Internet of things (IoT)` ի՞նչ է սա

Նույնիսկ եթե առանձնահատուկ հետաքրքրություն չունեք տեխնոլոգիական նորությունների նկատմամբ, հաստատ նկատած կլինեք, որ աշխարհում ամեն հնարավոր բան փորձ է արվում կապել ինտերնետի ու ավտոմատ կամ հեռահար կառավարման հետ: Ու եթե նախկինում դա ֆանտաստիկայի էր նմանվում, այսօր սմարթ սարքավորումները, արտադրամասերը կամ տները լրիվ նորմալ երևույթ են դարձել ու օր օրի զարգանում են:

Internet of Things, IoT՝ բառացի թարգմանվում է առարկաների ինտերնետ, և այն սարքավորումների ցանցն է, որոնք կցված են ինտերնետին, կառավարվում են դրա միջոցով և կարողանում են առանց մարդկանց միջամտության փոխանակվել տվյալներով իրական ժամանակում: IoT-ի մեջ մտնում են բոլոր այն էլեկտրոնային սարքավորումները, որոնք փոխանակվում են տվյալներով համացանցի, լոկալ կամ անլար ցանցի միջոցով:

Այդպիսի սարքավորումները կարելի է բաժանել հետևյալ հիմնական մասերի՝

  • Կրելի գաջեթներ (օրինակ՝ ֆիթնես-թևնոցներ, սմարթ ժամացույցներ),
  • Տնային սարքավորումներ (վեբ-տեսախցիկներ, սրճեփներ),
  • Արտադրական սարքավորումներ (ռոբոտներ, սենսորներ, հաղորդիչներ):

IoT-ն թույլ է տալիս մեկ ցանցի մեջ համախմբել ցանկացած օբյեկտ, որի հետ մենք փոխազդում ենք մեր առօրյայում՝ սկսած հագուստից մինչև տեխնիկայի խոշոր տարրեր: Այն առաջացել է տեխնոլոգիաների բնականոն զարգացման արդյունքում, ու առանձնացվում են դրա մի քանի փուլերը՝

1) 1990թ. համացանցին կցվեց առաջին առարկան՝ տոստերը:

2) 1999թ. առաջացավ Internet of Things տերմինը:

3) 2004թ. հրապարակվեց IoT-ի մասին առաջին հոդվածը, որում մանրամասնորեն նկարագրվում էր, թե ինչպես են կենցաղային տեխնիկան, համակարգերն ու հաղորդիչները միմյանց հետ փոխազդում հաղորդակցման ցանցերի միջոցով և ապահովում գործընթացների ավտոմատ իրականացում: Առաջարկված մոտեցումները նոր էին, սակայն շնորհիվ ունիկալության՝ այս երևույթը գնալով սկսեց ավելի հայտնի դառնալ:

4) 2008-2009թթ.. ցանցին կցված սարքավորումները գերազանցեցին մարդկանց, ու անցում կատարվեց «Մարդկանց ինտերնետից» դեպի «Առարկաների ինտերնետ»:

IoT-ն կարելի է օգտագործել ամենատարբեր ոլորտներում, որոնցից ամենալայն տարածումը կատարվել է հետևյալ ասպարեզներում՝

  • Խելացի տներ (ռեսուրսների օպտիմալ օգտագործմանն և անվտանգության ապահովմանն ուղղված լուծումներ)
  • Խելացի տրանսպորտ (fleet management դասի ծառայություններ անհատական փոխադրողների համար, UBI-ապահովագրություն,  տեխնիկական սպասարկում, տրանսպորտային համակարգեր),
  • Առևտուր և ֆինանսական ծառայություններ (լուծումներ՝ ուղղված տվյալների ավտոմատ փոխանցմանը և վերլուծությանը, պաշարների կառավարում)
  • Արտադրություն (արտադրական գործընթացների չափում և օպտիմիզացում):

Քանի որ IoT տերմինը հաճախ հանդիպում է LinkedIn-ի հմտությունների շարքում, կարող եք սեղմել այս հղմանն ու ծանոթանալ, թե որոնք են 2019-ի ամենապահանջված հմտություններն ըստ LinkedIn-ի, գուցե այստեղ գտնեք ձեր հմտությունները ևս: