7 անչափ հետաքրքիր Instagram-յան էջ

Իհարկե, մեր նախորդ բլոգերում հանդիպած կլինեք այն կարծիքին, որ Ինստագրամում միայն վիզուալ մասով բիզնես ասպարեզում հնարավոր չէ լիակատար արդյունք ապահովել, հարկավոր է այն համեմել տեքստով ու անընդհատ վիճակագրություն ուսումնասիրել: Սակայն այսօր խոսքը գնում է այնպիսի էջերի մասին, որոնք հենց վիզուալ տեսանկյունից եղել են ունիկալ ու կարողացել հավաքել միլիոնավոր հետևորդներ:

@miserable_men – հաճախ համացանցում գնումներ կատարած երջանիկ կանանց լուսանկարներ են, իսկ ահա այդ ամենի հետևում  նրանց տխուր ամուսիններն են: Հենց այդ տխուր ամուսինների լուսանկարներին էլ  նվիրված է այս էջը:


@Mr_riu – շատերը նրան մեղադրում են համակարգչային գրաֆիկայով մարդկանց խաբելու մեջ, սակայն յուրաքանչյուր նկարը ոսկերչական ճշգրտությամբ կատարված աշխատանքի արդյունք է: Նա, հասարակ թուղթը կտրտելով, ստանում է ամենատարբեր նկարներ ու մանր նախշեր:


@zachking – համոզված եմ, որ մտնելով այս էջ՝ կհիշեք այս երիտասարդին, որը տրամաբանության բոլոր սահմանագծերը հատող վիդեոհոլովակներ է պատրաստում մոնտաժի օգնությամբ` 2013-ից սկսած: Անպայման հետևեք նրա էջին, քանի որ բացի անչափ հետաքրքիր կարճ հոլովակներից նա կիսվում է նաև վիդyոհոլովակների մոնտաժի գաղտնիքներով:


@darynakossar – էջն ապացուցում է, որ նույնիսկ ամենահասարակ  իրերի մեջ կարելի է յուրահատուկ ու հրաշալի մի բան գտնել, որը հետագայում կվերածվի ոգեշնչման աղբյուրի: Նա կարողանում է սերմերից, նռան հատիկներից, բույսերից պատրաստել հայտնի մարդկանց նկարները, ինչն էլ իր էջն այդքան գրավիչ է դարձրել հետևորդների համար:


@MrPimpGoodGame – էջը պատկանում է 37-ամյա Բեննի Ուինֆիլդին, և նրա նկարներում ոչ մի հետաքրքիր բան չկա բացի այն հանգամանքից, որ նա գրեթե բոլորում  տեսախցիկին մոտիկ կանգնած լայն ժպտում է:


@nasa – սա NASA-ի պաշտոնական էջն է, որը գրավել է ոչ միայն աստղագիտության, այլև պարզապես գունագեղ ու տպավորիչ նկարների սիրահարներին, քանի որ էջում ներկայացված են իսկապես ունիկալ լուսանկարներ:


@ihavethisthingwithtiles – այս էջում բազմաթիվ տարբեր խճաքարերի, մանրահատակների, գեղեցիկ ու գունավոր հատակների նկարներ են: Էջի վարողը նշում է, որ նպատակը մարդկանց ցույց տալն է, որ պարզապես պետք է քայլելիս նայել շուրջբոլորը ու գտնել գեղեցիկ տեսարաններ, որոնք իրականում շատ հաճախ են հանդիպում:

Ահա ապացույց, որ որքան էլ լինեն կանոններ ու խորհուրդներ օնլայն հարթակում հաջողության հասնելու համար, միևնույն է, այդ հաջողության մի մեծ բաժինը կախված է մարդու սեփական, չկրկնվող գաղափարներից և դրանք առանց վախի մարդկանց ներկայացնելու ձգտումից: Այսքանն էր այսօրվա բլոգի նյութը, իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե Ինչու՞ է էջն աստիճանաբար հետևորդներ կորցնում, խորհուրդ ենք տալիս սեղմել այս հղմանն ու ծանոթանալ մեր պատրաստած հոդվածին: