Ինչու՞ Google-ում չեմ տեսնում իմ գովազդային հայտարարությունները: 9 պատճառ

Քանի՞ անգամ եք լսել հաճախորդից, որ նա չի տեսնում իր հայտարարությունը: Քանի՞ անգամ ինքներդ չեք գտել Ձեր տեղադրած հայտարարությունը՝ որոնելով Ձեր ընտրած կոնկրետ բանալի բառը: Բոլոր նրանք, ովքեր առնչվել են կոնտեքստային գովազդի հետ, հանդիպել են այս խնդրին: Այսօրվա հոդվածում կթվակենք հիմնական պատճառների մի մասը, որոնք Ձեր հայտարարությունը դարձնում են «անտեսանելի»:

 

 1. Բյուջետային սահմանափակում
 
Երբ դրվում է օրվա կտրվածքով մինիմալ բյուջե (իսկ դա խելամիտ որոշում է այն դեպքում, երբ մարդկանց հոսքն անկանխատեսելի է), ու գրանցվում են ավելի շատ քլիքեր, քան սահմանված գումարն է, գովազդն ավտոմատ կանգնում է մինչ հաջորդ օրվա սկիզբ: Բացի այդ, երբ գումարը սահմանափակ է, այն բաշխվում է ամբողջ օրվա մեջ համամասնորեն (համակարգը դա մոտավոր կերպով է անում), ու ըստ դրա ամեն անգամ որոնելիս չի կարող հայտնվել նույն գովազդը: Եթե Google-ն այդքան պարզ ու կանխատեսելի լիներ, մրցակիցներն անընդհատ կորոնեին Ձեր հայտարարությունը, քլիք կանեին ու կսպառեին ողջ բյուջեն:
 
  
 2.  Ստանդարտ կամ արագացված ցուցացդրում
 
Իհարկե նախատեսվում է, որ շուտով արագացված տարբերակը կվերանա գովազդի բոլոր տեսակների համար (կոնկրետ որոնողականում Accelerated ցուցադրություն ընտրելու հնարավորություն այլևս չկա), սակայն քանի դեռ մյուս տեսակներում կա, այս գործոնը ևս ազդում է հայտարարության տեսանելիության վրա: Ստանդարտը հենց նախորդ կետում նշված տարբերակն է, երբ ցուցադրությունները հավասարապես բաշխվում են օրվա մեջ, իսկ հակառակ դեպքում առանց սահմանափակումների հայտարարությունը ցուցադրվում է առավելագույն հաճախականությամբ:  Արագացվածի դեպքում գուցե բյուջեն շատ արագ սպառվել է, ու հայտարարությունն այլևս չի ցուցադրվում:
 
3. Ցածր գին
 
Ինչպես գիտեք՝ որոնողական գովազդի դեպքում բանալի բառերի համար սահմանվում է գին, որը վճարում ենք միայն այն դեպքում, երբ տվյալ բանալի բառը որոնած մարդը քլիք է անում հայտարարությանը: Նույն բանալի բառի համար տարբեր մրցակիցներ նշանակում են տարբեր գներ: Գինն այն գործոններից մեկն է (բայց ոչ միակը), որն ազդում է հայտարարության ցուցադրության վրա: Այլ հավասար պայմաններում ցուցադրվում է այն ընկերության հայտարարությունը, ում նշած գինն ավելի բարձր է): Հիշե՛ք, գուցե ձեզ թվա, թե շատ բարձր գին եք սահմանել, սակայն իրականում մրցակցի գնին անգամ մոտեցած չլինեք: Իհարկե, կա խելամիտ գնի սահման, որից անցնել հանուն քլիքի պետք չէ, չէ՞ որ ոչ բոլոր քլիքերն են վերածվում գնման:

 
4. Գովազդի որակի ցուցանիշը
 
Պատվիրատուները հաճախ պատկերացում չունեն, որ 1-10 բալով գնահատվող այս ցուցանիշի վրա ազդում է 100-ից ավելի գործոն, որոնց ամբողջ ցանկը Գուգլը չի բացահայտում: Սակայն գովազդի որակի գնահատականն ուղիղ կապ ունի՝ որքան հաճախ գովազդը կցուցադրվի կամ կցուցադրվի՞ արդյոք առհասարակ: Որակի վրա ազդող 3 հիմնական գործոններն են՝
•    Որքանով է հայտարարությունը համապատասխանում բանալի բառին
•    Որքանով է կայքի վայրէջքային էջը համապատասխանում բանալի բառին ու հայտարարությանը
•    Որքան է սպասվող CTR-ը (ցույց է տալիս, թե հայտարարությունը տեսած մարդկանց որ մասն է մտնում հայտարարությամբ) 
 
 
5. Գների ավտոմատ նշանակում
 
Այս պարագայում նշանակված բյուջեի սահմանում համակարգն է որոշում՝ երբ ցույց տա հայտարարությունը: Եթե այս տարբերակին դեմ եք, ընտրեք bid-երի ձեռքով հավաքումը, որն ավելի ժամանակատար է, սակայն՝ վերահսկելի ըստ Ձեր ցանկությունների ու նպատակների:

6. Հայտարարությունը դեռ չի ստուգվել
 
Երբ հայտարարությունը նոր է կազմվում կամ թեկուզ հնի մեջ մի տառ է փոխվում, այն նորից անցնում է ստուգում, որպեսզի բաց չթողնվի որևէ անհամապատասխանությունը Google Ads-ի կանոններին: Սա որոնողական գովազդի դեպքում տևում է 1-3 օր, սակայն, օրինակ, բաներային կամ վիդեոգովազդի դեպքում այս ժամանակահատվածը կարող է երկարաձգվել: Օրինակ՝ մեր պրակտիկայում եղել է դեպք, երբ վիդեոգովազդը հաստատում է ստացել կազմումից 9 օր անց, 4 10-րդ օրը միայն սկսել է ցուցադրվել: Հիշե՛ք, մինչև հայտարարությունը հաստատում չստանա, չի ցուցադրվի: 

7. Հայտարարությունը մերժվել է
 
Հատկապես հայալեզու հայտարարությունների դեպքում այս խնդիրը հաճախ է հանդիպում, քանի որ Գուգլը հայերեն հայտարարություններ դեռևս չի ընդունում: Այդ է պատճառը, որ այստեղ հայտարարությունները դրվում են լատինատառ: 

 
8. Ժամանակացույց
 
Քանի որ հնարավոր է այնպես անել, որ հայտարարությունը ցուցադրվի միայն մեր նախընտրած օրերին ու ժամերին, ապա գուցե որոնման պահը հենց բացառված պահերից մեկն է, ուստի վերանայե՛ք ժամանակացույցը:

 
9. Նեղ թիրախ
 
Գուցե որոնողը ներառված չէ Ձեր թիրախում՝ այլ տարիքի, սեռի է, այլ տարածքում է ապրում կամ ունի այլ հետաքրքրություններ, Գուգլի թիրախավորման հնարավորությունները շատ են, պետք է վերստուգեք՝ կա՞ արդյոք նման խնդիր: Մարդիկ կարծում են, որ եթե 2 անգամ որոնեն իրենց ցանկացած բառը, ապա համակարգը կկարծի, թե դա նրանց հետաքրքրությունների ցանկում է, սակայն իրականում Գուգլին «խաբելը» այդքան էլ հեշտ չէ:


Ահա մի քանիսն այն պատճառներից, որոնք խանգարում են, որ հայտարարությունը երևա որոնողական համակարգերի արդյունքներում, ևս 9 պատճառի կարող եք ծանոթանալ մեր բլոգի երկրորդ մասում: Հուսով ենք՝ այս բլոգը ուղեցույց կդառնա բոլոր նրանց համար, ովքեր նոր են մտնում կոնտեքստային գովազդի աշխարհ և անգամ համացանցում չեն կարողանում գտնել պարզ թվացող հարցերի պատասխանները, քանի որ այս ոլորտում հանդիպող խնդիրները երբեմն այնքան նեղ են, որ դժվար է լինում հեշտությամբ գտնել հուզող հարցի պատասխանն առանց կոնկրետ մասնագետի դիմելու:  Դե իսկ մենք խորհուրդ ենք տալիս մեկուսացումից քաղել միայն առավելություններ և ծանոթանալ մեկ այլ օգտակար նյութի՝ «12 հետաքրքիր փաստ Google Ads-ի մասին»:
Իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են բիզնեսն առաջ խաղացնել կոնտեքստային գովազդի միջոցով, Բրենդոն ընկերությունն առաջարկում է՝
•    Գովազդ որոնողական համակարգերում
•    Բաներային գովազդ Գուգլի և Յանդեքսի գործընկեր կայքերում
•    Վիդեոգովազդ
Մանրամասների համար կարող եք զանգահարել մեզ 055 999 015 հեռախոսահամարով: