Մեր նախորդ բլոգերից մեկում, որը կարող եք ընթերցել այս հղմամբ, արդեն հասցրել ենք խոսել Ինստագրամի նոր ֆունկցիայի՝ մինչև 4 տարբերակ պարունակող թեստերի մասին: Այս գործիքը բավականին լայն արձագանքի առաջացավ, ընդ որում՝ սթորիների հին տարրերը (սթիքերներ, հարցումներ, գտնվելու վայր, հետհաշվարկ) դեռևս շատ լայն կիրառություն ունեն և ակտիվություն են առաջացնում օգտատերերի շրջանում:
Ուստի ձեզ ենք ներկայացնում 4 հնարք, որոնք կարող եք օգտագործել թեստերում օգտատերերի ներգրավվածությունը մեծացնելու համար:
Ներգրավող խաղեր
Կարող եք ստեղծել միմյանց հետ փոխկապակցված թեստային հարցերի շարք մեկ թեմայի շուրջ: Այն կարող է կապված լինել ձեր բիզնեսի հետ և դրդել հետևորդներին գուշակել ճիշտ պատասխանը: Դա կարող է լինել, օրինակ «Մի քանի փաստ մեր ընկերության մասին», «Գուշակի՛ր մեր ընկերության ստեղծման պատմությունը», «Պնդումներից ո՞րն է ճիշտ (սխալ)» և այլն:
Նվեր պարունակող մրցույթներ
Կարող եք այստեղ ևս սթորիներում տեղադրել միմյանց հաջորդող թեստային հարցեր, և ով կտա ամենաշատ ճիշտ պատասխանները, կստանա նվերը: Իհարկե, պարզ հարցեր տեղադրելու արդյունքում հնարավոր է` վերջում ստանաք շատ թվով հավասար քանակի ճիշտ պատասխաններ տված մարդկանց, ուստի կարող եք ընդգրկել նաև չափի մեջ բարդ հարցեր: Հաշվարկն այստեղ ստիպված կլինեք ձեռքով իրականացնել: Բացի այդ պետք է կարողանաք վերլուծել՝ հարցերի որ քանակն է օպտիմալ ձեր էջի համար, քանի որ այցելուն, հանդիպելով շատ հարցերի, կարող է ձանձրանալ ու դուրս գալ էջից՝ նույնիսկ մոռանալով մրցանակի մասին:
Նպատակային լսարանի վերլուծություն
Ճիշտ է, այստեղ մեկ պատասխանը համարվում է ճիշտ և այլ տարբերակներ ընտրելիս կոճակը կարմրում է, սակայն հետևորդը դա տեսնում է միայն պատասխանին սեղմելուց հետո, ուստի այս գործիքը կարող եք օգտագործել լսարանի կարծիքն իմանալու համար՝ առաջարկելով ոչ թե 2 տարբերակ (ինչպես հարցումներում է), այլ 4 տարբերակ: Սա օգնում է հասկանալ՝ որ տաբրբերակն է առավել շատ ընտրվել հետևորդների կողմից, և հասկանալ նրանց մտքերի ընթացքը:
Ժամանցային թեստեր
Հոգեբանական թեստերն արդեն մի քանի տասնամյակ է՝ շարունակում են մնալ ուշագրավ: Կան այնպիսիք, որոնցում Ձեր կողմից հաշվարկ կատարելու կարիք էլ չկա, քանի որ ձևակերպումը, օրինակ, հետևյալն է. «Յուրաքանչյուր ընտրված «ա» տարբերակը կբերի 1 միավոր, իսկ «բ»-ն՝ 2»: Այսպիսով, հետևորդներն իրենք կարող են հաշվել իրենց արդյունքները: Կամ հաճախ է կիրառվում այս տարբերակը. օգտատերն ինքը պետք է պարզի՝ որքանով է, օրինակ, Ձեր բրենդի հավատարիմ հաճախորդ համարվում: Տեղադրվում է 10 հարց, և օգտատերը վերջում տեսնում է, թե 10 բալային համակարգով որքան է նա տեղյակ Ձեր բրենդից՝ կախված նրանից, թե նրա տված պատասխաններից քանիսն են համընկել ճիշտ պատասխանի հետ:
Հուսով ենք, որ կկիրառեք թեստերը սոցկայքերի ձեր աշխատանքների մեջ: Իսկ եթե դուք էլ ունեք գաղափարներ,թե ինչպես կարելի է օգտագործել սթորիները բիզնեսի զարգացման համար, անպայման կիսվեք մեզ հետ մեկնաբանություններում կամ գրե՛ք մեր էջին:
Այսօրվա բլոգի համար նախատեսել էինք այսքանը, իսկ եթե ցանկանում եք ավելին իմանալ ինտերնետ-մարքեթինգի ոլորտից, անպայման սեղմելով այս հղմանը՝ ծանոթացե՛ք նաև մեր պատրաստած շարքին՝ «Մարքեթոլոգի բառարանը. 100+ տերմին ինտերնետ-մարքեթինգով հետաքրքրվողների համար»: