Squid Game. ո՞րն է այս սերիալի ֆենոմենը

Երևի վերջին օրերին չմնացին մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ չեն լսել Squid Game-ի մասին կամ չեն տեսել հատվածներ այս հեռուստասերիալից: Այն արագ տեմպերով տարածվեց ամբողջ աշխարհում և այս պահի դրությամբ 90-ից ավել երկրում ամենաշատը դիտվածն է: Ի՞նչը դարձավ այս հայտնության շարժիչ ուժը, կքննարկենք այսօրվա Բրենդոնի բլոգում:

Հարավային Կորեայում նկարահանված և սեպտեմբերի 17-ին հրապարակվան սերիալն այս ընթացքում չի իջնում Netflix-ի թոփից և այս միտումը չի շրջանցել նաև Հայաստանը: Ավելին՝ ակնկալվում է, որ Squid Game-ը կդառնա ամենահայտնի ոչ անգլալեզու սերիալը Netflix-ի ողջ պատմության մեջ ու անգամ կանցնի մի շարք խոշոր բրիտանական և ամերիկյան մրցակիցներից:  

Այս սերիալի սյուժեի հեղինակ և ռեժիսոր Խվան Դոն Խեկը 12 տարի շարունակ հովանավոր է փնտրել նախագծի իրագործման համար, և վերջիվերջո կարողացել է էկրաններին հանձնել Հարավային Կորեայում երեխաների շրջանում հայտնի խաղի հիմքի վրա կառուցված պատմությունը:  

9 սերիաների ընթացքում հուսահատության եզրին գտնվող, պարտքերի մեջ խրված 456 մասնակից կամավոր կերպով մասնակցում է մահաբեր խաղին՝ ակնկալելով ստանալ գլխավոր մրցանակը՝ 46,5 միլիարդ վոն, որը համարժեք է մոտ 40 միլիոն ԱՄՆ դոլարի: Կյանքի և մահվան պայքարի ու դեպի ապահովված կյանք տանող ճանապարհին մասնակիցները բացահայտում են իրենց բնավորության թաքնված գծերը՝ միամտություն, դաժանություն, անազնվություն, խորամանկություն: Ամենամեծ խնդիրն այն է, որ հաղթող կարող է ճանաչվել միայն մեկը, իսկ մնացածը մահանալու են:

 

Ի՞նչն է գրավում Squid Game-ի հանդիսատեսին

 

Պատճառ № 1 - պատմական ֆոն

Ինչպես կորեական դրամաների մեծ մասը, Squid Game-ը ևս անդրադառնում է սոցիալական անհավասարությանը և հասարակության դաժանությանը: Աղքատների հալածանքը և մեծահարուստների անհոգ կյանքը Կորեայում ցավոտ խնդիր է եղել 20-րդ դարի մեծ մասի ընթացքում՝ գաղութացում, պատերազմ, ֆինանսական ճգնաժամեր: Ազգային հոգեբանության վրա մնացած այս խորը հետքը դարձավ սերիալի նախնական տարածման պատճառներից մեկը:

Պատճառ № 2 - կապ իրականության հետ

Ամբողջ աշխարհում մարդիկ կախվածություն ունեն խաղային շոուներից՝ սկսած վիկտորինաներից, որոնցում հարկավոր է պատասխանել հաղորդավարի հարցերին կամ կատարել հանձնարարությունները և շահել մրցանակ կամ գումար: Առաջին օրվա առավոտը Squid Game-ի մասնակիցների համար սկսվում է Յոզեֆ Գայդենի հնչյունների ներքո, որը նախկինում եղել է Կորեայում հայտնի հեռուստաշոուներից մեկի ուղեկցող երաժշտությունը:

Պատճառ № 3 – տեսարաններ

Կորեայում տարածված չէ կինեմատոգրաֆիայում բռնության տեսարանների ցուցադրությունը: Հոլիվուդը վաղուց դաժան կռիվների և սպանությունների տեսարաններ է օգտագործում՝ համարելով դրանք սպասման ու անհանգստության զգացումներ առաջացնող ամենաէական գործոնները: Կորեական ֆիլմերին այս հնարքը բնորոշ չէ. նման մոտեցում այստեղ ավելի քիչ է հանդիպում, ուստի սկզբնական տարածման մեջ այդ տեսարանները դեր ունեցան:

Պատճառ № 4 - էսթետիկա

Այս ֆիլմում այնքան շատ են գույներն ու վառ պատկերները, որ հաճախ զուգահեռներ են անցկացվում «Չառլին և շոկոլադե ֆաբրիկան» ֆիլմի կադրերի հետ: Հսկողներին նմանեցնում են ֆիլմի հերոս ումպա-լումպներին, իսկ մասնակիցների հանրակացարանը՝ Վիլլի Վոնկայի գործարանի սենյակներից մեկին: Հսկողների հանդերձանքն այնքան է տպավորվել հանդիսատեսի շրջանում, որ ամբողջ ԱլիԷքսպրեսսը լցված է նրանց հագուստով և դիմակներով, իսկ պատվերների թվերը ժամ ժամի աճում են: Մարդիկ փնտրում են կանաչ սպորտային հագուստ, խաղերի թխվածքաբլիթներից, ապակե գնդիկներից, փորձում ինքնուրույն կազմակերպել խաղերը և այլն: Ահռելի խաղասրահներն իրական են, ոչինչ չի խնայվել հանդիսատեսին հնարավորինս շատ էմոցիա փոխանցելու համար: Շեշտ է դրված նաև վիզուալ էֆեկտների վրա, ինչը ոմանց կողմից քննադատության է արժանանում:

Պատճառ № 5 - սոցցանցեր  

Տեսե՞լ եք՝ որքան մեմեր են ստեղծվել այս կարճ ժամանակահատվածում: TikTok-ը և Twitter-ը դարձան սերիալի համաշխարհային տարածման գլխավոր շարժիչ ուժերը: Այժմ անգամ 10 րոպե ՏիկՏոկում անցկացնելով՝ կտեսնեք գոնե 1 հոլովակ Squid Game-ի վերաբերյալ. ծերուկ Օ Իլ Նամը դարձել է կյանքի խորհրդանիշ, Dalgona Candy կոնֆետներն էլ խորհրդանշում են անիրագործելի աշխատանքը: Արդեն իսկ սպասվում է, որ Հելոուինին շատերը կընտրեն կերպարներ հենց այս հեռուստասերիալից:

 

Ի՞նչ կասեք, սա չափազանցված հա՞յփ է, թե՞ հեռուստասերիալն իսկապես արժանի է այսքան բուռն արձագանքի:  Ամեն դեպքում խոսքը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելու և դիպուկ կերպով հանրությանը ներկայանալու մասին է: Հենց նույն նպատակին է ուղղված մարքեթինգը, և եթե ցանկանում ես ժամանակին համընթաց քայլել և լինել իրազեկված ոլորտի նորություններից, Բրենդոնի հայալեզու բլոգը հենց այդ առաքելությունն ունի: Շտապի՛ր ծանոթանալ  նյութերին՝ անցնելով հղմամբ: