Յուրահատուկ մարքեթինգային լուծումներ սրճարանների համար

Սուրճի բիզնեսն այսօր ամբողջ աշխարհում համարվում է ամենամրցակցայիններից մեկը: Մարդը տարեկան կտրվածքով օգտագործում է ավելի քան 2 կգ սուրճ, որի զգալի մասը՝ սրճարաններում: Խոշոր քաղաքներով շրջելիս՝ ամեն քայլափոխի հանդիպում ենք սուրճի խանութներ, սրճարաններ, շրջիկ կետեր, որոնք գրեթե միշտ լիքն են հաճախորդներով, ուստի զարմանալի չէ, որ այս ոլորտում լուրջ է պետք վերաբերել մարքեթինգին՝ հաճախորդներին չկորցնելու համար:

Տեսնենք, թե ինչ հնարքներ են կիրառում արտադրողները մրցակիցներից տարբերվելու համար՝ ուսոմնասիրելով մի քանի Coffee shop-երի օրինակներ:

 Արդեն վաղուց շատ սրճարաններում հաճախորդներին գրավում են ձևավորված սուրճերով, որոնք մասնագետները զարդարում են ձեռքով: Բայց տեխնոլոգիան այստեղից էլ հեռու չմնաց, ու սկսեցին կիրառվել սուրճի վրա տպագրություն իրականացնող սարքեր, որոնք փրփուրին են կարողանում փոխանցել ցանկացած նկար: Սա, անվանական ու ձևավոր բաժակները, անվճար հյուրասիրությունները սուրճ պատվիրելու դեպքում արդեն նորություն չեն, և ընկերությունները ստիպված են անընդհատ նոր ու ավելի հետաքրքիր բան մտածել:

Analog Coffee, Կանադա

Այստեղ այցելուներին ոչ միայն ավանդական սրճեփներով պատրաստված սուրճ են առաջարկում, այլև պատմում են սուրճի ամենայուրահատուկ տեսակների, դրանց բովման եղանակների մասին: Սուրճ պատրաստողը՝ բարիստան, ոչ միայն սուրճ է առաջարկում, այլև պարբերաբար պատմում է պատմություններ ու անց կացնում համտեսներ: Իրենց գործում իրական պրոֆեսիոնալների շնորհիվ  այս հաստատությունը միշտ լեցուն է հաճախորդներով:


Coffee Collective, Կոպենհագեն

Առաջին հայացքից պարզ ու հասարակ թվացող այս հաստատությունը հայտնի է իր աշխատակիցներով: Նրանք իրենց գործում աշխարհի չեմպիոններ են (իսկապես այստեղ գործում են մրցույթներ, որոնց մասնակցում են աշխարհի տարբեր ծայրերում աշխատող մասնագետները), ու  հաստատության դիմաց հերթեր են գոյանում, քանի որ բոլորն ուզում են փորձել նրանց պատրաստած սերուցքով կապուչինոն կամ այլ հեղինակային ըմպելիքներ:


Drop Coffee Roasters, Ստոկհոլմ

Սա սրճարան-խանութ է, որտեղից հնարավոր է գնել ոչ միայն սուրճի ամենահազվագյուտ տեսակները, այլև դրա պատրաստման ու մատուցման համար անհրաժեշտ պարագաներ: Սրճարանի գլխավոր առաջարկը յուրահատուկ լատտեն է, որը շուրջ 20 րոպե պատրաստվում է, որպեսզի ստացվեն իդեալական հարթ շերտեր:

 


Blue Bottle Coffee, Օկլենդ

Այստեղ եփում են սառույցով սուրճ, որից հետո թողնում են, որ այն կես օր թրմվի: Բոլոր բաղադրիչներն օրգանական են: Սեփականատերերն ի սկզբանե ունեցել են նպատակ՝ գրավել և՛ առողջ սնունդով հետաքրքրվողներին, և՛  բուսակերներին, և՛ այն մարդկանց, ովքեր նախընտրում են հետաքրքիր նորամուծություններ: Սուրճը մատուցվում է տարօրինակ ձևերի սառույցներ պարունակող մեծ, թափանցիկ բաժակներով:

Իսկ եթե հետաքրքրված եք խմիչքների շշերի դիզայնով, սեղմելով այս հղմանը՝ կտեսնեք, թե ինչ հետաքրքիր լուծումներ են գտել ալկոհոլային խմիչքների արտադրողները սահմանափակ քանակությամբ արտադրված շերի վաճառքը խթանելու համար: