Facebook-ը օգտատերերին կտա նորությունների ցուցակը լրիվ կառավարելու հնարավորություն

Նորությունների էջում ձեզ հաստատ հանդիպում են այնպիսի նյութեր, որոնք դուք չէիք ցանկանա տեսնել: Ուստի հարթակը առաջարկում է նորամուծություն՝ կարգավորել   newsfeed-ի պարունակությունն առանց այնտեղից դուրս գալու:

Ֆունկցիան կոչվում է «Ինչու՞ եմ ես տեսնում այս հրապարակումը» և դրա հիմնական նպատակն է օգնել օգտատերերին ստանալ միայն իրենց համար հետաքրքիր ու օգտակար տեղեկատվություն առանց նորությունների ցանկից հեռանալու ու հասկանալ, թե ինչի հիման վրա է տվյալ հրապարակումը հայտնվել ձեր էջում:

Ֆունկցիան ակտիվացնելու համար հրապարակման վերին աջ անկյունին սեղմելով՝ կտեսնեք նոր պատուհան, որում կնշվի պատճառը, թե ինչու է տվյալ հրապարակումը ցուցադրվում ձեր էջում և ինչ գործոններ են դրա վրա ազդել: Այստեղից օգտատերը կարող է ընտրել հետևյալ տարբերակներից մեկը՝

  • Ցուցադրման առաջնայնություն
  • Բաժանորդագրման դադարեցում
  • Նորությունների ցուցակի կարգավորումներ
  • Գաղտնիության արագ կարգավորումներ

 

Շնորհիվ այս կարգավորման դուք կկարողանակ տվյալ ոճի հրապարակումներին տալ առաջնայնություն կամ ընդհանրապես հրաժարվել դրանցից:

Այս ֆունկցիան թարմացվել է նաև գովազդային ոլորտում: Ինչպես հայտնի է, գովազդատուն կարող է թիրախավորել հաճախորդին՝  օգտագործելով էլեկտրոնային փոստը, հեռախոսահամարը, ժողովրդագրական տվյալները, հետաքրքրությունները, web պատմությունը և այլն:  Տվյալ պարագայում օգտատերը կկարողանա հասկանալ, թե ինչի հիման վրա է հենց ինքը թիրախ հանդիսացել տվյալ գովազդի ցուցադրման համար՝ կրկին սեղմելով նույն կոճակը գովադի վերին աջ անկյունում:

Իսկ Facebook Messenger-ի վերջին թարմացումներին ծանոթանալու համար կարող եք անցնել այս հղմամբ՝ ընթերցելու մեր բլոգը: