Բրենդներ կան, որոնք տասնամյակներով մնում են շուկայում, սակայն մարդկանց ուղեղում ոչ մի կերպ չեն տպավորվում: Լինում է նաև հակառակը, երբ բրենդի անվան հետ ասոցացվում է նաև նրա մրցակիցների արտադրանքը, ու հենց այսպիսի բրենդների մասին է մեր այսօրվա բլոգը:
Կեդեր – Keds
1916թ. ստեղծված «Keds» ֆիրմայի անվանումից առաջացած «կեդեր» տերմինն այսօր օգտագործվում է նույնիսկ ավելի հայտնի բրենդների արտադրած կոշիկները բնութագրելու համար: Սկզբում ընկերությունը «Peds» է կոչվել, որը լատիներենից թարգմանաբար նշանակում է ոտքեր, իսկ անգլերենից՝ գործված զամբյուղ: Այժմ շուկայում առաջատար են համարվում Converse All-Star կեդերը:
Էսկիմո - Eskimo Pie
Ամերիկաբնակ դանիացի Քրիստիան Կենտը քաղցրավենիքի խանութ ուներ: 1920թ. նա ստեղծեց ջնարակապատ առաջին պաղպաղակը այն ժամանակ, երբ նրա այցելուներից մեկը չէր կողմնորոշվում՝ ինչ գնել՝ պաղպաղա՞կ, թե՞ շոկոլադ: Սկզբում պաղպաղակին տրվեց «I-Scream Bars» անվանումը՝ i scream-ը նմանեցնելով ice cream-ին, իսկ հետո անունը փոխվեց Eskimo Pie-ի, որը թարգմանաբար նշանակում է Էսկիմոսի կարկանդակ: 1922թ. ընկերությունն սկսեց այլ արտադրողներին վաճառել այս անվամբ պաղպաղակներ պատրաստելու թույլտվությունը: 2007 թվականից Eskimo Pie բրենդը պատկանում է Nestlé-ին:
Ֆլոմաստեր – Flo-master
Այս ապրանքի ունիվերսալ անվանումը մարկեր է, սակայն տարբեր երկրներում դրա փոխարեն ասվում են արտադրողների անունները: Flo-Master բրենդի ներքո Cushman & Denison ընկերություն 1951թ. սկսեց թողարկել փափուկ ծայրով բազմակի օգտագործման գրիչներ: 1960թ. այդ ընկերությունը միավորվեց Esterbrook Pens ընկերության հետ, ու հենց այդ ժամանակ էլ սկսեց թողարկել Flo-Master անվամբ մարկերները ճապոնական տեխնոլոգիաներով: 1967թ., երբ Venus Pen ընկերությունը գնեց այս ընկերությանը, Flo-Master ապրանքանիշը սկսեց պատկանել Venus Esterbrook-ին: Այսօր մեզնից բացի մարկերներին ֆլոմաստեր են ասում Ռուսաստանում, Լեհաստանում, Բոսնիայում, Խորվաթիայում, Սերբիայում և Սլովենիայում:
Պորոլոն - Porolon
Առաջին անգամ պոլիուրեթանը պատահաբար ստացվեց գերմանական Bayer ընկերության քիմիկոսների կողմից` որպես անցանկալի գազային պղպջակներով կողմնակի նյութ: Իսկ հիմա Bayer-ը հանդիսանում է պենոպոլիուրեթանի համար անհրաժեշտ նյութերի հիմնական մատակարարն ամբողջ աշխարհում: Նախորդ դարի 50-ականներին նորվեգական Porolon ընկերությունը սկսեց ԽՍՀՄ մատակարարել պենոպոլիուրեթան: Այդ ընկերության անունն էլ հենց մնաց նյութի վրա:
Լեյկոպլաստիր – Leukoplast
Ստեղծվել է Գերմանիայում 1882թ.: Վերքերը բուժող այս արդյունավետ միջոցը, որը պաշտպանում էր այն բորբոքումից, չվայելեց մեծ ճանաչում: 8 տարի անց Բոյերսդորֆը իր ընկերությունը վաճառեց դեղագործ Օսկար Տրոպլովիցին, որը կարողացավ խթանել դրա վաճառքն ու պատենտավորեց սպեղանին «Leukoplast» անվան տակ (հին հունարեն leukos – սպիտակ և լատիներեն emplastrum – վիրակապ բառերից): 1921-2003թթ.. ապրանքանշանը պատկանում էր Beiersdorf AG-ին, իսկ հետո բրենդը գնվեց համբուրգյան BSN medical GmbH ֆիրմայի կողմից:
Պատկերացնու՞մ եք՝ ինչ կլիներ, եթե յուրաքանչյուր բրենդի անունն այնքան տարածվեր, որ մարդկանց մոտ բոլոր արտադրանքներն ասոցացվեին դրա հետ (ինչպես Ջերմուկը, Pampers-ը, Santavik-ը և այլն): Եթե այս թեման ձեզ հետաքրքրեց, կարող եք ընթերցել նաև դրա առաջին մասը:
Իսկ մենք ձեզ ենք առաջարկում մեր ծառայությունները, որոնց որակն ու հուսալիությունը ապացուցվում է Բրենդոնի ստեղծած և առաջխաղացրած բրենդների համբավով: Մանրամասների համար կարող եք զանգահարել 055 999 015 հեռախոսահամարին: