TikTok-ում ապրիլին կատարվել են ամենաշատ գնումները

Ինչպես նկատած կլինեք հավելվածներ բեռնելիս՝ անգամ գլխավոր էջում երևում է զգուշացում, որ հավելվածի ներսում գնումներ անելու հնարավորություն կամ անհրաժեշտություն կարող է լինել: Այսօրվա ռեյտինգը վերաբերում է հենց in-app գնումներից ստացվող հասույթին:TikTok-ն ու իր չինական այլընտրանքը՝ Douyin-ը, առաջ անցան հավելվածի ներսում կատարված գնումներից ստացված եկամուտների չափով YouTube-ից և Tinder-ից: Այս մասին ասվում է Sensor Tower վերլուծաբանական ընկերության հաշվետվության մեջ:

Համաձայն 2020-ի ապրիլին ստացված տվյալների՝ TikTok և Douyin հավելվածների ներսում գնումներից եկամուտը հասել է 78 միլիոն ԱՄՆ դոլարի, ինչը 10 անգամ ավել է 2019թ. նույն ժամանակաշրջանի նույն ցուցանիշից: ՏիկՏոկը ներքին գնումների ծավալով գերազանցել է YouTube-ին ($76 միլիոն), Tinder-ին, Disney+-ին և Netflix-ին: 
Հետաքրքիր է այն փաստը, որ TikTok-ն ու Douyin-ը գնումների ցուցանիշով առաջատար են App Store-ի հավելվածների ռեյտինգում, սակայն Google Play-ի հավելվածների անգամ թոփ 10-յակում չեն ներառվել:  
TikTok-ի հասույթի մեծ մասը (86,6%) չինացի օգտատերերից է ստացվել: Հիշեցնենք, որ այս հավելվածը Չինաստանում տարածված է Douyin անվամբ: Իսկ ստացված հասույթի 8,2% -ն ապահովում են ՏիկՏոկ-ի օգտատերերն ԱՄՆ-ից:
Հիշեցնենք, որ TikTok-ի սեփականատեր հանդիսացող ByteDance չինական ընկերության արժեքը հասել է 140 միլիարդ դոլարի (2018-ին այն 75 միլիարդ դոլար էր): Այս պահին ՏիկՏոկը համարվում է աշխարհի ամենաթանկարժեք ստարտափը, իսկ ByteDance-ի հավելվածների (TikTok, Douyin, Toutiao, Resso և այլն) ընդհանուր լսարանը կազմում է ամսական 1,5 միլիարդ ակտիվ օգտատեր:
Դե ինչ, փորձեցինք ինֆորմացիա տալ մեր ժամանակների ամենաթրենդային հավելվածի մասին, իսկ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելին իմանալ, ունենք ևս մի նյութ՝ «Ի՞նչ գործոնների հիման վրա է հոլովակը տարածվում TikTok-ում»: