Facebook-ը կզգուշացնի, որ դուք պատրաստվում եք կիսվել հնացած նյութով

Շատ հաճախ ապատեղեկատվությունը տարածվում է սոցկայքերի միջոցով, ու երբեմն դրա պատճառը լինում է այն, որ մարդիկ սկսում են կիսվել արդեն հնացած նյութերով: Օրինակ՝ երբ ամիսներ առաջ կորած և գտնված երեխայի հրապարակումներով մարդիկ սկսում են կիսվել, դա բերում է անհանգստությունների նոր ալիքի: Եվ այսպես ցանկացած ոլորտի նորության ուշ տարածումը կարող է բերել բացասական հետևանքների:

Ֆեյսբուքը սկսում է գործարկել իր նոր թարմացումը՝ օգտատերերը կզգուշացվեն, որ պատրաստվում են կիսվել հին նյութով: Երբ մարդը կցանկանա կիսվել այնպիսի հրապարակմամբ, որը արվել է ավելի քան 90 օր առաջ, սոցկայքը կզգուշացնի, որ տվյալ կոնտենտը հնացած է:  

Facebook-ն իր բլոգում հայտնել է, որ այս քայլով նրանք ցանկանում են օգնել օգտատերերին ընդունել ավելի հիմնավորված որոշումներ` փորձելով հասկանալ՝ արժե արդյոք կիսվել տվյալ նյութով:  

Ֆեյսբուքի ներկայացուցիչը նշել է՝ ինչպես ցույց են տվել նրանց ներքին հետազոտությունները՝ հոդվածի ակտուալությունը կոնտեքստի կարևոր մասն է, որն օգնում է մարդկանց հասկանալ՝ ինչ կարդալ, ինչի վրա ժամանակ վատնել և ինչը համարել արժանահավատ:

Սոցկայքն ավելացնում է, որ հատկապես լրատվական էջերին անհանգստացնում է այն, որ օգտատերերը կիսվում են իրենց նյութփերով, որոնք արդեն ակտուալ չեն, բայց մարդկանց կողմից ընկալվում են որպես թարմ նյութ:  

Հիշեցնենք, որ Ֆեյսբուքը վերջերս ևս մի նորարարությամբ էր հանդես եկել, որի մասին կարող եք իմանալ՝ ընթերցելով մեր նախորդ նյութերից մեկը՝ Facebook-ը թեստավորում է Վիկիպեդիայի բլոկի տեղադրումը որոնման մեջ: