Վաղն իրական իրադարձություն է Apple-ի ու տեխնիկայի աշխարհով հետաքրքրված մարդկանց համար, քանի որ Apple-ը պաշտոնապես հայտարարել է նոր սմարթֆոնների պրեզենտացիայի օրը: Համաձայն սպասումների՝ սեպտեմբերի 10-ին՝ Երևանի ժամով 20:00-ին Կալիֆորնիայում՝ «Սթիվ Ջոբսի թատրոնում» կթողարկվի 3 սմարթֆոն՝ iPhone 11, iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max:
Կա հավանականություն, որ հանրությանը կներկայացվի նաև iOS 13 թարմացումը:
Այս մասին առավել մանրամասն տեղեկատվություն հայտնվեց այն բանից հետո, երբ Twitter-ի օգտատեր AppleBeta2019-ը կայքում հրապարակեց մի ֆայլ, որում ներկայացվում են ապագա iPhone 11-երի առանձնահատկությունները: Դրանց կարող եք ծանոթանալ նկարում՝
Բոլոր 3 մոդելներն աշխատելու են iOS 13.1 օպերացիոն համակարգով ու վաճառքի կհանվեն սեպտեմբերի 27-ից: Ըստ չինական աղբյուրների տվյալների՝ բոլոր նորույթներն ունենալու են Face ID, բայց դադարելու են աշխատել
3D Touch-ով: Նրանք ունենալու են 12 մեգապիքսել հզորությամբ դիմացի տեսախցիկ՝ հրաշալի նորություն սելֆիի սիրահարների համար: Սարքերը կունենան նաև անլար լիցքավորման հնարավորություն: Ամենապարզ մոդելը՝ iPhone 11-ը, կարժենա $749, iPhone 11 Pro-ի գինը կսկսվի $999-ից, իսկ iPhone 11 Pro Max տարբերակը կարժենա $1099: Գները կփոխվեն՝ կախված սարքերի հիշողության չափից:
Դե ինչ, մեկ օր անց մենք արդեն հստակ կիմանանք՝ ինչ է այս տարի մեզ համար պատրաստել այս գերընկերությունը, իսկ մինչ այդ մեզ մնում են միայն նմանատիպ ոչ պաշտոնական տեղեկությունները:
Եթե այս բրենդի սիրահար եք, անպայման ընթերցե՛ք նաև մեր պատրաստած մյուս նյութը՝ «Apple-ի ամենաշատ վաճառված ապրանքները 2019-ի ընթացքում», ու սպասենք նոր մոդելների գրանցած առաջընթացին: