Առօրյայում տեղի ունեցող ցանկացած նոր երևույթ ու թրենդ կարող է հանգեցնել սոցկայքերում կոնտենտի փոփոխության: Անգամ եթե խոսքը ինչ-որ տոնի, չելենջի, հատուկ իրադարձության մասին է, գոնե ինչ-որ ժամանակահատվածով լրահոսը կերպարանափոխվում է: Կորոնավիրուսը և ինքնամեկուսացումը չէին կարող չազդել կոնտենտի վրա, ուստի Google-ը ներկայացրել է, թե որ տեսակի կոնտենտն է այս ժամանակաշրջանում պոպուլյար դարձել YouTube-ում:
Փաստորեն, ինքնամեկուսացման շրջանում մարդիկ սկսել են ավելի շատ նայել հետևյալ բովանդակությամբ հոլովակներ.
1. Խորհուրդներ տնից աշխատողների համար
Ինչպես գիտեք՝ արդեն մոտ մեկ ամիս է տնից են աշխատում բոլոր նրանք, ում աշխատանքը դա թույլ է տալիս, և սրա հետ կապված աճել է հետաքրքությունն այն հոլովակների նակտմամբ, որոնցում խոսվում է տնային պայմաններում աշխատանքային գործընթացի արդյունավետ կազմակերպման մասին: Տրվում են խորհուրդներ՝ ինչ հավելվածներ կարելի է օգտագործել օրվա պլանավորման, օնլայն հաղորդակցման համար, ինչ պետք է անել կապի խափանման դեպքում, ինչպես կազմակերպել թիմային աշխատանքը և այլն:
2. Առցանց ուսուցում
Կորոնավիրուսի բռնկման ամենասկզբից որոշում կայացվեց կասեցնել դպրոցների, մանկապարտեզների ու բուհերի աշխատանքը, քանի որ անգամ մեկ հիվանդը կարող էր շատ ծանր հետևանքների հանգեցնել: Մեկ շաբաթում արդեն մարդիկ սկսեցին համակերպվել օնլայն ուսուցման հետ, իսկ աշխարհի մասշտաբով արդեն հունվարից սկսել էին ակտիվանալ «սովորում ենք միասին» թեմայով հոլովակները: Այս տարվա հունվարին՝ նախորդ տարվա հետ համեմատած, ուսուցողական հոլովակների դիտելիությունն աճել է ավելի քան 50%-ով: Վերջին շաբաթների ընթացքում հեղինակները սկսել են օգտագործել #WithMe հեշթեգը՝ կոչ անելով նույն առարկայով զբաղվողներին միանալ իրենց:
3. Խոհարարական հոլովակներ
Նկատած կլինեք, որ եթե անգամ մարդը ոչ մի կապ չի ունեցել խոհարարության հետ, հիմա սկսել է ինչ-որ բան պատրաստել ու ներկայացնել հետևորդներին: Նույնն է կատարվում նաև YouTube-ում, և դրա մասին է վկայում նաև այս տեսակի վիդեոների նկատմամբ հետաքրքրության աճը 45%-ով: Մարդիկ կիսվում են պարզ ու բարդ բաղադրատոմսերով, պատմում իրենց իրենց բացահայտած խոհարարական գաղտնիքները:
4. Պայքար սթրեսի դեմ
Պանդեմիան անհանգստության լրիվ արդարացված պատճառ է, ուստի մարդիկ սկսել են ավելի շատ նայել այնպիսի հոլովակներ, որոնք օգնում են հաղթահարել տագնապն ու սթրեսը: Օրինակ՝ մեդիտացիայի վիդեոների դիտումներն աճել են 35%-ով՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ: Պոպուլյար են դարձել նաև յոգայի, ակվարիումների մասին հոլովակները, ինչպես նաև ASMR-ները:
5. Մարզանք
Նրանք, ովքեր սպորտով էին զբաղվում և հիմա չունեն հնարավորություն այցելելու մարզասրահներ, սկսել են պարապել տանը: Այս մարդկանց գումարվել են նաև նրանք, ովքեր նստակյաց կյանքի հետևանքով ավելորդ կիլոգրամներ են հավաքել, ու հիմա որոշել են ազատվել դրանցից: Արդյունքում մարտի 10-ից հետո 55%-ով ավել տնային մարզումների մասին հոլովակներ են սկսել բեռնվել YouTube՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ:
Գուցե վիդեոհոլովակների այս տեսակները ձեզ մոտ ցանկություն առաջացնեն անգամ բացել սեփական ալիքը, քանի դեռ ժամանակ կա: Եթե նման բան որոշեք՝ ոգեշնչվելով մեր բլոգից, անպայման կիսվե՛ք մեզ հետ ևս: Իսկ մենք խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև մեկ այլ նյութ՝ «COVID-19-ի ֆոնին մարդիկ 20% ավել ժամանակ են անցկացնում հավելվածներում», եթե ցանկանում եք ծանոթանալ, թե որքանով են փոխկապակցված վիրուսն ու հավելվածների շուկան: