Ինստագրամի հավանումները, որքան էլ զարմանալի լինի, մինչ այժմ շատերի համար էջի հաջողության կարևորագույն չափանիշներից են համարվում: Մարդիկ գումար են վճարում հավանումներ հավաքելու համար, օգտվում տարբեր հավելվածներից՝ լցնելով իրենց հաշիվները կեղծ հավանումներով: Որքան էլ հայտարարվում է, որ դա ի վնաս հաշիվների է աշխատում, շատերը դեռ շարունակում են նույն կերպ վարել իրենց էջերը:
Ինստագրամի ղեկավարությունը մտածում է այն փոփոխության մասին, որն իսկապես կդառնա ամենաէականներից մեկը հարթակում. հանել հավանումների ընդհանուր քանակը հրապարակումների տակից: Նպատակը հենց լայքերի քանակի նկատմամբ կախվածության դեմ պայքարն է: Այժմ այս ֆունկցիան գտնվում է ներքին թեստավորման փուլում, ու եթե այն պսակվի հաջողությամբ, հրապարակման լայքերի քանակը հասանելի կլինի միայն հեղինակին: Մինչ Ինստագրամը բացեիբաց կսկսի ներկայացնել թարմացումն օգտատերերին, նախնական տարբերակի մասին խոսել ու սքրինշոթեր է ներկայացրել ինժեներ Ջեյն Մանչունը:
Ինչպես երևում է նկարում՝ հրապարակման տակ բացակայում է լայքերի ընդհանուր թիվը, փոխարենը երևում են մի քանի օգտատերերի նկարներ և հրապարակումը հավանածներից միայն մեկի անունը, և երևում է, որ հեղինակին հասանելի է լայքերի ընդհանուր պատկերը, իսկ մնացածին՝ ոչ:
Ղեկավարությունը կարծում է, որ այս քայլի արդյունքում օգտատերերը կդադարեն մտածել հավանումների քանակի մասին, այլևս միմյանց հետ չեն մրցի այդ թվի համար, ինչը նրանց ավելի անհոգ կդարձնի, քանի որ նրանք կդադարեն ապրել ուրիշների հրապարակումների չափ լայքեր հավաքելու երազանքով:
Այս պարագայում մարդկանց ուշադրությունը կկենտրոնանա հետևորդների և մեկնաբանությունների վրա, բայց միևնույն ժամանակ լայքերի քանակը կազդի լրահոսում լուրերի դասավորման հերթականության վրա:
Իսկ թե ցանկանում եք ընթերցել մեր բլոգը անշարժ գույքի գործակալությունների՝ Ինստագրամով տարվող աշխատանքների մասին, սեղմելով այս հղմանը՝ կհայտնվեք այս բլոգում: