Երբ թվում է, թե բոլոր բիզնես գաղափարները սպառվել են, հայտնվում են մարդիկ, որոնք կարողանում են անմտություն թվացող միտքն այնպես ներկայացնել, որ դա վերջիվերջո վերածվում է հաջողված բիզնեսի:
Տարայով օդի վաճառք
«Օդից փող ստեղծել» ասվածն այստեղ տեղին է: Այս գաղափարը սկիզբ առավ Չինաստանում, որտեղ բազմաքանակ գործարանների աշխատանքի հետևանքով օդն օր օրի աղտոտվում է: Swiss Alpine Air ընկերությունը ևս կիրառեց այս միտքը՝ վաճառելով պահածոյացված ալպիական օդ: Այժմ տարածված է համաշխարհային աստղերի (օրինակ՝ Բեյոնսե, Ռիհաննա, Քանյե Ուեսթ) համերգների օդի վաճառքը:
Պահածոյացված էմոցիաներ
2004թ. Դանիայում սկիզբ առած այս նախագիծը ենթադրում է 8 եվրո արժեքով փոքր սրվակների մեջ խտացված էմոցիաների վաճառք: Սա խորհուրդ չի տրվում խմել, սակայն հոգեբանական առումով կա կարծիք, որ սեփական թերությունների ու վախերի ընդունումը դրանց հաղթահարման առաջին քայլն է: Վաճառվում են նաև բացասական էմոցիաներով սրվակներ, որոնք դնելով երևացող տեղում՝ մարդն, ըստ հեղինակի, անընդհատ կհիշի դրանց մասին ու կփորձի վերացնել:
Գրկախառնություններ
Եվրոպայում և ԱՄՆ-ում գրկախառնվելու հրավիրող մարդկանց հանդիպելն արդեն զարմանալի երևույթ չէ: Այսպիսի ծառայությունների վրա մասնագիտացած է The Snuggery ընկերությունը, որտեղ մեկ ժամ գրկախառնությունն արժե 60$, իսկ մեկ գիշերը՝ 425$: Գաղափարը սկիզբ է առել Ճապոնիայից, և որքան էլ անհեթեթ թվա, դրանից օգտվողները քիչ չեն:
Գովազդ գլխի վրա
Գովազդային դաջվածքների համար սեփական մարմնի օգտագործումը նորություն չէ, այս գաղափարը սկիզբ է առել ամերիկացի Բրենդոն Չիկոտսկու կատարմամբ: Նա որոշեց իր ճաղատ գլուխն օգտագործել գովազդային հայտարարությունների համար՝ մեկ ժամվա համար ստանալով 320$: Բրենդոնի կարծիքով իր բիզնեսը սոցիալական մարքեթինգի մի նոր՝ վերակենդանացման փուլ է ստեղծել, և որ այսպիսի գովազդը քաղաքի փողոցներում բավականին արդյունավետ է: Այժմ արդեն նա ունի զգալի թվով հետևորդներ, և եղել են մարդիկ, ովքեր գումարի դիմաց արել են նաև մշտական, չմաքրվող գովազդային դաջվածքներ:
Տոնածառի վերամշակում
Տոներից հետո բնական ամանորյա եղևնին պարզապես դեն են նետում, սակայն ստեղծվեց մի ընկերություն, որն այդ եղևնու փշերով կերակրում էր այծերին, ուստի նույնիսկ եթե չգիտեք՝ ինչ անել ծառի կամ դրա ճյուղերի հետ, կարող եք փորձել նաև հանձնել դրանք կենդանաբանական այգիներին, քանի որ դրանց մեծ մասը փշատերև ծառերն ընդունում է որպես կենդանիների կերակրանյութ:
Բաժանման բյուրո
Ծանություններ կազմակերպող հարթակների պակաս մեր օրերում չկա, իսկ The Breakup Shop-ը մտածեց, որ դրա հակառակը ևս կաշխատի, ու չսխալվեց: Այս ծառայությունը նախատեսված է նրանց համար, ովքեր ժամանակ չունեն, ամաչում են կամ պարզապես չեն ցանկանում ցավ պատճառել իրենց զուգենկերոջը բաժանման պահին, ուստի այս թիմը հրաժեշտի նամակը կգրի ձեր փոխարեն: Լրացուցիչ վճարի դիմաց նրանք կարող են նաև ուղարկել իրենց աշխատողին, որը հոգեբանների կողմից մշակված հատուկ տեքստերով կկարողանա հնարավորինս մեղմ հայտնել նորությունը:
Տարօրինակ դագաղների պատրաստում
Vic Fearn & Co-ն երկար տարիներ զբաղվում էր սովորական դագաղների արտադրությամբ, ու վերջերս որոշեց մի փոքր կրեատիվություն մտցնել ու դառնալ էքսքլյուզիվ արտադրող: Նրանք արտադրում են կիթառի, ինքնաթիռի, վիսկու շշի, կոշիկի, սքեյթբորդի տեսքով դագաղներ:
Ընկերության ամենատարօրինակ հաճախորդներից մեկն ինքն իր համար աղբամանի տեսքով դագաղ էր պատվիրել:
Մանկապարտեզ մեծահասակների համար
Մասնավոր այս մանկապարտեզը գտնվում է Բրուքլինում, և պարզվում է, որ շատերն են ձգտում կտրվել առօրյա հոգսերից ու հետ վերադառնալ մանկություն: Ընդհանուր ծրագրի արժեքը սկսվում է 333$-ից: Հիմնադիրը նշում է, որ նպատակը մարդկանց ուղեղի ակտիվացումն է հենց այն ձևով, ինչպես դա արվում է մանուկ հասակում՝ խաղերի միջոցով:
Իսկ ձեզ համար ո՞ր գաղափարն էր ամենատարօրինակը: Եթե ինքներդ էլ հիշեցիք հետաքրքիր օրինակներ, անպայման կիսվե՛ք մեզ հետ: Իսկ անցնելով այս հղմամբ՝ կիմանաք, թե ինչ նվերներ են պատրաստում համաշխարհային ընկերություններն իրենց նոր ընդունված աշխատողների առաջին աշխատանքային օրվա առթիվ: