Համաշխարհային հաջողության հասած 8 ռուսական բրենդ

Շատ հաճախ բրենդի անվանումը թույլ չի տալիս հասկանալ, թե որ երկիրն է թաքնված դրա ետևում: Այսօր առանձնացրել ենք ռուս ձեռնարկատերերի կողմից ստեղծված բրենդներ, որոնք շուկա են մտել գեղեցիկ արտասահմանյան անուններով ու հասել են հաջողության ոչ միայն Ռուսաստանի սահմաններում, այլ ողջ աշխարհով մեկ: 

Gloria Jeans
1988թ., երբ Սովետական Միությունում  դեռևս չկար «բրենդ» հասկացությունը, ստեղծվել էր Gloria Jeans կոոպերատիվը: Այն կենտրոնացած էր մանկական ու երիտասարդական հագուստի վրա, ու մինչ օրս էլ չի փոխել կոնցեպտը: Այսօր Gloria Jeans խանութները հաջողությամբ գործում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում և Վրաստանում:

Zarina
Zarina-ն կապված է լենինգրադյան «Первомайская заря» գործարանի հետ, որը դեռևս 1960-ականներին զբաղվում էր հագուստի արտադրությամբ: 1990-ականներին արտադրվեց առաջին հագուստը «Զարինա» անվան ներքո, իսկ ավելի ուշ բրենդի անունը սկսեց գրվել լատինատառ: Այստեղից էլ հետևություն, որ հաճախ միմյանց հետ շփոթվող Zara և  Zarina բրենդները իրար հետ կապ չունեն:

Erich Krause
Erich Krause բրենդը ստեղծվել է 1994թ. Ռուսաստանում: Գերմանական անուններն այստեղ օգտագործվել են հատուկ, որպեսզի մարդկանց մոտ այս գրենական պիտույքներն ասոցացվեն գերմանական որակի հետ: Այսօր  Erich Krause արտադրվում է հարավ-արևելյան Ասիայում ու մեծ մասամբ սպառվում է ՌԴ-ում: 

LOVE REPUBLIC
Zarina-ի նման  LOVE REPUBLIC-ը ևս ստեղծվել է Սանկտ Պետերբուրգում: Այս ֆիրմայի գովազդային արշավներում մասնակցություն են ունեցել այնպիսի համաշխարհային դեմքեր, ինչպիսիք են Նաոմի Քեմփբելլը և Իրինա Շեյքը:
 

O’STIN
O’STIN բրենդի պատմությունը սկսվում է 2003թ.: Այս անվամբ առաջին խանութը բացվել է Եկատերինբուրգ քաղաքում, իսկ այսօր արդեն կա  700-ից ավել O’STIN  խանութ աշխարհի 5 երկրում:

Bork 
Bork բրենդը պատկանում է  ռուսական «Технопарк» ընկերությանը, որը ստիպված եղավ հրաժարվել սկզբում ընտրված Bork Germany անվանումից:

Organic Shop
Organic Shop բրենդի սեփականատերն ու հիմնադիրը ռուս ձեռներեց է, որի կողմից դեռևս 2003թ. ստեղծվել էին «Рецепты бабушки Агафьи» բյուջետային կոսմետիկ միջոցները: 2008թ. սկսած՝ ընկերությունը սկսեց ընդլայնվել՝ թողարկելով Natura Siberica, Planeta Organica և Organic Shop կոսմետիկ միջոցները:

MIXIT
Այսօր այս բրենդը լայն տարածում ունի նաև Հայաստանում: Հիմնված լինելով 5 տարի առաջ՝ այն առաջ է մղվել Ինստագրամի միջոցով: Գովազդային արշավներին մասնակցել են ռուսական շոու բիզնեսի այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Քսենիա Սոբչակն ու Բորոդինան, Ելենա Լետուչայան ու Գոհար Ավետիսյանը: Այսօր էլ ընկերության համբավն աճում է շնորհիվ գովազդի մեջ ներդրվող ահռելի գումարների: Միայն 2018թ. MIXIT-ը գովազդի վրա ծախսել է 0,5 միլիարդ ռուբլի:

Իսկ այս շարքում կայի՞ն բրենդներ, որոնց ռուսական լինելու մասին դուք էլ չգիտեիք: Կիսվե՛ք մեզ հետ ձեր կարծիքներով ու նոր գաղափարներով:
Եթե հետաքրքրված եք բրենդներով, մենք ևս մի հետաքրքիր բլոգ ունենք ձեզ համար պատրաստած՝ «10 բրենդի անուն, որ վերածվել են առարկաների անվան»:


Իսկ մենք հիշեցնում ենք, որ Բրենդոնն արդեն 6 տարի է՝ զբաղվում է բրենդինգով, ուստի կարող եք ձեր բրենդի ստեղծումը կամ ռեբրենդինգը վստահել հենց մեզ. հետաքրքրե՞ց, ծանոթացե՛ք նաև մեր կողմից արված աշխատանքներին: