Հիշենք մեզ 1 ամիս առաջ և հիմա. արդյո՞ք մենք նույն ժամանակն ենք անցկացնում համացանցում: Կորոնավիրուսի բռնկմանը զուգընթաց մեծացավ մարդկանց ներհոսքը դեպի համացանց ոչ միայն այն պատճառով, որ բոլորն ուզում են իմանալ՝ ինչ է կատարվում, այլև մեկուսացման հետևանքով անհամեմատ շատ մարդիկ միաժամանակ հայտնվել են տանը, և ինտերնետ մտնելը դարձել է մեր առօրյայի առանցքային մասը: Ստացվում է, որ Streaming ծառայությունների օգտագործումը վերջին շաբաթների ընթացքում աճել է, քանի որ օրինակ եթե նախկինում մարդիկ YouTube-ից օգտվում էին աշխատանքից հետո, ապա հիմա այն ծանրաբեռնված է՝ սկսած վաղ առավոտից:
Նկարում երևում է, թե որ երկրներում որքանով է վիրուսը տարածվել
Գուգլի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենք հետևում են կորոնավիրուսի բռնկման ընթացքին և գլոբալ արձագանքին, ուստի սկսած 2020-ի մարտի 24-ից՝ YouTube- ը նվազեցնում է տեսանյութերի որակը ամբողջ աշխարհում, ինչը նպատակաուղղված է թրաֆիկի թեթևացմանը:
Առաջիկա օրերի ընթացքում օգտատերերը սկզբում կտեսնեն YouTube- ի տեսանյութերը ստանդարտ որակով (SD), բայց նրանք կկարողանան ձեռքով ընտրել բարձր որակը ցանկության դեպքում:
Հիշեցնենք, որ Եվրոպայում խոշորագույն հեռարձակողներին՝ ներառյալ Netflix Inc.-ին և Amazon Prime Video-ին, արդեն իսկ խնդրվել էր նվազեցնել թրաֆիկի թողունակությունը:
Տեսահոլովակի դիտումը, բնականաբար, ավելի շատ ինտերնետային թողունակություն է պահանջում, քան երաժշտություն լսելը, հաղորդագրություններ ուղարկելը կամ քարտեզ նայելը փոխանցված ֆայլերի չափի պատճառով: YouTube- ը չի հավատում, որ աշխարհին սպառնում է ինտերնետի չբավարարելու խնդիրը, սակայն կանխարգելիչ միջոցառումներ, ամեն դեպքում, իրականացվում են, քանի որ իրավիճակի վերաբերյալ աճում է անհանգստությունն անգամ երկրների կառավարությունների մակարդակով:
«Մենք շարունակում ենք սերտորեն համագործակցել աշխարհի կառավարությունների և ցանցային օպերատորների հետ` գործադրելով մաքսիմալ ջանքեր, որպեսզի նվազագույնի հասցնենք սթրեսը համակարգի վրա այս աննախադեպ ու անկանխատեսելի իրավիճակում », - ասվում է Google-ն իր հայտարարության մեջ:
Ինչպես խոստացել էինք՝ մեր բլոգում ներկայացվելու են ոլորտի ամենաթարմ նորությունները, իսկ Ձեզ մնում է պարզապես մնալ տանը, հարմար տեղավորվել և անցնել մեր մեկ նյութից մյուսը:
Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են մեկուսացումից քաղել առավելագույն արդյունքները, անպայման խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել մեր «Մարքեթոլոգի բառարանը. 100+ տերմին ինտերնետ-մարքեթինգով հետաքրքրվողների համար» բլոգը, որտեղ բոլորին հասանելի բառերով բացատրվում են ինտերնետ-մարքեթինգում ամենաշատը կիրառվող տերմինները: