Ապրանքների գնման հնարավորություն Ինստագրամում

Շաբաթը լի ստացվեց տարբեր հարթակների կողմից ներկայացվող նորություններով: Ինստագրամը ևս ունի շրջադարձային նորամուծության մտքեր իր օգտատերերի համար:



Հայտնի սոցիալական կայքը փորձարկում  է օնլայն շոփի հնարավորությունը, և  հավելվածը թարմացրած շատ օգտատերերի մոտ արդեն հայտնվել է այս ֆունկցիան: Այժմ՝ թեստավորման փուլի ընթացքում, օգտատերերը կկարողանան գնումներ ձևակերպել և կատարել  վճարումներ հենց Ինստագրամում, ինչը ավելի է հեշմտացնում գնման պրոցեսը, քանի որ մարդիկ ստիպված չեն լինի անցնել այլ հղումներով:

Երբ օգտատերը իր հավանած էջում տեսնի ապրանքի նկարը, դրա վրա սեղմելիս կերևա ապրանքի գինը, որով անցնելիս էլ կբացվի նոր էջ: Այնտեղ կա պատվերի չափը, գույնը, ձևը ընտրելու հնարավորություն և պատվերը ձևակերպելու կոճակ: Այս ամբողջը կատարվում է առանց հավելվածից դուրս գալու:

Գնում կատարելու համար հարկավոր է նշել ստացողի անուն, ազգանունը, վճարային ինֆորմացիան և առաքման հասցեն: Մեկ անգամ օնլայն գնում կատարելուց հետո  գնորդի տվյալները կպահպանվեն բազայում՝ հետագայում գործընթացն ավելի արագ կազմակերպելու նպատակով:

Օգտատերերը կարողանալու են կայքով վերահսկել, թե ինչ վիճակում է իրենց պատվերը, երբ է ուղարկվել կամ երբ է հասնելու: Նորույթից արդեն օգտվում են այնպիսի հանրահայտ ընկերություններ, ինչպիսիք են Adidas-ը, Dior-ը, Nike-ը, Prada-ը, Zara-ն և այլն:

Իսկ եթե ցանակնում եք իմանալ, թե ինչ նոր անվճար հարթակ է գործարկվել սեփական օնլայն շոփի կայքն ունենալու համար, կարող եք կարդալ  մեր՝ «Անվճար հարթակ օնլայն խանութ ստեղծելու համար» վերնագրով բլոգը՝ անցնելով հետևյալ հղմամբ: