WhatsApp-ում թարմացումներ կան. ևս մի քանի օգտակար ֆունկցիա

Մրցակցությունը ստիպում է Messenger-ներին անընդհատ հանդես գալ նորամուծություններով, և WhatsApp-ը ևս հետ չի կարող մնալ: Նշվելիք ֆունկցիաները դեռևս ներ չեն դրվել, սակայն մոտակա ժամանակներս արդեն կգործարկվեն:

Թարմացումները, որի վրա այժմ աշխատանքներ են տարվում, անվանվել են «Forwarding Info» (տեղեկատվություն, որը փոխանցվել է) և «Frequently Forwarded» (նամակներ, որոնք հաճախ են վերահասցեավորվում):

Առաջին դեպքում խոսքը գնում է այն հնարավորության մասին, որը թույլ է տալիս օգտատիրոջն իմանալ, թե քանի անգամ է վերաուղարկվել իր ուղարկած նամակը: Այս տեղեկությանը հնարավոր կլինի ծանոթանալ «Տեղեկություն նամակի մասին» բաժնից, որը էկրանի վերևում հայտնվում է այն ժամանակ, երբ սեղմած պահում եք արդեն եկած նամակի վրա:

Այս հնարավորությունը հասանելի կլինի միայն այն նամակների համար, որոնք ինքներդ եք ուղարկել: Իսկ եթե օգտատերը ցանկանում է տեսնել, թե իրեն ուղարկված նամակը քանի անգամ է վերահասցեավորվել, նա ստիպված կլինի ինքն ուղարկել այն այլ մարդու (այդ թվում ինքն իրեն): Իսկ վերահասցեավորման քանակի ստուգումը կրկին կկատարվի վերը նշված եղանակով:

Երկրորդ ֆունկցիան թույլ կտա հաղորդագրության կողքին հատուկ նշան տեղադրել, որը ցույց կտա, որ տվյալ նամակը հաճախ է վերաուղարկվում, եթե դա տեղի է ունեցել 4 և ավելի անգամ:

Նորույթները հայտնվել են WhatsApp-ի բետա  տարբերակներում 2.19.80 տարբերակի Android-ների համար, իսկ բոլորին հասանելի կլինեն միայն թեստավորումը հաջող անցնելուց հետո:

Իսկ Viber-ի ամենավերջին նորույթին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղմամբ: