետային միտումները ըստ Մերի Միքերի

Վերլուծաբան Մերի Միքերը ամեն տարի՝ սկսած 1995-ից, ներկայացնում է հաշվետվություն ինտերնետային դաշտում նկատվող հիմնական միտումների մասին: Այս տարին ևս բացառություն չէր, և մենք ձեզ համար առանձնացրել ենք ամբողջ 2018 թվականի ամփոփման արդյունքում ի հայտ եկած հիմնական կետերը, իսկ ամբողջական հաշվետվությանը (արդեն անգլերեն տարբերակով) կարող եք ծանոթանալ այստեղ:

Փաստաթղթի առանցքային կետերը հետևյալն են՝

  • 2018 թվականին ցանցին կցվել է աշխարհի բնակչության 51%-ը: 2017 թվականի նույն ցուցաշինը կազմել է 49%: Այստեղ  հատկանշական է այն հանգամանքը, որ քանի գնում նոր մարդկանց ներգրավումն ավելի դժվար է դառնում, ուստի աճի տեմպերն էլ դանդաղում են:
  • Համացանցից օգտվող մարդկանց 53%-ը բնակվում են Ասիական և Խաղաղօվկիանոսյան շրջանում: Ինտերնետային ակտիվության առումով աշխարհում ամենաակտիվ երկիրը Չինաստանն է: Այստեղ համացանցին հասանելիություն ունի մոտ 800 միլիոն մարդ:
  • Շուկայի կապիտալիզացման մակարդակով աշխարհի թոփ 10 երկրներից 7-ը տեխնոլոգիական են, իսկ եթե վերցնենք միայն 6 առաջատարներին, նրանցից 4-ը հիմնված են ԱՄՆ-ում:
  • 2017 թվականի հետ համեմատած՝ 2018-ին ինտերնետային վաճառքները ավելացել են 12,4%-ով: Իհարկե ավանդական մանրածախ առևտրի ծավալն էլ է աճում, սակայն ավելի դանդաղ տեմպերով. նույն ժամանակահատվածում աճը կազմել է ընդամենը 2%:
  • Բջջային գովազդների վրա ծախսվում է գովազդատուների բյուջեի 33%-ը: Որպեսզի հասկանանք՝ ինչ հսկայական տեղաշարժի մասին է խոսքը, պետք է նշել, որ 2010-ին այդ ցուցանիշը կազմել է 0,5%: Միևնույն ժամանակ տպագրվող, հեռուստատեսային և ռադիոգովազդի վրա արվող ծախսերը գնալով նվազում են:
  • Google-ը և Facebook-ը շարունակում են մնալ գովազդային շուկայի խոշորագույն խաղացողները:
  • ԱՄՆ-ում մոտ 70 միլիոն մարդ լսում է պոդկաստներ և այս թիվը կրկնապատկվել է վերջին 4 տարիների ընթացքում: Պոդկաստները (բառն առաջացել է iPod և broadcast (հեռարձակել) բառերից) համացանցում մեկ անգամ կամ պարբերաբար հրապարակվող աուդիոֆայլերն են:
  • Ամբողջ աշխարհում 2,4 միլիարդ մարդ խաղում է ինտերակտիվ խաղեր: Այս ցուցանիշը մեկ տարում աճել է 6%-ով:
  • Ամերիկացի մեծահասակների 26%-ը գրեթե ամբողջ արթուն ժամանակահատվածը անց է կացնում օնլայն: 18-29 տարեկան հարցվողների  39%-ի շրջանում այս ցուցանիշը աճել է 39%-ով:

Ինտերնետում կատարվող իրադարձությունների մասին այսքանն էինք նախատեսել, իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ ինտերնետ-մարքեթինգի 2019-ի թրենդներին, կարող եք ընթերցել նաև այդ մասին մեր պատրաստած նյութը՝ սեղմելով այս հղմանը: