Երաժշտություն + բիզնես = ?

Երաժշտությունը մարդու վրա էական ազդեցություն է թողնում, և դա վաղուց ապացուցված փաստ է: Երաժշտության որոշ տեսակներ նպաստում է երջանկության հորմոնի արտադրությանը նույնքան, որքան համեղ ուտելիք  ուտելը: Այսօրվա բլոգում կներկայացնենք երաժշտության դերը հաճախորդների հետ հարաբերության ու բիզնեսի զարգացման գործում:

1986թ. անցկացվեցին հետազոտություններ՝ պարզելու համար արագ ու դանդաղ երաժշտության ազդեցությունը ռեստորանի այցելուների վրա: Արդյունքում պարզ դարձավ, որ աշխույժ երաժշտության ժամանակ մարդիկ հաստատությունում միջինը 45 րոպե են մնում, իսկ դանդաղի պայմաններում՝ 11 րոպե ավել: Բացի դրանից, դանդաղ երաժշտության պայմաններում մարդկանց հաշիվը մոտ 30 դոլարով ավել է եղել: Նմանատիպ արդյունք ստացվել էր նաև 4 տարի վաղ՝ սուպերմարկետում մարդկանց վարքը ուսումնասիրելիս:
Սակայն միշտ չէ, որ դանդաղ երաժշտությունը դրական է անդրադառնում շահույթի վրա: Արագ սննդի կետերում հարկավոր է, որ մարդիկ վերցնեն պատվերն ու հնարավորինս արագ հեռանան շենքից, որպեսզի հերթեր չգոյանան: Մանրածախ առևտրի ասպարեզում ռիթմիկ երաժշտությունը կարելի է օգտագործել սպորտային պարագաների խանութներում, որպեսզի մարդիկ իրենց առույգ զգան, ցանկանան սպորտով զբաղվել ու գնումներ անեն:

Մեկ այլ հետաքրքիր փաստ ևս. պարզվել է, որ եթե, օրինակ, գինու խանութում միացնում են ֆրանսիական երաժշտություն, ֆրանսիական գինիների վաճառքը գերազանցում է այլ երկրների արտադրանքին: Այս հնարքը կարելի է օգտագործել այլ կերպ. եթե տուրիստական ընկերությունը ցանկանում է խթանել դեպի Բրազիլիա փաթեթների վաճառքը, լատինաամերիկյան առույգ երաժշտությունը կդառնա նպատակի նվաճման գլխավոր գործիքներից մեկը:
Այն,  որ երաժշտությունը դրական է ազդում մարդկանց արտադրողանակության վրա, դեռևս Էդիսոնն էր հասկացել: Հետագայում այս առիթով ևս անցկացվեցին հետազոտություններ 56 ծրագրավորողների շրջանում, ու պարզ դարձավ, որ երաժշտության պայմաններում նրանք ավելի արագ ու որակյալ են աշխատում, ունեն լավ տրամադրություն ու բավարարված են աշխատանքով: 
Այստեղ էական է աշխատանքի տիպի ու երաժտության ոճի ներդաշնակությունը: Մեխանիկական աշխատանքով զբաղվող մարդկանց համար էական է հստակ ռիթմն ու աշխույժ տեմպը, իսկ գրասենյակային պայմաններում, որտեղ աշխատում են տարբեր մասնագիտության տեր մարդիկ, նախընտրելի է խուսափել շատ բառեր պարունակող երգերից, քանի որ դա նրանց շեղում է: Ամենաունիվերսալն այս դեպքում համարվում են դասական երաժշտությունը և ջազը: Արդյունավետ կերպով կազդի նաև ֆիլմերից ու խաղերից վերցված երաժշտությունը, քանի որ դրանք ի սկզբանե ստեղծվել են տրամադրություն առաջացնելու, գրավելու, մարդուն ներքաշելու նպատակով:
Ձեր բիզնեսի համար երաժշտությունը հաստատ ունի իր անժխտելի դերը, միայն թե հարկավոր է գտնել այն, ինչը ներդաշնակ կլինի Ձեր գործունեության բնույթի հետ ու կդառնա արդյունավետ աշխատանքի բանալին:
Իսկ մենք հիշեցնենք, որ Բրենդոնը Ձեզ համար պատրաստել է նյութ  նաև ռեստորանային նեյրոմարքեթինգի մասին, որին կարող եք ծանոթանալ այստեղ՝ «Ինչպե՞ս են ռեստորանները օգտագործում նեյրոմարքեթինգը, որպեսզի ազդեն ճաշատեսակների ընտրության վրա»: