Պաշտպանվա՞ծ են արդյոք ձեր իրավունքները

Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության օրն է (World Consumer Rights Day), որն առաջին անգամ նշվել է 1983թ.:

1960թ. գործում է Սպառողների համաշխարհային կազմակերպությունը, որը համախմբում է ավելի քան 70 երկրների՝ սպառողների իրավունքների պաշտպանությամբ զվաղվող մոտ 200 հասարական և պետական կազմակերպությունների: Կազմակերպության սկզբունքները հետևյալն են՝

  • Տեղեկատվության իրավունք
  • Անվտանգության իրավունք
  • Ընտրության իրավունք
  • Լսելի լինելու իրավունք
  • Վնասի փոխհատուցման իրավունք
  • Առողջ շրջակա միջավայրի իրավունք
  • Սպառողական կրթության իրավունք
  • Հիմնական անհրաժեշտ պահանջմունքների բավարարման իրավունք

Սպառողը պետք է պաշտպանված լինի ոչ հավաստի տեղեկատվությունից և գովազդից: Օրինակ՝ Գրինփիսի անցկացրած հետազոտությունը պարզել է, որ սննդամթերք արտադրող 450 ընկերության արտադրանքում գենետիկորեն մշակված օրգանիզմներ կան, սակայն սպառողներին այդ մասին ոչինչ չէր ասվել: Սպառողների իրավունքի հաճախակի խախտում է տեղի ունենում նաև երբ հայտարարվում է գների իջեցման մասին առանց նշելու, որ չափն էլ է փոքրացել:

Սպառողներն ունեն իրենց կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող արտադրանքից պաշտպանված լինելու իրավունք: Օրինակ՝ Տոյոտան ստիպված է եղել հետ կանչել իր մեքենաները, որոնց արգելակման համակարգում թերություններ են եղել: Իսկ ըմպելիքների շուկայում ռեկորդ է գրանցվել  "Perrier" ընկերությունում, որը 246,8մլն դոլար արժողությամբ 160 միլիոն շիշ հետ կանչեց, քանի որ դրանցում բենզոլ էր հայտնաբերվել:

Սպառողը պիտի ունենա ընտրելու հնարավորություն, պիտի կարողանա գնահատել բոլոր այլընտրանքները, բայց շատ հաճախ շուկայում հայտնվում են խոշոր արտադրողներ, որոնք բարդացնում են այլ արտադրողների մուտքը շուկա, և հենց սրա կարգավորման համար էլ վարվում է հակամենաշնորհային քաղաքականություն:

Սպառողն իրավունք ունի հայտնելու իր դժգոհությունը՝ հրաժարվելով հետագա գնումներից, հայտնելով դրա մասին իր ծանոթներին, պաշտոնապես դիմելով վաճառողին՝ ակնկալելով փոխհատուցում կամ ապրանքի փոխանակում:

Կազմակերպությունը պաշտպանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում և ՄԱԿ-ում սպառողների իրավունքները և տրամադրում կրթական ու իրավական օգնություն: Իսկ դուք արդյո՞ք համարում եք, որ ձեր իրավունքները՝ որպես սպառող, ամեն տեսանկյունից պաշտպանված են: