Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը պարբերաբար հանդես է գալիս ոլորտի վերաբերյալ իր կանխատեսումներով ու վերլուծություններով: Այս անգամ ևս նա առանձնացրել է մի քանի ուղղություն, որոնցով կզարգանան ու կփոխվեն տեխնոլոգիաներն ու առհասարակ կյանքը մոտակա տասնամյակի ընթացքում:
• Սերնդափոխություն
Ցուկերբերգը նկատում է, որ Ֆեյսբուքի գործարկման պատճառներից մեկն այն է եղել, որ նրա սերնդին հարկավոր էր ինքնարտահայտման հարթակ: Այժմ մարդիկ ունեն ազատ ձայնի իրավունք, սակայն կան կարևոր հարցեր, որոնք դեռևս չեն լուծվել: Սոցկայքի հիմնադիրը հույս ունի, որ մինչ 2030-ը նոր սերունդը կկարողանա լուծում տալ այնպիսի էական հարցերի, ինչպիսիք են կլիմայական փոփոխությունները, առողջապահական ոլորտի հիմնախնդիրները, կրթության և բնակավայրերի վրա կատարվող կատարվող ծախսերի կտրուկ աճը:
Ցուկերբերգը պլանավորում է օգնել երիտասարդներին իր բարեգործական հիմնադրամի միջոցով:
• Նոր մասնավոր սոցիալական հարթակ
Համացանցը տվել է բոլորի հետ ցանկացած պահի շփվելու հնարավորություն: Այժմ շփման համար բացարձակապես էական չէ մարդու գտնվելու վայրը: Օգտատերերից յուրաքանչյուրը միլիարդավոր մարդկանցից կազմված խմբի մի մասնիկն է, սակայն այստեղ էլ առաջանում է մեկ այլ խնդիր. միլիարդ մարդու մեջ չափազանց դժվար է գտնել սեփական ունիկալությունը:
Ենթադրվում է, որ հաջորդ 10 տարվա ընթացքում սոցիալական ենթակառուցվածքը կօգնի վերականգնել ավելի փոքր խմբավորումների տեսակները, որը մարդկանց մոտ կվերականգնի մտերմության զգացումը:
• Հնարավորությունների ապակենտրոնացում
Վերջին 10 տարվա ընթացքում ամենաարագ աճը գրանցել է տեխնոլոգիաների ոլորտը: Ապագայում դրա շնորհիվ կբացահայտվեն առավել նոր հնարավորություններ, որոնք կօգնեն նաև տնտեսության այլ ճյուղերին առավել արագ աճել: Ցուկերբերգը տեղեկացրել է, որ մոտակա տասնամյակի ընթացքում պլանավորում է ստեղծել կոմերցիոն և վճարային նոր համակարգեր, որոնք թույլ կտան փոքր բիզնեսին ունենալ այնպիսի տեխնոլոգիական հնարավորություններ, որոնք մինչ այժմ հասանելի են եղել միայն խոշոր ընկերություններին:
Նա նշում է.
-Եթե մենք կարողանանք այնպես անել, որ յուրաքանչյուրն ազատ կարողանա վաճառել իր ապրանքն Instagram-ով, հաղորդագրություններ ուղարկել ու պահել հաճախորդների հետ կապը Messenger-ով, ակնթարթորեն և ցածր միջնորդավճարներով կարողանա WhatsApp-ով գումար ուղարկել իր հարազատին, որը բնակվում է այլ երկրում, դա կխոսի այն մասին, որ համաշխարհային մասշտաբով բացվել են ահռելի հնարավորություններ: Վերջիվերջո, կայուն և ուժեղ տնտեսության հասնելու համար հարկավոր է այնպես անել, որ փոքր բիզնեսի ձեռնարկույթունները ի վիճակի լինեն հեշտությամբ վերածվելու տեխնոլոգիական ընկերությունների:
• Նոր տեխնոլոգիական հարթակ
2010-ականների համար առանցքային հարթակ դարձավ բջջային հեռախոսը: 2000-ականներին ամեն ինչ պտտվում էր վեբի շուրջ: 1990-ականների «գլխավոր հերոսը» համակարգիչն էր: Մոտակա տասնամյակի համար նախատեսվում է, որ բջջայինները կմնան հիմնական սարքավորումները, սակայն որոշակի պահի կհայտնվեն լրացված իրականության (AR) ակնոցներ, որոնք կփոփոխեն տեխնոլոգիաների հետ փոխազդեցության ընթացքը:
AR և VR-ը կօգնեն օգտատերերին զգալ այլ վայրում և այլ մարդկանց հետ ու լուծել մի շարք սոցիալական խնդիրներ:
• Կառավարման նոր ձևեր
Համացանցը առաջ է բերել մի շարք նոր պրոբլեմներ: Facebook-ի նման հարթակները անընդհատ բախվում են խոսքի ազատության և անվտանգության, գաղտնիության և օրինականության, բաց համակարգերի ստեղծման և տվյալների հասանելիության սահմանափակման միջև հավասարակշռության հաստատման խնդիրներին:
Մասնավոր ընկերությունները չպետք է կայացնեն այնպիսի որոշումներ, որոնք վերաբերում են բազային դեմոկրատական արժեքներին: Երկրների ղեկավարությունը պետք է սահմանեն հստակ կանոններ այնպիսի ոլորտների համար, ինչպիսիք են ընտրությունները, վնասաբեր կոնտենտը, գաղտնիությունը, տվյալների փոխանակումը:
Ցուկերբերգը կարծում է, որ տվյալ խնդիրը հնարավոր է լուծել՝ խմբերին ընձեռելով ղեկավարման նոր եղանակներ:
Այսքանն էին Ցուկերբերգի կանխատեսումները, իսկ դուք որևէ մտքեր ունե՞ք՝ կապված օրեցօր զարգացող այս ոլորտի հետ, կիսվե՛ք մեզ հետ դրանցով:
Իսկ եթե հետաքրքրված եք կոնկրետ Ֆեյսբուքով, անպայման ընթերցե՛ք նաև մեր պատրաստած «Facebook-ը ներկայացրեց 2020-ի թրենդները»: