Ինչպես արդեն հասցրել ենք քննարկել, բրենդներին ավելի ձեռտնտու է համագործակցել բլոգերների երկարաժամկետ հիմունքներով՝ դարձնելով նրանց ամբասադոր: Սակայն միշտ չէ, որ բրենդը մշակում է ամբասադորների հետ համագործակցության ճիշտ ընթացք, երբեմն էլ ամբասադորն է կատարում սխալ գործողություններ, ինչի հետևանքով գործարքը պսակվում է անհաջողությամբ: Այսօր կդիտարկենք նման համագործակցության 3 հայտնի դեպք ռուսական շուկայից:
Եգոր Կրիդ
Երիտասարդ աղջիկների սիրելի երգիչը այդպես էլ չկողմնորոշվեց՝ ինչ սմարթֆոն է նախընտրում: Նախ նա օգտվում էր Samsung-ից, այնուհետև որոշակի հոնորարի դիմաց սկսեց գովաբանել Орро բրենդը: Այս գովազդներին զուգահեռ նա իր էջերում հրապարակում է նկարներ, որոնցում օգտվում է iPhone-ից կամ էլ այնպիսի հավելվածներից, որն առկա է միայն App Store-ում, իսկ դա չվրիպեց հետևորդների աչքից, ու արդյունքը եղավ այն, որ մարդիկ սկսեցին չհավատալ նրա գովազդներին:
Դիտարկենք այս իրավիճակը նաև պատվիրատուի տեսանկյունից. արդյո՞ք այս դեպքից հետո լուրջ բրենդները առանց մանրամասն քննարկումների կվստահեն Կրիդին իրենց ամբասադորի կոչումը՝ իմանալով, որ ավելի մեծ հոնորարի կամ պարզապես անուշադրության դեպքում նա կփչացնի ողջ արշավը:
Տիմատի
Մոտավորապես նույն իրավիճակն էր ստեղծվել ռեփեր Տիմատիի էջում: Նա 2015 թվականին սկսեց շատ ինտենսիվ գովազդել հեռախոսների YotaPhone բրենդը՝ միևնույն ժամանակ անդադար իր անձնական էջում տեղադրելով iPhone-ով արված սելֆիներ: Արդյունքում ստավեց այն, որ եթե անգամ սկզբում մարդիկ հավատում էին, որ այս բրենդը իսկապես օգտագործվում է հայտնիների կողմից, ապա հիմա արդեն մարդիկ համոզվեցին, որ սա ամենահասարակ գովազդ էր, ոչ թե նախընտրություն: Իհարկե Բլեք Սթարն այնքան մեծ կայսրություն է հիմնել, որ այս մի քայլով նրանց բիզնեսը կորուստներ չունեցավ, սակայն պատվիրատուն բացի չհաջողված գործարքից ստացավ նաև իր բրենդի իմիջի կորուստ:
Հաբիբ Նուրմագոմեդով
Հաբիբն ընտրվել էր որպես Տոյոտա ավտոմեքենաների դեմք: Չնայած այս սպորտսմենը մարդկանց մոտ տպավորել է իր ագրեսիվ պահվածքով, սակայն բրենդը պնդում է, որ ամբասադորի անձնական կերպարն ու բրենդի գաղափարախոսությունը միմյանց հետ կապ չունեն: Տոյոտայի ներկայացուցիչները նշում են, որ Հաբիբին ընտրել են համառության, առնականության, դիմացկունության համար, որը պետք է ասոցացվի ամենագնացների հետ, բացի այդ մեծ դեր է խաղացել նրա էջը Ինստագրամում, որն ունի 19,4 միլիոն հետևորդ: Արդյունքում համագործակցությունը էական արդյունք չտվեց գուցե նաև այն պատճառով, որ արշավն իրենից ներկայացնում էր պարզապես լուսանկար Տոյոտայի դիմաց:
Ամբասադորը բրենդի համար պետք է լինի թիրախային լսարանի հետ հաղորդակցվելու ուժեղագույն միջոց: Նա պետք է կարողանա մարդկանց փոխանցել բրենդի փիլիսոփայությունն ու արժեքները, ուստի բլոգերի կամ պարզապես հանրահայտ մարդու ընտրությանը պետք է լուրջ վերաբերվել, քանի որ սխալ դեմքի ընտրությունը կարող է վարկաբեկել բրենդի համբավը:
Հետաքրքրե՞ց այս թեման, ընթերցի՛ր նաև մեր նախորդ բլոգերից մեկը՝ «Բրենդի առաջխաղացում influencer-մարքեթինգի միջոցով: 8 եղանակ»:
Իսկ եթե ցանկանում ես գտնել քո բրենդին համապատասխան բլոգերների ու մշակել մարքեթինգային ռազմավարություն, ապա մեր թիմը պատրաստ է կազմակերպել ողջ գործընթացը՝ ներառելով բրենդի առաջխաղացման ամենաժամանակակից գործիքակազմը, պարզապես կապ հաստատեք մեզ հետ 055 999 015 հեռախոսահամարով: