Very Peri-ն՝ այս տարվա ամենաթրենդային գույն

Վստահ ենք՝ շատերդ հետևում եք թրենդներին և փորձում հետ չմնալ նորաձևությունից: Դրանք ազդում են գրեթե ամենինչի վրա՝ մարդկանց արտաքինից, տարբեր ապրանքների դիզայնից մինչև ճարտարապետություն, և դա է պատճառը, որ բոլորն անհամբեր սպասում են տարվա թրենդների վերաբերյալ հայտարարությունների: Ամենանորաձևների համար թրենդների բացահայտումը սկսվում է Փարիզի ամենամյա նորաձևության շաբաթի ընթացքում, որտեղ ծանոթանում են տարվա թրենդային գույներին, նախշերին, կտորներին, զարդերին և դրանց համադրությանը: Չնայած նրան, որ ամեն դիզայներական տուն մնում է հավատարիմ որոշակի ավանդույթների՝ <<տարվա գույնը>> դրանց վրա մեծ ազդեցություն է ունենում: 2020թ.-ի գույնը եղել է դասական կապույտը, 2021-ինը՝ մոխրագույնն ու դեղինը, իսկ թե որն է 2022թ.-ի գույնը կբացահայտենք Բրենդոնի այսօրվա բլոգում:

Արդեն 22 տարի՝ սկսած 2000թ.-ից, Pantone գույների ինստիտուտը ամեն տարի հայտարարում է տարվա թրենդային գույնը: Pantone-ն ասում է, որ ընտրությունը «գունային արտահայտությունն է այն ամենի, ինչ մենք տեսնում ենք համաշխարհային մշակույթում, այն արտահայտում է ընդհանուր տրամադրությունը»: Ըստ Pantone-ի փոխնախագահ Լորի Փրեսմանի՝ գույն ընտրելը պահանջում է տենդենցների մանրակրկիտ դիտարկում և վերլուծություն: 

Այս տարվա գույնը արդեն հայտարարվել է. այն կոչվում է Very Peri և մշակվել է հենց Pantone-ի մասնագետների կողմից: Առաջին անգամ ընկերությունն իր սեփական երանգն անվանել է տարվա գույն, նախկինում փորձագետներն այն պարզապես ընտրում էին առկա գունապնակից: Very Peri-ն ստեղծելիս՝ ինստիտուտը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է թվային աշխարհի, վիրտուալ իրականության և մետավերսիաների թեմային: Ստեղծողները նկարագրել են այն որպես «դինամիկ կապույտ՝ մանուշակագույն-կարմիր երանգով, որը համատեղում է կապույտի հավատարմությունն ու կայունությունը կարմիրի էներգիայի և հետաքրքրասիրության հետ»:

Ըստ Pantone-ի փորձագետների՝ նոր գույնը կլինի «գլոբալ իրադարձությունների և այն անցումային ժամանակաշրջանի խորհրդանիշը, որի միջով մենք անցնում ենք այսօր: Հասարակությունը շարունակում է գիտակցել, որ գույնը հաղորդակցության կարևոր ձև է և հույզեր արտահայտելու միջոց, և այս կապույտը՝ կարմիր-մանուշակագույն երանգով, ընդգծում է մեր առջև ծառացած հսկայական հնարավորությունները», - ասաց Լորի Փրեսմանը։

Դե ինչ, այսքանն էինք պատրաստել տարվա գույնի մասին, հուսով ենք՝ հետաքրքիր էր: Մնացեք Բրենդոնի հետ, հետևեք ժամանակակից թրենդներին՝ ինչպես նորաձևության, այնպես էլ տեխնոլոգիական ոլորտի: Վերջինի համար առաջարկում ենք ընթերցել <<Apple Pay-ը՝ արդեն Հայաստանում>> բլոգը: Հիշեցնենք նաև, որ Բրենդոնը մատուցում է մարքեթինգային, գովազդային, վեբ ծրագրավորման, բրենդինգի և այլ ծառայություններ, համագործակցում առաջատար բրենդների հետ՝ տարբեր ոլորտներից և պատրաստ է օգնել նաև ձեզ: