7 սխալ: Ի՞նչ պետք չէ անել Ինստագրամյան էջում

Ցանկացած ոլորտում էլ ի հայտ են գալիս նոր թրենդներ ու անհետանում են հները, ուստի մասնագետներն անընդհատ պետք է հետևեն՝ ինչ է կատարվում շուկայում, որպեսզի ոչնչից հետ չմնան: Այսօր կներկայացնենք քայլեր, որոնք անելով՝ վնաս է հասցվում բիզնես էջի համբավին:
Նշենք, որ եթե էջի վարմանը նայենք միայն պատվիրատուի տեսանկյունից,  հաստատ պատկերը միանգամայն այլ է ստացվելու, ուստի խորհուրդ ենք տալիս նախքան աշխատանքների մեկնարկը համաձայնության գալ նրանց հետ և անպայման բացատրել այս կամ այն գործողության ոչ պրոֆեսիոնալ ու անգամ վնասակար լինելու պատճառները և հետևանքները:
 

Սխալ № 1 – ֆոտոսթոքերի նկարներ
Ոչ ոք չի պնդի, որ ֆոտոսթոքերից անհնար է գտնել լավ նկարներ, սակայն արդյո՞ք այն, ինչ մենք պարբերաբար տեսնում ենք, կոչվում է «լավ նկար»: Նմանատիպ նկարները վստահաբար փչացնելու են էջը, քանի որ լավ նկար գտնելը բարդ է, իսկ վատ վիզուալ տեսքով պրոֆիլները առաջ չեն մղվում:

Ահա սթոքերի նկարներով հավաքված մի էջի օրինակ՝ ընտրեք ինքներդ, արդյո՞ք ձեզ կբավարարի այս որակը:

Սխալ № 2 – պատասխանել ենք անձնական նամակով
Լինում են դեպքեր, երբ հրապարակման մեջ տեղադրված է կոնկրետ մեկ ապրանք, իսկ մեկնաբանություններում 100 մարդ հարցնում է գինը: Այս դեպքում «Ձեզ պատասխանել ենք անձնական նամակով» արտահայտությունը թե՛ մասնագետի ժամանակն է խլում, թե՛ գնորդներին է վանում՝ տալով կասկածի տեղիք: Եթե ապրանքի գինը կախված է տարբեր գործոններից, մեկնաբանություններում պետք է նշել այդ հանգամանքը և խնդրել գնորդին թողնել իր հեռախոսահամարը կամ կապ հաստատել ձեզ հետ: Եթե խնդիրը միայն գին թաքցնելն է, վստահ եղեք, որ մրցակիցներն այսպես թե այնպես այլ տարբերակներ ունեն գները ճշտելու: 
Եթե հնարավոր է, կայքում տեղադրեք օնլայն հաշվիչ կամ էլ հաճախորդին տրամադրեք գոնե գների միջակայք: Այլապես պատկերացրեք՝ արդյո՞ք նա ձեզ 3-րդ, 5-րդ անգամ կգրի, եթե անգամ շատ ուզենա ապրանքը, սակայն նախորդող փորձից ենթադրի, որ արժեքն իր գրպանին չի համապատասխանում:

Սխալ № 3 – 5000 հետևորդ և 3 հավանում
Էջեր կան, որոնք ունեն հազարավոր հրապարակումներ . դրանցից ավելի շատ հետևորդներ, սակայն նկարների հավանումներին նայելով՝ արդեն սկսում ենք կասկածել՝ արդյոք ամեն ինչ արվել է օրգանական ձևով: Նախկինում այս խնդիրն ավելի սուր էր, մարդիկ բոտերի միջոցով ավելացնում էին հետևորդների թիվը, իսկ հիմա այս գործընթացն ավելի խիստ է վերահսկվում Ինստագրամի կողմից: Նոր բացված էջերին նույն սկզբունքով ֆոլոուերներ ավելացնելը դժվար է, սակայն մյուս կողմից էլ կան մեծ թվով հնից մնացած այսպիսի հաշիվներ:

Սխալ № 4 – 50-ից ավելի հեշթեգ
Նկատե՞լ եք էջեր, որտեղ հրապարակման մի տող տեքստին հաջորդում են տասնյակ հեշթեգեր, ընդ որում՝ մի մասը թեմայի հետ ընդհանրապես կապ չունեն:
Instagram-ը իջեցնեում է չափից շատ հեշթեգերով հրապարակումների տարածման հնարավորությունը: Մի հրապարակմանն համար նախատեսեք 10-12 հեշթեգ, որոնք կապ ունեն տվյալ թեմայի հետ, և չմոռանաք հեշթեգերի միջև դնել բացատ:

Սխալ № 5 – սպամ
Հիմա ամենատարածվածը մրցույթ կազմակերպող էջերի և ցանցային մարքեթինգով զբաղվողների նամակներն են Direct-ում: Ձեզ դու՞ր է գալիս անընդհատ նույն նամակը ստանալը, իհարկե՝ ոչ: Ուստի ինքներդ էլ երբեք մի՛ դիմեք այս քայլին:

Սխալ № 6 – շոկ-կոնտենտ
Ինտրիգային ու կեղծ լուրերի տարծում, քլիքբեյթ. մահացել է այսինչ մարդը, կռվել են այս երկուսը, սենսացիոն հարցազրույց, սկանդալային լուսանկարներ, հետևեք էջին, եթե ցանկանում ես հարազատներդ հավերժ ապրեն և այլն: Կարդալիս անհեթեթ է թվում, սակայն չէ՞ որ այս հնարքը մինչ այսօր կիրառվում է: Շատ տհաճ և ոչ պրոֆեսիոնալ հնարք է, հեռու մնացեք: 

Սխալ № 7 – Caps Lock
Իսկ դուք տեղյա՞կ եք, որ երբ գրում եք մեծատառերով, իսկ վերջում շռայլում բացականչական նշաններ, շատերի կողմից դա ասոցացվում է ձայնը բարձրացնելու հետ: ԳԻՏԵԻ՞Ք, ԹԵ՞ ՈՉ!!!!!!!!! Ի՞նչ ձևով կարդացիք վերջին արտահայտոէթյունը, հենց այդպես էլ մարդիկ ընկալում են մեծատառերը գրավոր խոսքում:

Ահա 7 սխալ, որոնցից պետք է ամեն կերպ խուսափել, եթե չեք ցանկանում, որ հետևորդները հնարվորինս հեռու մնան ձեր էջից: Ոլորտից ավելին իմանալու համար կարող եք ընթերցել նաև հետևյալ բլոգը՝ Ինչպե՞ս ակտիվացնել Ինստագրամի էջը: Հրապարակման 5 տեսակ:

 

Իսկ բոլոր նրանց, ում հետաքրքրում է բիզնես էջերի պրոֆեսիոնալ առաջխաղացումը սոցկայքերում, Բրենդոնն առաջարկում է SMM ծառայությունների փաթեթներ, որոնց մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով 012 25 00 85 կամ  055 999 015 հեռախոսահամարով կամ անցնելով ստորև նշված հղմամբ: