ԱՄՆ-ում TikTok-ը կգնի Oracle-ը

ՏիկՏոկի ԱՄՆ-ի ստորաբաժանման գնորդը կդառնա Oracle ընկերութունը. այս  մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Գլխավոր թեկնածու Microsoft-ը մերժում է ստացել: Հենց այս մասին է Բրենդոնի այսօրվա բլոգը:

Կիրակի ուշ գիշեր Microsoft-ը հանդես եկավ հայտարարությամբ այն մասին, որ ՏիկՏոկը գնելու իր հայտը մերժվել է: Ինչպես ասվում էր Microsoft-ի պաշտոնական հայտարարության մեջ՝

- ByteDance-ը հայտնեց, որ չի վաճառելու Microsoft-ին ՏիկՏոկի ամերիկյան սեգմենտը: Մենք վստահ ենք, որ մեր առաջարկը կարժանանար հարթակի օգտատերերի հավանությանը, և միաժամանակ պաշտպանված կլինեին անվտանգության բոլոր ասպեկտները, ինչն ամենից շատն էր անհանգտացնում ԱՄՆ-ին:  

Փոխարենը ByteDance-ի տեխնոլոգիական գործընկեր կդառնա Oracle-ը, որն իր վրա կվերցնի ԱՄՆ-ում ՏիկՏոկ-ի օգտատերերի տվյալների կառավարումը: Ամենայն հավանականությամբ, գործարքը կձևակերպվի որպես չինական բիզնեսի վերակազմակերպում, այլ ոչ թե վաճառք: Սակայն նշվում է նաև, որ ընկերությունը բանակցություններ է վարում բիզնեսի ամերիկյան բաժնեմասի ձեռքբերման մասին:

Հաջորդ փուլը կլինի գործարքի հաստատումը Սպիտակ տան և ԱՄՆ-ում օտարերկրյա ներդրումների հարցերով զբաղվող հանձնաժողովի կողմից: Արդեն հայտնի է, որ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ի օգուտ Oracle-ի հայտարարությամբ՝ նշելով, որ իր կարծիքով դա այն ընկերությունն է, որին կհաջողվի լուծել ՏիկՏոկի հետ կապված խնդիրներն իրենց երկրում:

Երբ ենթադրություններ էին արվում, թե որ ընկերությունն է ձեռք բերելու TikTok-ը, Oracle-ը հավակնորդների շարքում չէր, քանի որ այն կենտրոնացած է բիզնես-հաճախորդների համար կատարվող աշխատանքների վրա և փորձ չունի ո՛չ սոցիալական կայքերի, ո՛չ այլ խոշոր սպառողական բիզնեսների ոլորտում:

Սակայն ByteDance-ում հույս ունեն, որ համագործակցությունը Oracle-ի հետ թույլ կտա խուսափել ԱՄՆ-ում սոցկայքի արգելափակումից:

Հիշեցնենք, որ Թրամփը ստորագրել էր հրաման, համաձայն որի ByteDance ընկերությունը պարտավոր էր մինչ սեպտեմբերի 15-ը ԱՄՆ-ում  վաճառել իր ակտիվները, այլապես ՏիկՏոկն այնտեղ կարգելափակվեր: Այդ ժամանակ TikTok-ը գնելու ցանկություն հայտնեցին Microsoft-ն ու Twitter-ը: Ավելի ուշ նրանց միացավ Oracle-ը:

Քանի որ ՏիկՏոկի թեման բավականին աղմկահարույց էր, մենք առաջարկում ենք ընթերցել նաև մեր պատրաստած մեկ այլ նյութ այս հարթակի մասին՝ «TikTok-ը պատմել է, թե ինչպես է աշխատում իր ալգորիթմը»: Բրենդոնը մաղթում է հաճելի ընթերցանություն և միշտ պատրաստ է կիսվել թարմ նորություններով: