Ֆիրման կարող է ունենալ հարյուրամյակների պատմություն ու վաստակած համբավ, սակայն անգամ մեկ սխալ մտածված քայլը կարող է հանգեցնել ահռելի կորուստների: Ահա համաշխարհային ճանաչում ունեցող մի քանի ընկերությունների մարքեթինգային ձախողումներ, որոնք ապացուցում են, որ անգամ ամենափորձառու մասնագետներն էլ կարող են կոպիտ սխալներ գործել:
1. 2014թ. իսպանական Zara-ն ստիպված եղավ հետ կանչել խանութներից զոլավոր մանկական գիշերազգեստները, որոնց վրա պատկերված 6 գագաթանի Դավիթի աստղն էլ ավելի էր սրում «Զոլավոր գիշերազգեստով տղայի» և հոլոքոստի հետ կապված ասոցիացիաները: Իհարկե, Zara-ի ներկայացուցիչները հայտնեցին, որ աստղը վերցված է շերիֆների հագուստից, սակայն մոդելը, միևնույն է, անհետացավ թե՛ խանութներից, թե՛ ընկերության կայքէջից:
2. Starbucks-ը, որը տարիներ շարունակ հանդես էր գալիս հրաշալի ու տպավորիչ մարքեթինգային արշավներով, շատ սխալ ձև ընտրեց 2002թ. ներկայացնելու իր՝ «Ընկի'ր սառնության մեջ» արշավը: Սեպտեմբերի 11-ի դեպքերից մի քանի ամիս էր անցել, երբ հայտնվեց Starbucks-ի նոր գովազդային պաստառը, որտեղ պատկերված էին զույգ երկնաքերեր հիշեցնող 2 բաժակները, և ինքնաթիռ հիշեցնող միջատ, որը կողքից թռչում էր դեպի շենքերը: Իրավիճակի սխալ ընկալմանը նպաստել էր նաև «collapse» բառը, ինչի արդյունքում արշավը շատ արագ դադարեցվեց, իսկ այսօր նույնիսկ դժվար է գտնել հստակ լուսանկարներ այդ պաստառից:
3. 1994թ. իտալական Fiat ընկերությունը, ցանկանալով ընդլայնել վաճառքի ծավալները Իսպանիայում, ուղարկեց 50 հազար անանուն սիրային նամակ իսպանուհիներին, որում նրանց ուղղվում էին կոմպլիմենտներ և արվում էր հրավեր դեպի արկածներ: Նախատեսվում էր, որ մի քանի օրից ընկերությունը պետք է ուղարկեր 2-րդ նամակը, որով նրանք պետք է հրավիրվեին թեստ դրայվի: Սակայն կանայք, ստանալով այդ տարօրինակ նամակները, կարծել էին, թե իրենց հետապնդում են ու դիմել էին ոստիկանություն: Նույնիսկ եղել էր դեպք, որն ավարտվել էր դատական գործով և կնոջը տրված դրամական փոխհատուցմամբ:
4. Երբ Tata Nano կոչվող ավտոմեքենան սկսեց արտադրվել Հնդկաստանում, նպատակն այն էր, որ մարդիկ այն ընկալեին որպես ամենամատչելի ավտոմեքենա, քանի որ արժեքն ընդամենը 2400 եվրո էր: Թողարկումից հետո վաճառքի ծավալները շատ ցածր էին, ինչի պատճառ այն էր հանդիսացել, որ հնդիկների համար ավտոմեքենան շքեղության առարկա է, և ամենաէժան մեքենան վարելը նրանց համար վիրավորական և նվաստացուցիչ էր:
Եթե ձեզ հետաքրքրեց ձախողումների այս ընտրանին, կարող եք ծանոթանալ նաև մեր բլոգի 2-րդ մասին՝ սեղմելով այս հղմանը: Իսկ եթե ձեզ հետաքրքում է, թե որն է աշխարհի ամենաերկար գովազդը, կարող եք անցնել այս հղմամբ և կարդալ մեր նյութն այդ մասին: Վստահ եմ, գաղափարը ձեզ յուրահատուկ կթվա: