7 տարածված սխալ պատկերացումները սոցիալ մեդիայի մասին

Սոցիալական ցանցերի զարգացմանը զուգահեռ աճում է դրանց մասին առասպելների թիվը: Մենք կուրորեն վստահում ենք սոցիալ մեդիա մարքեթինգի ոլորտի ինքնակոչ փորձագետների կարծիքին՝ առանց տեղեկատվության իսկությունը ստուգելու: Արդյունքում մենք վատնում ենք մեր ժամանակը և զիջում ենք մեր դիրքերը մրցակիցներին, որոնք ավելի սթափ են դատում, քան մենք:

Ժամանակն է վերջ դնել այս առասպելներին, որոնք մեզ վնաս են պատճառում: Մենք կանդրանդառնանք սոցիալ մեդիայի մասին և տարածված սխալ պատկերացումներին:

1. « Դուք պետք է լինեք բոլոր սոցիալական կայքերում »:

Այսօր գոյություն ունեն մեծ թվով վեբ-կայքեր, որոնք կարող ենք վերագրել սոցիալ մեդիային: Չափազանց դժվար է միաժամանակ խթանել ձեր արտադրանքն ու ծառայությունները բոլոր սոցիալական ցանցերում: Հետևաբար, դուք պետք է ընտրեք մեկ կամ երկու սոցիալական կայքեր, որոնք առավել օպտիմալ են ձեր բիզնեսի համար, և ձեր մարքեթինգային ջանքերը կենտրոնացնել հենց նրանց վրա: Օրինակ՝, եթե դուք զբաղվում եք B2B վաճառքով, ապա ձեզ ավելի շատ համապատասխանում է LinkedIn-ը, այլ ոչ թե Facebook-ը:

2. « Սոցիալ մեդիա մարքեթինգից գլուխ կհանի ավագ դպրոցի ցանկացած աշակերտ »:

Նույնիսկ եթե ձեր երեխան լավ ծանոթ է սոցիալական ցանցերին, դա դեռ չի նշանակում, որ նա կկարողանա հաղթահարել SMM-ը: Ի վերջո, դուք չեք վստահում նրան ֆինանսական հաշվետվությունների պատրաստումը միայն այն պատճառով, որ նա գիտի, թե ինչպես պետք է օգտվել հաշվիչից: Հետևաբար, ձեր SMM ռազմավարության իրականացումը չպետք է վստահել անփորձ մարդու:

3. « Իմ հաճախորդները չեն օգտվում սոցիալական լրատվամիջոցներից »:

Իրականում ամեն բան ճիշտ հակառակն է: Գիտե՞ք, որ Facebool-ում գրանցված են ավելի քան 1 միլիարդ, Twitter-ում՝ ավելի քան 500 միլիոն, LinkedIn-ում՝ ավելի քան 250 միլիոն օգտատեր: Միամտություն կլինի հավատալը, որ ձեր հաճախորդները չեն օգտվում առնվազն մեկ սոցիալական կայքից: Ամենակարևորը հասկանալ, թե որ սոցիալական պլատֆորմով կարող եք ազդել ձեր հաճախորդների վրա, ինչպես նաև հասկանալ, թե նրանց ինչ օգուտներ կարող եք տալ:

4. « Տեղեկացրեք ձեր առաջարկների մասին LinkedIn կայքի խմբերում»:

Սպամը լայն տարածում ունի LinkedIn-ում, հատկապես այն խմբերում, որոնք օգտագործվում են գովազդի նպատակով: Դուք կարող եք առանձնանալ այլ օգտատերերից խմբերում տեղադրելով օգտակար նյութեր՝ վիդեոներ, պոստեր, որոնց մեջ կա գործողության կոչ: Այդ կերպ կայքի այցելուների մոտ ցանկություն կառաջանա ուսումնասիրել ձեր էջը կամ ծառայությունները ավելի մանրամասն: LinkedIn կայքի խմբերը օգտագործեք ոչ թե ինքնագովազդի համար, այլ ձեր պոտենցիալ հաճախորդների խնդիրների լուծման համար, և ամեն ինչ ձեզ հարյուրապատիկ կվերադառնա:

5. « Բավական է էջեր բացել սոցիալական կայքերում, և հաճախորդները իրենք իրենց կհայտնվեն»:

Իրականում ամեն ինչ կարող է ստացվել այլ կերպ: Նունիսկ եթե դուք կանոնավոր կերպով գրառումներ եք անում մի քանի տարի շարունակ, չկա որևէ երաշխիք, որ ձեր ընթերցողները կդառնան իրական հաճախորդներ: Պետք է մտածել և ռազմավարություն մշակել: Ստեղծեք որակյալ կոնտենտ, որն օպտիմիզացված է որոնման համար և միևնույն ժամանակ հաշվի է առնում ձեր թիրախային հաճախորդների պահանջները: Այդ դեպքում նրանք կհետաքրքրվեն ձեր արտադրանքով և ծառայություններով և կցանկանան դրանք ուսումնասիրել ավելի մանրամասն:

6. « Սոցիալ մեդիան շատ ավելի արդյունավետ է, քան էլեկտրոնային փոստը»:

Custora ընկերության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ էլեկտրոնային փոստը դեռևս գերազանցում է սոցիալ մեդիային առցանց հաճախորդների վրա ազդելու տեսանկյունից: Պարզվեց, որ վերջին չորս տարիների ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով ներգրավված հաճախորդների թիվը կրկնապատկվել է: Վիճակագրության համաձայն 94%-ը օգտվում է էլեկտրոնային փոստից, հաղորդագրություններ ուղարկելու և դիտելու համար: Անկախ տարիքից՝ օգտատերերի մեծամասնությունը նախընտրում է մարքեթինգային առաջարկներ ստանալ էլեկտրոնային փոստով: Այս առումով էլեկտրոնային փոստին հավասարը չկա: ExactTarget ընկերությունը անցկացրեց նմանատիպ ուսումնասիրություն, որին մասնակցում էին 15 տարեկանից բարձր 1500 ամերիկացիներ: Նրանց հարցրեցին թե ինչ տարբերակով են նախընտրում ստանալ գովազդային հաղորդագրություններ: Արդյունքում՝ հարցվածների 77%-ը ընտրել էր էլ. փոստը, ինչը զգալիորեն գերազանցում էր բոլոր մյուս տարբերակներին: Ի՞նչ է ստացվում: Որ պետք չէ ամբողջովին հրաժարվել սոցիալ մեդիայից:

7. « SMM-ը ավելի կարևոր է, քան SEO-ն»:

Պետք չէ հակադրել սոցիալական ցանցերում մարքեթինգը SEO-ին, մեկը մյուսին չի խանգարում: Որոնման համակարգի օպտիմալացումը մինչ այսօր պահանջարկ ունի: Ըստ Marketing Sherpa ընկերության տվյալների, մոտ 134 միլիոն ամերիկացիներ ինտերնետում անհրաժեշտ տեղեկություն գտնելու համար պարբերաբար օգտագործում են որոնման համակարգերը: SEO-Ն որոնման համակարգերում որակյալ կոնտենտի խթանման գիտություն և արվեստ է: Շնորհիվ որոնման օպտիմալացման, ձեր կենտենտը դառնում է ավելի տեսանելի ինտերնետ օգտագործողների համար: Ինչ վերաբերվում է սոցիալական ցանցերին, դրանք իրենցից ներկայացնում են ձեր կոնտենտի տարածման համար հարթակներ և կարող են ապահովել լրացուցիչ տրաֆիկ ձեր կայքին: Բացի այդ ժամանակակից որոնման համակարգերի օպտիմալացումը ուղղված է կայքերի կոնտենտի շարունակական բարելավմանը, որպեսզի այն լինի նույնքան գրավիչ և՛ հաճախորդների, և՛ որոնման համակարգերի համար:

 

Ամփոփում:

Այսպիսով՝ մենք դիտարկեցինք մի քանի առասպելներ սոցիալ մեդիայի մասին, որոնք ձեր բիզնեսի համար լուրջ վտանգ են ներկայացնում: Հաջորդ անգամ, երբ լսեք փորձագետների առաջարկությունները սոցիալական կայքերում, պետք չէ դրանք որպես ուղեցույց ընդունել: Ավելի լավ է մեկ անգամ ևս ստուգել՝ արդյո՞ք նրանք ճիշտ են ասում, քան ստիպված լինեք կարգի բերել չհաջողված մարքեթինգային ռազմավարության հետևանքները: