Ինչպես տարբերակել հավաստի տեղեկատվությունը

Ստեղծված իրավիճակում խիստ կարևոր է պահպանել հանգստություն ու լինել զգոն՝ զերծ մնալով ապատեղեկատվությունից և սադրանքներից։ Թշնամու կողմից կիբերհարձակումները, տեղեկատվական պայքարն ու տեղական լրատվամիջոցների կողմից իրականացվող քաղաքական սադրանքներն ու ուղղորդումները ստեղծվեւմ են բարդ պայմաններ քաղաքացիների համար․ ավելի ու ավելի դժվար է դառնում տեղեկատվական մեծ հոսքի պայմաններում կողմնորոշվելը։ Բրենդոնի այսօրվա բլոգում կներկայացնենք տեղեկատվությունն ապատեղեկատվությունից տարբերակելու մի քանի մեթոդ։ 

Երբեմն համացանցում ի հայտ են գալիս չափից դուրս «ճչացող» գրություններ, որոնց հիմնական նպատակն է հանրության լայն շրջանակներում խուճապ և տագնապ առաջացնել, տարածել կեղծ և հստակ նպատակներ հետապնդող տեղեկատվություն: Նման հաղորդագրությունների տարբերակիչները գտնելու համար անհրաժեշտ է՝

  1. Արհամարհել միայն ՄԵԾԱՏԱՌԵՐՈՎ ԳՐՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ:
  2. Խուսափել ակնառու կերպով photoshop-ի ենթարկված նկարներից:
  3. Ուշադիր ընթերցել տեքստը․ շատ ուղղագրական սխալներն ու հայերենին խորթ շարահյուսական կառույցները վկայում են նյութի կեղծ լինելու մասին: Հաճախ նման տեքստերը հրապարակվում են թշնամական աղբյուրների կողմից։
  4. Ստուգել դոմենի/կայքի իսկությունը․ թշնամին հաճախ ավելորդ և երբեմն անտեսանելի տառեր է ավելացնում մեզ ծանոթ կայքի հասցեի մեջ՝ ստեղծելով կայքի կեղծ կլոն տարբերակը:
  5. Որևէ տեղեկություն կարդալիս փնտրել այն այլ աղբյուրներում ևս․ որքան շատ աղբյուրներ տարածեն նույն տեղեկությունը, այդքան ավելի շատ է իսկության հավանականությունը:
  6. Ուշադի՛ր ընթերցել տեքստի յուրաքանչյուր հատված․ Մի՛ սահմանափակվեք միայն ենթավերնագրերով: Վերջիններիս նպատակն է գրավել ընթերցողի ուշադրությունը և հուզական ուժեղ երանգ հաղորդել: Հաճախ պատահում է այնպես, որ վերամբարձ ենթավերնագրերի ներքո փուչ տեքստեր են՝ այլ բովանդակությամբ։
  7. Անգամ մի թեթև կասկած ունենալու դեպքում չկիսվել և չտարածել հաղորդագրությունը:

Եվ որ ամենակարևորն է

 Երբեք մի ընթերցեք թշնամական աղբյուրներում ներկայացված տեղեկատվությունը
Սոց․ հարթակների ստատիստիկան հնարավորություն է տալիս բացահայտել, թե որտեղից են ընթերցում հոդվածները, ուստի ադրբեջանական աղբյուրների հեղինակները տեսնում են, թե որքան մարդ է Հայաստանից հետևում իրենց։ Թշնամին կանխամտածված կերպով տարածում է այնպիսի նյութեր, որոնք ոգևորում են իրենց բնակչությանը և խուճապ տարածում հայերի շրջանում։ Բազմիցս ապացուցվել է, որ ադրբեջանական աղբյուրներում տարածվում են հին հոլովակներ/նկարներ, նույնիսկ անպիսիք, որոնք նկարված են միանգամայն այլ երկրներում։

 Մի հետևեք և մի տարածեք հասարակ օգտատերերի կողմից հրապարակված ինֆորմացիան
Երբեք հնարավոր չէ պարզել, թե ով է գտնվում էկրանից այն կողմ և ինչ նպատակ է հետապնդում։ Շատ հաճախ մարդկանց հաշիվները կոտրվում են հաքերների կողմից, և վերջիններս տարածում են խուճապ առաջացնող հոդվածներ և լուրեր։ Իսկ երբեմն հրապարակումների նպատակն ուշադրություն գրավելն է, քանի որ մարդիկ չեն գիտակցում իրենց հրապարակումների ազդեցությունն ու հետևանքները։

Մի տարածեք անհայտ կորած երեխաների կամ մեծահասակների նկարները, քանի որ ադրբեջանական աղբյուրները կարող են օգտագործել դրանք այլ նպատակներով։

Ցանկացած հրապարակումից առաջ մտածեք դրա հետևանքների մասին։

Համացանցը օր օրի ավելի ու ավելի է ընդլայնվում: Կասկածելի աղբյուրներից եկող տեղեկությունները խուճապ և տագնապ են սփռում հանրության լայն շրջանակներում: Ուստի անհրաժեշտ է պահպանել զգոնությունն ու սառնասրտությունը ոչ միայն ճգնաժամային իրավիճակներում, այլև խաղաղ պայմաններում: Հետևե՛նք միայն վստահելի և պաշտոնական լրահոսին, տարածե՛նք միայն ստուգված տեղեկություն: Մնացեք Բրենդոնի հետ։