"I LOVE NY" լոգոտիպը հաստատ ձեզ հանդիպած կլինի շապիկների, բաժակների, պաստառների վրա, ու ինչպես ցանկացած լոգոտիպ, համաշխարհային տարածում ունեցող այս գրվածքը ևս ունի իր պատմությունը: Այսօրվա բլոգը նվիրված է այս լոգոտիպի մասին փաստերի ներկայացմանը:
1.Այն ստեղծվեց Նյու Յորքը տուրիզմի մակարդակի անկումից փրկելու համար այն ժամանակ, երբ որևէ կարևոր գործոն չկար, որը կստիպեր սիրել այս քաղաքը: 20-րդ դարի 70-ականներին Նյու Յորքը հայտնի էր միայն թմրամոլներով և հանցագործներով, և նույնիսկ ոչ ֆորմալ այն կոչում էին «Վախի քաղաք»:
2. Լոգոյում գրված է NY, ոչ թե NYC (New York City), քանի որ նպատակը ոչ թե միայն քաղաքում, այլ ողջ նահանգում տուրիզմի ակտիվացումն էր:
3. “I Love New York” լոգոտիպի ստեղծող "Wells Rich Greene" գործակալության հիմնադիրն ու ղեկավարը կին էր՝ Մերի Լոուրենսը, որը մինչ 1969թ. համարվում էր գովազդային ասպարեզում ամենաբարձր վարձատրվող մասնագետը:
4. Լոգոտիպի ստեղծումը հանձնարարված է եղել գովազդային ասպարեզում նորեկ գրաֆիկական դիզայներ Միլթոն Գլեյսերին: Նրա հենց առաջին գովազդային գործը դարձավ աշխարհահռչակ: Իհարկե, Բոբ Դիլանի գրքերի ու սկավառակների համար նրա արած նկարազարդումներն արդեն հայտնի էր, բայց հենց գովազդի ասպարեզում սա նրա առաջին փորձն էր:
5. Լոգոտիպի նոր տարբերակը նրա կողմից մշակվեց սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո՝ գրվածքը փոխելով "I Love New York More Than Ever"-ի՝ «Ես սիրում եմ Նյու Յորքն ինչպես երբեք» և վերցնելով այն բարակ սև օղակի մեջ:
6. Լոգոտիպը Գլեյսերի կողմից ստեղծվել է տաքսու մեջ, և մինչ օրս դրա նախատիպը պահվում է Ժամանակակից արվեստի թանգարանում: Այս լոգոն տարեկան բերում է մոտ 30 000 000 դոլար եկամուտ և դրանով զարդարված ապրանքները ենթակա չեն հարկման:
7. Որպես “I Love New York” գովազդային արշավի ամբողջացում՝ կոմպոզիտոր Սթիվ Կարմենի կողմից ստեղծվեց համանուն երգը, որը 1980թ.դարձավ այս նահանգի հիմնը: Կոմպոզիտորը, հետևելով Գլեյսերի օրինակին և դրսևորելով ալտրուիզմ, երգի օգտագործման իրավունքը հանձնեց առանց որևէ վճարի:
8. Ի սկզբանե լոգոյի միտք չի եղել: 1977թ. մեկնարկած արշավը ներառում էր միայն կարգախոս ու երգ, և հեռուստատեսությունում ամենահայտնի աստղերի մասնակցությամբ հոլովակները պտտվում էին մինչ Գլեյսերի ի հայտ գալը:
Այսքանն էինք պատրաստել Նյու Յորքի հայտնի լոգոտիպի մասին, իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ դիզայներական լուծումների, որոնք ցանկացած քաղաք անճանաչելիորեն կփոխեն, անպայման խորհուրդ ենք տալիս սեղմել այս հղմանն ու ընթերցել նաև այդ նյութը: