Առաջին հայացքից ցանկացած հաստատությունում երաժշտության ընտրության հարցը շատ պարզ է թվում՝ ընտրում ես տվյալ ամսվա թոփ 50 հիթերը, կազմում ես երգացանկ և միացնում: Իրականում սա խիստ բացասաբար կանդրադառնա ցանկացած հաստատության «երաժշտական դեմքի» վրա՝ վանելով այցելուներին:
Հիմա շուկան այնքան է լցված տարբեր առաջարկներով, որ միայն բարձր որակ կամ ցածր գին առաջարկելով հաղթանակդ չես ապահովի: Հարկավոր է նախ գրավել այցելուի ուշադրությունը, այնուհետև անել ամեն ինչ այն պահելու համար: Այստեղ միանում է նեյրոմարքեթինգը:
Հիմա մարդկանց գրավել մաքուր խոհանոցով, պրոֆեսիոնալ խոհարարով կամ հետաքրքիր ճաշացանկով չեք կարողանա, քանի որ դրանք դարձել են սովորական: Այստեղ առաջին պլան է մղվում մթնոլորտը: Ընտրելով էլիտար հաստատություն՝ մարդ ցանկանում է ոչ միայն համեղ ուտեստներ, այլև հաճելի ժամանց ու երաժշտություն:
Համաձայն շվեդ մարքեթոլոգների՝ լավ երաժշտությունը կարող է մեծացնել ռեստորանի շահութաբերությունը 10%-ով, ուստի եթե չեք կարող համապատասխան երաժշտություն ապահովել, ավելի լավ է ոչինչ չմիացնեք
Ինչպե՞ս չսխալվել: Ոսկյա կանոններ
Նախ նշենք, որ չկա մի այնպիսի երաժշտություն, որը կհամապատասխանի բոլոր հաստատություններին, ուստի պետք է փորձեք գտնել ձերը՝ հիմնվելով հետևյալ կետերի վրա:
• Հիմնվում ենք հաստատության տեսակի վրա: «Թանկարժեք» կենդանի երաժշտությունն ավտոմատ մենյուն ավելի գրավիչ է դարձնում, իսկ փոփ երաժշտությունն ավտոմատ ջնջում է շեֆ խոհարարի համբավը: Էլիտար ռեստորանին համապատասխանում է ջազը, իսկ, օրինակ, ռոք-բարին՝ ցանկացած տեսակի ռոք երաժշտություն:
• Պահպանում ենք կորպորատիվ ոճը: Պետք է ունենալ սեփական իմիջն անգամ ֆոնային երաժշտության մեջ: Շատերն են ձգտում անգամ երաժշտության մակարդակով բիզնեսը դարձնել ճանաչելի:
• Սա հայտնի հնարք է՝ որքան շատ այցելու կա հաստատությունում, այնքան դինամիկ երաժշտությունը կօգնի, որ նրանք ավեկի շուտ հեռանան: Սա հաճախ օգտագործվում է արագ սննդի կետերում, մարդաշատ սրճարաններում հատկապես ընդմիջման ժամերին:
• Եթե հյուրերի շրջանում շատ են միայնակ մարդիկ, ապա կարելի է բարձրացնել երաժշտության ձայնը: Երբ գերակշռում են ընտանիքները, պետք է հաշվի առնել, որ նրանք նախընտրում են միմյանց հետ շփվել, ուստի պետք էերաժշտությունը ցածր լինի, երբեմն նաև անջատված:
• Պետք է ունենալ մի քանի երգացանկ, որպեսզի նախ դրանք ըստ իրավիճակի փոփոխելու հնարավորություն լինի, բացի այդ՝ եթե ունենաք մշտական հաճախորդներ, նրանց հաստատ դուր չի գա անընդհատ կրկնվող երաժշտությունը:
• Կարելի է նախապես կազմակերպել թեմատիկ երեկոներ և բենդների ելույթներ: Այս միջոցառումների մուտքը կարող է վճարովի լինել, որպեսզի հաստատությունում մնան միայն թիրախային այցելուները:
Կարևոր է մտածել նաև լիցենզիայի մասին, հատկապես եթե աշխատում եք արտասահմանում: Կան կատարողներ, որոնց ստեղծագործությունները պաշտպանված են հեղինակային իրավունքներով, և դրանք կխախտվեն, եթե առանց որևէ թույլտվության սրահում միացվի երաժշությունը: Սա կարող է սպառնալ հաստատության սեփականատիրոջն ինչպես տուգանքով, այնպես էլ մինչև 2 տարվա ազատազրկմամբ:
Հուսով ենք՝ այս խորհուրդները կօգնեն հասկանալ՝ ինչպիսի երաժշտական մթնոլորտ ստեղծել Ձեր հաստատությունում, որպեսզի այցելուները հնարավորինս երկար մնան և չհոգնեն: Իսկ մենք խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև մեր նախորդ նյութերից մեկը՝ «12 քայլ, որ ոչնչացնում են բրենդը»: