Առասպելներ Ինստագրամում էջի առաջխաղացման մասին (Մաս 1-ին)

Այսօր հնարավոր է հազարավոր հոդվածներ գտնել համացանցում, որտեղ խորհուրդներ են տրվում այն մասին, թե ինչպես վարել անձնական կամ բիզնես էջը Ինստագրամում լավագույն արդյունքների համար: Իհարկե, խորհուրդների մեծ մասը կիրառելի են և արդյունավետ, սակայն կան նաև օգտատերերի շրջանում տարածված սխալ պատկերացումներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Ծանոթանանք մի քանիսին:

1. Շրջանաձև Giveaway-ները կբերեն հետևորդների մեծ հոսք

Հարյուր հազարավոր հետևորդներ ունեցող էջերում հաճախ հայտարարվում են մրցույթներ, որի մասնակիցները պարտավորվում են հետևել մրցույթային էջի բոլոր հետևորդներին (միջինում 10-50 էջի): Իսկ վերջիններս հսկայական գումարներ են վճարում հետևորդների մեծ հոսքի համար: Մոտ 2 շաբաթ շարունակվում է նոր մարդկանց ինտենսիվ հոսքը, սակայն մրցույթի ավարտին հաջորդում է արագ հետընթացը՝ մոտ 2000-5000 բաժանորդ դադարում է հետևել Ձեր էջին: Սա վատ է ազդում էջի ցուցադրման առաջնայնության վրա, քանի որ Ինստագրամի ալգորիթմը սկսում է այն համարել անհետաքրքիր և փորձում հնարավորինս քիչ ցուցադրել: Այստեղ խնդիր է նաև այն, որ բաժանորդագրվող մարդիկ թիրախավորված չեն, և նրանց գերակշիռ մասին գուցե չհետաքրքրի էլ առաջարկվող ապրանքը: Արդյունքում, եթե արված ծախսերը բաժանենք մնացած հետևորդների թվի վրա, մեծ մասամբ կստացվի չարդարացված բարձր գին 1 ներգրավված մարդու համար, որը, հայտնի չէ՝ գնորդ կդառնա՞ արդյոք: Միակ քիչ թե շատ հաջողված տարբերակը սեփական էջին մոտ թեմատիկայով մրցույթի մասնակցելն է, որ նոր մարդիկ քիչ թե շատ համապատասխանեն էջի թիրախային լսարանին:


2. Գումարի դիմաց էջ գովազդող բլոգերին միևնույն է` ինչ գովազդել և երբ

Եթե սա ճիշտ էր թվում միայն արտասահմանյան բլոգերների համար, ապա այսօր նույնիսկ Հայաստանում ոչ բոլոր գովազդային առաջարկներին է տրվում դրական պատասխան, քանի որ խելամիտ բլոգերը նախ մտածում է իր վաստակած համբավի մասին և չի կարող իրեն հավատարիմ լսարանին առաջարկել կասկածելի ապրանքներ կամ ծառայություններ: Նաև գոյություն ունեն քանակային սահմանափակումներ, քանի որ միայն գովազդ տեղադրելով՝ նրանք կվանեն մեծ թվով հետևորդների: Նույնիսկ եթե տվյալ պահին դուք մերժում եք ստանում, միևնույն է, պետք է շարունակել համագործակգել բարեխիղճ բլոգերների հետ, քանի որ հենց այդ վարվելակերպի շնորհիվ նրանք ավելի մեծ հավատ են ներշնչում իրենց լսարանին, և գովազդն էլ, բնականաբար, կծառայի իր նպատակին:


3. Պետք է հրապարակումներ անել որքան հնարավոր է հաճախ, որ հետևորդներն էջը չմոռանան

Յուրաքանչյուր հրապարակում ոչ թե պետք է պարզապես քանակ լրացնի, այլ տանի դեպի վերջնական նպատակի նվաճումը, ուստի այստեղ էականը որակն է, և չկան հրապարակումների քանակի ճշգրիտ ստանդարտներ:


4. Հայտնի մարդկանց էջերում սպամ անելով՝ անպայման հնարավոր է ներգրավել նոր գնորդների

Մեկնաբանություններում կարելի է հանդես գալ կարծիքով, խորհրդով, պատասխանել տրված հարցերին, սակայն այնտեղ արվող սպամը ոչ ոքի դուր չի գալիս, և նույնիսկ հնարավոր է շատ բողոքների արդյունքում ձեր էջն արգելափակվի:


5. Կարելի է էջը վարել առանց վճարովի գովազդի

Շատերը զբաղված են միայն համատարած like-եր և follow-ներ տալով և մեկնաբանություններում սպամ անելով: Այս եղանակով հնարավոր չէ շատ հետևորդներ հավաքել կարճ 'ամանակահատվածում, քանի որ բացի ոչ պրոֆէսիոնալ մոտեցման կան նաև կրկնվող գործողությունների սահմանափակումներ, և էջի գոյությունը դրվում է վտանգի տակ:


Իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ ավելի շատ հնարքների, չմոռանաք անցնել հղմամբ և կարդալ մեր բլոգի երկրորդ մասը: