Դեռ մի քանի տարի առաջ մարդիկ Հայաստանում դժվարությամբ էին պատկերացնում, որ հնարավոր է գումար վաստակել համացանցի միջոցով, և կապ չունի, թե խոսքն ինչ մասնագիտության մասին է, անգամ մինչ օրս կարող եք լսել հետևյալը՝ «Միևնույն է, չեմ պատկերացնում, թե ինչպես է հնարավոր աշխատել համացանցում և առավել ևս՝ դրա դիմաց գումար ստանալ» կամ էլ «Դա շատ հեշտ է, ո՞վ չի կարող անել»:
Իհարկե չենք ժխտում, որ գումար վաստակելը համացանցի միջոցով գուցե կողքից այդպիսի տպավորություն է թողնում, բայց եկեք տեսնենք՝ ինչ է թաքնված SMM մասնագետի աշխատանքի հետևում: Բրենդոնի այսօրվա բլոգը նվիրված է հենց սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետի առօրյայի վերաբերյալ սպասելիքներին և իրականությանը:
Բոլորը գիտեն, թե ինչով է զբաղվում բժիշկը, դարբինը կամ շինարարը, բայց համեմատաբար նոր առաջացած մասնագիտությունների վերաբերյալ հստակ պատկերացումներ դեռ չկան, և անգամ գործատուն է սահմանում՝ որ կետերն է պարտավոր անել այս մասնագետը, որը՝ մյուսը: Մի ընկերությունում SMM մասնագետից պահանջում են տիրապետել հնարավորինս շատ մարքեթինգային գործիքների, մշակել, լրացնել և վերլուծել բրիֆը, ներկայացնել հաշվետվություններ: Մյուսում նա աշխատում է դիզայների հետ, լցնում է սոցկայքերը կոնտենտով, պատրաստում սթորիներ: Երրորդում անում է բոլոր գործառույթները:
Կախված ընկերության և նրա կողմից իրականացվող նախագծերի չափերից՝ խնդիրները կարող է իրագործել մեկ կամ մի քանի անհատ, սակայն մեծ նախագծերի դեպքում բոլոր գործառույթների, օրինակ՝ կոնտենտ պլանի մշակում, կապ հաճախորդի և նրա հաճախորդների հետ, դիզայն, գովազդ, իրականացումը մեկ մասնագետի կողմից արդյունավետ լինել չի կարող:
Սպասելիք
SMM մասնագետն աշխատում է հնգօրյա գրաֆիկով, ամեն օր 18:00-ին փակում է համակարգիչը ու վերջ. տուն գնալու ժամանակն է:
Իրականություն
Անգամ ամենաիդեալական աշխարհում այդպիսի մասնագետներ չկան: Այս մասնագիտությունն ընտրածները 24/7 կապի մեջ են, չէ՞ որ համացանցը երբեք չի հանգստանում և չի էլ քնում: Լիցքավորված հեռախոս, որը երբեք չի խափանվում, չի արգելակվում ամենակարևոր պահերին, ստանում է վառ կադրեր և ունի հասանելիություն դեպի համացանց. սա է SMM մասնագետի լավագույն ուղեկիցը:
Անընդհատ լինելու է հրապարակումների, սթորիների, ուղղումներ անելու, նամակներին ու մեկնաբանություններին արձագանքելու անհրաժեշտություն:
Սպասելիք
Խնդրում ենք ծանոթներին լայքել մեր արած հրապարակումները, և դրանք կսկսեն արագ տարածում գտնել միանգամայն անվճար:
Իրականություն
Ալգորիթմներին խաբել հնարավոր չէ: Այո, հարազատները կարող են փորձել մի քանի հավանումով փրկել իրավիճակը, սակայն ընդհանուր պատկերը դրանից չի փոխվելու: Ավելի լավ է գտնել թիրախի հետ փոխազդելու ամենաարդյունավետ կետերը և սկսել ներգրավել անծանոթներին, որոնք հետագայում ավելի հետաքրքրված կլինեն կոնտենտով ու հավատարիմ կլինեն Ձեր հրապարակումներին, քան ձանձրացած բարեկամները:
Սպասելիք
Ուղղակի պետք է անել այն, ինչ ցանկանում է հաճախորդը, և նա գոհ կմնա: Միայն մեծատառերով տե՞քստ, սպիտակ ֆոնի վրա սպիտակ լոգոտի՞պ, միայն վաճառող հրապարակումնե՞ր. շատ լավ, հիմա անենք:
Իրականություն
Այստեղ հարկավոր է գտնել բալանսը հաճախորդի ցանկությունների և պրոֆեսիոնալ մոտեցման միջև: Եթե լսում եք տեսակետ, որը կարող է վնաս հասցնել էջի արդյունավետ աշխատանքին, հանդես եկեք մասնագիտական հիմնավորումներով և խորհուրդներով: Սխալ արված քայլերը վերջիվերջո մասնագետին են դնելու վատ դրության մեջ:
Սպասելիք
Մասնագետն արագ դառնում է ինտերնետի գուրու և հասկանում է ամեն ինչ ալգորիթմների մասին:
Իրականություն
SMM մասնագետի ամեն օրը լի է թարմացումներով, և պարզապես հնարավոր չէ կանգնած մնալ նույն տեղում: Հաճախ մասնագետները հանդիպում են սթրեսային իրավիճակի, երբ մեկ շաբաթ արձակուրդից հետո վերադառնում են աշխատանքի ու տեսնում գլխիվայր շրջված ինտերֆեյս, լրիվ այլ գովազդային արդյունավետություն և սթորիների դիտելիություն:
Դա է պատճառը, որ SMM մասնագետը հաճախ բաց է թողնում ամենաթրենդային սերիալները, քանի որ զբաղված է ուսուցողական հոլովակներ դիտելով ու թրեյնինգների մասնակցելով:
Առաջին հայացքից թվաց, թե SMM մասնագետը երբեք չի՞ հանգստանում. այո՛, դրա մեջ ճշմարտության որոշակի չափաբաժին կա, քանի որ անգամ ծովափին պարկած՝ նա մտածում է արդյո՞ք ճիշտ սթորի արեցին իր փոխարեն, արդյո՞ք հրապարակումները գնում են պլանավորվածի համաձայն: Վերջիվերջո հաճախ որոշում է ինքն անել իր հրապարակումներն ու սթորիները, և սա պատասխանատվության, աշխատանքի նկատմամբ նվիրվածության մասին է:
Բրենդոնի այսօրվա բլոգում այսքանն էինք նախատեսել ժամանակակից ամենապահանջված մասնագիտություններից մեկի մասին: Իսկ եթե հետաքրքրված եք սոցիալական մեդիա մարքեթինգի մասնագետի աշխատանքային առօրյայով, անպայման ընթերցեք նաև մեր նախորդ նյութերից մեկը՝ «Ի՞նչ է պահանջվում SMM մասնագետից»: