Ինֆոգրաֆիկայի ստեղծման թոփ 10 հարթակները

Ինֆոգրաֆիկների կիրառումը տարբեր կայքերում գնալով ավելի տարածված է դառնում, քանի որ դրանք կարողանում են ակնառու դիագրամների, վիզուալ պատկերների ու գրաֆիկների միջոցով ավելի տպավորիչ ու հակիրճ ձևով ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվությունը: Այսօրվա նյութում ձեզ կներկայացնենք հարթակներ, որոնց միջոցով կկարողանաք ստանալ բովանդակալից ու գեղեցիկ ինֆոգրաֆիկաներ:

Easel.ly
Այստեղ կկարողանաք հեշտությամբ վիզուալիզացնել պրեզենտացիաները, զեկույցներն ու հոդվածները: Easel.ly-ում կան բազմաթիվ պատրաստի պատկերներ, ձևանմուշներ, չափեր, գույներ ու տառատեսակներ ընտրելու հնարավորություններ: Ծառայությունը տարբեր սարքավորումներով հասանելի է: Անվճար տարբերակում կարելի է մինչև 60 նկար ու 25 լուսանկար ստանալ: Խնդիրն այն է, որ աշխատանքը միջանկյալ հատվածներում հնարավոր չէ պահպանել, իսկ ռեսուրսն անգլերեն է:

 

Piktochart
Հարմար է հաշվետվությունների ու պրեզենտացիաների պատրաստման համար: Ունի ըստ թեմաների բաժանված շաբլոնների մեծ տեսադարան: Անվճար տարբերակում պահպանվում են ծառայության բոլոր հիմնական ֆունկցիաները, սակայն այս հարթակի թերությունն այն է, որ Chrome-ով աշխատելիս երբեմն թերացնում է:

 

Infogram
Այս ծառայությունն ապահովում է հասանելիություն տարբեր սարքավորումների ու միաժամանակ մի քանի օգտատիրոջ համար: Կա տեքստ, նկար ու վիդեո ավելացնելու հնարավորություն: Հարթակի տեսադարանում կան բազմաթիվ նկարներ ու անիմացիաներ, կարող եք նաև բեռնել ձերը: Անվճար տարբերակում կարող եք 10 սեփական նախագիծ ստեղծել: Այս հարթակը օգտագործման մեջ շատ պարզ է, ունի սոցկայքերի միջոցով գրանցվելու հնարավորություն: 

 

Readymag
Նախատեսված է պորտֆոլիոների, պրեզենտացիաների ու ֆոտո-պատմությունների ստեղծման համար: Ներսում կան շաբլոններ, կարող եք փոփոխել տեղադրված նկարների թափանցիկության աստիճանն ու ավելացնել հոլովակներ: Անվճար տարբերակում կարող եք ավարտին հասցնել միայն մեկ նախագիծ, սակայն այս ծառայությունով հնարավոր է ստանալ իսկապես որակյալ ինֆոգրաֆիկաներ ու հետաքրքիր դիզայներական լուծումներ:

 

Time Graphics
Կարող եք գրանցվել սոցկայքերի կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Կարող են օգտվել մի քանի օգտատերեր միաժամանակ: Լեզուն ռուսերեն է, ունի անվճար ու վճարովի տարբերակ: 

 

Vizualize.me
Նախատեսված է ինֆոգրաֆիկայի տարրերով ռեզյումեր պատրաստելու համար: Ներսում կա 6 շաբլոն ու մի քանի գունային լուծում: Ինքնակենսագրականի մեջ կարող եք ավելացնել հղումներ դեպի այլ ռեսուրսներ: Այս հարթակն անվճար է, ունի միայն վեբ տարբերակ, ընդ որում անգլերենով:

 

Cacoo
Այս անգլալեզու օնլայն հարթակի միջոցով կարող եք ամբողջ թիմով աշխատել նույն նախագծի վրա միևնույն պահին: Ներսում կան բազմաթիվ պատրաստի ձևանմուշներ: Բոլոր օգտատերերը կարող են ծանոթանալ արված փոփոխությունների պատմությանը: Ռեսուրսն անգլալեզու է, ունի անվճար տարբերակ:

 

Google Slides
Պրեզենտացիաների ստեղծման անվճար ռեսուրս է: Կարող եք ներսում ավելացնել տեքստ, նկարներ, անիմացիաներ, փոփոխել տառատեսակն ու գունային գամման:  Եթե ֆայլերը պահպանեք համակարգչում, ծառայությունը օֆֆլայն ևս կաշխատի: Բոլոր կատարված փոփոխությունները ավտոմատ կերպով պահպանվում են: Գուցե այս ծառայությունը չունի ճոխ դիզայներական լուծումներ ստանալու հնարավորություն, սակայն որպես հարթակ այն բավականին կայուն է ու վստահելի:

 

PowerPoint
Պրեզենտացիաներ պատրաստելու այս ծրագիրն ունի պարզ ու հասկանալի ինտերֆեյս: Ներսում կարող եք ավելացնել նկարներ, վիդեոֆայլեր, տեքստ և անիմացիա: Ծառայությունն անվճար է  Microsoft փաթեթի օգտատերերի համար:

 

Prezi

Պրեզենտացիաների ու ինֆոգրաֆիկաների պատրաստման վեբ-ծառայություն: Աշխատանքին կարող եք ավելացնել ցանկացած նկար, վիդեո կամ տեքստ ձեր հայեցողությամբ: Ներսում կան շատ ձևանմուշներ, տառատեսակներ, սխեմաներ ու զանազան էֆեկտներ: Ունի նաև անվճար տարբերակ, սակայն դրանով ստեղծված նախագծերը հասանելի կլինեն բոլորին: Կարող եք օգտագործել միաժամանակ մի քանի սարքավորումների վրա: Ներսում կարող եք ավելացնել հատված YouTube-ի հոլովակներից:

 

Իհարկե, ինֆոգրաֆիկա ստեղծելու անվճար ու վճարովի ծառայություններ սրանցից բացի էլի շատ կան, սակայն մենք փորձեցինք ներկայացնել ամենատարածվածները: Իսկ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Ինստագրամով ու այնտեղ վարում են անձնական կամ բիզնես էջեր, մենք պատրաստել ենք «Ինչպե՞ս ստանալ գրավիչ ֆոտո և վիդեո Instagram-ի համար» բլոգը, ուստի խորհուրդ ենք տալիս անպայման շարունակել ընթերցանությունը: