Մեր բլոգի առաջին մասում արդեն ներկայացրել էինք համաշխարհային բրենդների անվանումներ, որոնք սխալ են արտասանվում, և երբեմն կային օրինակներ, որոնցում սխալ արտասանությունը ընդունվել էր նույնիսկ պաշտոնական ներկայացուցիչների կողմից: Դե ինչ, համալրենք ցանկը ևս մի քանի բրենդով:
Ermenegildo Zegna
Համաշխարհային ճանաչում ունեցող այս բրենդի անունը սխալ է արտասանվում անգամ հենց վաճառողների կողմից: Չնայած նրան, որ իրար են հաջորդում g և n տառերը, անունը կարդացվում է ոչ թե «ԶԵՅՆԱ», այլ «ԶԵՆՅԱ»: Իսկ ինչ վերաբերում է առաջին մասին, այն մեծ մասամբ չի էլ կիրառվում, սակայն բրենդի ամբողջական անվանումը Էրմենեջիլդո Զենյա է:
Hublot
Շվեյցարական շքեղ ժամացույցների այս աշխարհահռչակ բրենդը գրեթե միշտ անվանվում է հենց այնպես, ինչպես գրվում է՝ Հուբլոտ, սակայն իրականում ճիշտ է «Յուբլո՛» արտասանությունը:
Bvlgari
Բրենդի անունը հիմնվել է լատինական այբուբենի վրա, որտեղ V-ն հավասարազոր է U-ի: Կա նաև մեկ նկատառում՝ սխալ շեշտադրումը. Իրականում ոչ թե Բու՛լգարի է, այլ Բուլգա՛րի:
Xiaomi և Huawei
Նույնիսկ գովազդի ժամանակ այս բրենդն արտասանվում է Քսյաոմի կամ Սյաոմի, սակայն իրականում չինացիներն այն անվանել են «ՇՅԱՈՄԻ»: Նույն կերպ սխալ արտասանվող Հուավեյն իրականում անվանվել է «ՈՒԱՈՒԵՅ»:
UGGs
Այս բրենդի պատմությունը սկսում է նմանվել «Պամպերս»-ին կամ «Xerox»-ին. նմանատիպ բոլոր ձմեռային կոշիկներն անվանվում են ուգգ: Սակայն իրականում ոչ միայն կոշիկի տվյալ ձևին ուգգ ասելն է սխալ,այլև բրենդի անվանումն իրականում «ԱԳԳս» է:
Agent Provocateur
Չնայած այս բրենդը ունի բրիտանական ծագում, սակայն այն ստեղծողները խորհուրդ են տալիս կիրառել ֆրանսիական արտասանությունը՝ ոչ թե «Ագենտ Պրովակատր», այլ «Աժան Պրովակատր»:
Ritter sport
Տարբեր համերով շոկոլադե այս սալիկներն ի սկզբանե ստեղծվել էին քառակուսի ձևով, որպեսզի տեղավորվեին սպորտային բաճկոնների գրպանում: Շոկոլադները տրամաբանորեն անվանում են Ռիտեր Սպորտ, սակայն իրականում նրա գերմանական անվանումը կարդացվում է «ՌԻՏԵՐ ՇՊՈՌՏ»:
Maison Francis Kurkdjian
Հայկական արմատներ ունեցող աշխարհահռչակ այս պարֆյումերը ոչ միայն ճանաչված է համաշխարհային բրենդների համար ստեղծած իր բույրերով (Narciso Rodriguez, Nina Ricci, Burberry, Elie Saab), այլև իր սեփական բրենդային օծանելիքներով, որոնք ի պատիվ իր անվան, արտասանվում են Մեզոն Ֆրանսիս Կուրկջան:
Porsche
Ավտոսիրողների կողմից հաճախ արտասանվում է թե՛ Պորշ, թե՛ Պորշե՛ տարբերակը: Իրականում գերմանացիները՝ մեքենաներն արտադրողները, այն անվանում են «ՊՈ՛ՐՇԵ»:
Balmain
Նորաձևության աշխարհում շատ է տարածված Բելմեյն արտասանությունը՝ կրկին պայմանավորված անգլերենի արտասանության կանոններով: Ֆրանսիական արտասանությունը «ԲԱԼՄԱ՛Ն» է՝ ի պատիվ Պյեռ Բալմանի:
Դե ինչ, եթե ձեզ հետաքրքրեց այս շարքը, և ցանկանում եք իմանալ ավելին, չմոռանաք ընթերցնել նաև բլոգի առաջին մասը՝ անցնելով հետևյալ հղմամբ:
Իսկ ոլորտի նորություններից հետ չմնալու համար կարող եք հետևել մեր Ֆեյսբուքյան թարմացումներին: