Chupa Chups բրենդի պատմությունը

1957 թվականին Էնրիկե Բերնսթը դարձավ Granja Asturias հրուշակեղենի գործարանի ղեկավարը: Երիտասարդը ոչ միայն հրուշակագործ էր, այլ նաև գրագետ գործարար: Ովքե՞ր են ամենից շատ սիրում քաղցրավենիք: Իհարկե երեխաները: Սակայն 60 տարի առաջ այդ փաստը այսքան ակնհաըտ չէր: Բերնսթը վճարեց մարքեթինգային հետազոտության համար, որը ցույց տվեց, որ գործարանի արտադրանքի մեծ մասը սպառվում է մինչև 16 տարեկանների կողմից: Երեխաները քաղցրավենիքը ուտելիս հանում էին իրենց բերանից, իսկ շաքարը հալվում էր ձեռքերում՝ թողնելով կպչուն հետք և՛ ձեռքերի, և՛ հագուստի վրա: Բերնաթը մտածեց, որ ոչ ոք չի կեղտոտում ձեռքերը դանակ-պատառաքաղով ուտելիս, ինչու՞ չփորձել կոնֆետը վերցնել պատառաքաղով: Այսպիսով ծնվեց սառնաշաքարի գաղափարը նոր ձևաչափով՝ նախ փայտե, հետագայում պլաստիկ փայտիկների վրա:

Գործարանի ղեկավարը համարձակ որոշում կայացրեց: 1958 թվականին նա արտադրանքից հանեց ավելի քան 200 տեսակի հրուշակեղեն և սկսեց արտադրել ընդամենը մեկ բան՝ «բռնակով» սառնաշաքար:

Նախնական անվանումը ասոցիատիվ էր՝ Գոլ՝ կլոր ինչպես գնդակը: Սակայն գովազդային ընկերությունը թելադրեց իր կանոնները: Դինամիկ և պայթուցիկ «Chupa, chupa, chupa Chups» գովազդային հոլովակի երգը շատ արագ սիրվեց երեխաների և մեծահասակների կողմից: Այդտեղից էլ մնաց Chupa Chups անվանումը: Ընկերության առաջին կարգախոսն էր «És rodó i dura molt, Chupa Chups», որը թարգմանաբար նշանակում է «Այն կլոր է ու երկար»:

Վերանվանումից հետո հայտնի քաղցրավենիքին անհրաժեշտ էր լոգոտիպ: Այդ խնդիրը լուծելու համար Բերնթսը 1961 թվականին դիմեց սկանդալային սյուրռեալիստ Սալվադոր Դալիին:

Դալին միայն նկարիչ չէր: Նա զբաղվում էր գովազդով, նկարահանվում էր տեսահոլովակներում, ստեղծում էր լոգոտիպեր, ինչպես նաև նկարում էր դեկորներ թատրոնների համար:

Դալին լոգոն ստեղծեց մեկ ժամում: Նա թերթի մի կտորի վրա նկարեց երիցուկ և առաջարկեց քաղցրավենիքի անունը գրել ծաղկի մեջ: Նկարիչը գույները ընտրելիս ոգեշնչվեց իսպանական դրոշից:

 

Լոգոտիպը 1988 թվականին ենթարկվեց ռեբրենդինգի: Միևնույն ժամանակ Chupa Chups-ը մեծացրեց իր հորիզոնները: Այն սկսեց հայտնվել նաև այլ երկրներում: Եվս 10 տարի անց սառնաշաքարը հայտնի էր ամբողջ աշխարհում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ճապոնիա, Եվրոպա: 1991 թվականին Chupa Chups-ը պաշտոնապես ներկայացվեց Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում: Ընկերությունը, որը սկսեց իր գործունեությունը մի փոքր հրուշակեղենի գործարանից, իր տարեկան եկամուտը հասցրեց 400 մլն դոլարի: 1995 թվականին Chupa Chups-ը դարձավ առաջին կոնֆետը, որը թռավ տիեզերք:

 

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Յոհան Կրոյֆը սառնաշաքար գովազդող հայտնիների շարքում չէր: Սրտի հետ կապված խնդիրների պատճառով նա թողեց ծխելը: 1993 թվականից երկրպագուները նկատեցին, որը ծխախոտի փոխարեն մարզիչը անընդհատ Chupa Chups է ուտում: Այդ պահից սառնաշաքարի վաճառքը Իսպանիայում աճեց 7 անգամ: