49 000 000 բլոգերների անձնական տվյալների արտահոսք Ինստագրամում

Շատ մարդիկ զգուշանում են սոցկայքերում գրանցվելուց և իրենց մասին որևէ տվյալ հրապարակելուց հենց այն պատճառով, որ վստահ չեն՝ որքանով է դա անվտանգ ու գաղտնի լինելու: Արդեն որերորդ անգամ պարզ է դառնում,  որ հսկայական ծավալի տվյալներ հայտնվել են բաց հասանելիության դաշտում՝ վտանգելով օգտատերերի անվտանգությունը: Այս անգամ խնդիրը կապված էր Ինստագրամում գրանցված օգտատերերի հաշիվների հետ:



Կիբերանվտանգության մասնագետ Անուրագ Սենը հայտնում է, որ ավելի քան 49 միլիոն հաշիվների տվյալների բազան հայտնաբրվել է բաց հասանելիության դաշտում:  Նրանցում եղել են հայտնի բլոգերներին և բրենդներին վերաբերող տվյալներ:

Բացի ընդհանուր հասանելիությամբ տեղադրված անձնական տվյալներից այստեղ ներառված են եղել նաև օգտատերերի էլեկտրոնային հասցեներն ու հեռախոսահամարները: Բազան տեղադրված է եղել Amazon Web Services-ում: Համաձայն TechCrunch-ի տվյալների՝ բազան կապ ունի հնդկական   Chtrbox ընկերության հետ, որը զբաղվում է SMM-ով:

Պետք է նշել, որ բազան պարունակել է տեղեկատվություն նաև հաշիվների գների մասին, որը հաշվվում է՝ նկատի ունենալով հետևորդների քանակը, էջում մարդկանց ներգրավվածությունը, հավանումների թիվն ու այլ ցուցանիշներ: Այս կերպ Chrtbox-ը մոտավոր սահմանել է, թե որքան է պետք վճարել բլոգերներին գովազդի համար:

TechCrunch-ի ներկայացուցիչները կապ են հաստատել տուժող մի քանի բլոգերի հետ,որոնք նշել են, որ օգտագործել են հենց բազայում նշված էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը, սակայն իրենք Chrtbox-ի հետ ոչ մի կապ չեն ունեցել:

Լրագրողները Chrtbox-ին հայտնել են բաց բազայի մասին, որից հետո այն փակվել է առանց որևէ մեկնաբանության: Facebook-ի ներկայացուցիչները, որոնց պատկանում է Instagram-ը, հայտնել են, որ ստացված տեղեկատվությունը ենթարկվում է մանրամասն ուսումնասիրության, և իրենք արդեն դիմել են Chrtbox-ին՝ պարզաբանումներ ստանալու պահանջով:

Զգու՛յշ եղեք ձեր տվյալները համացանցում տեղադրելիս և երբեք մի՛ հրապարակեք այն, ինչի տարածումը կարող է վտանգել ձեր անվտանգությունը:

Իսկ եթե ցանկանում եք իմանալ ավելին բլոգերների գործունեության մասին, խորհուրդ ենք տալիս ընթերցել մեր պատրաստած «Ու՞մ կօգնի բլոգներների հետ համագործակցությունը: Գովազդի տեսակները» նյութը՝ անցնելով այս հղմամբ: