Facebook-ում արգելվում է կորոնավիրուսի հետ կապված որոշ ապրանքների գովազդումը

Անգամ ոլորտից անտեղյակ մարդիկ հասկացան, թե ինչպես վիրուսի տարածմանը զուգընթաց սկսեցին կտրուկ բարձրանալ դիմակների, ախտահանիչների, ալկոգելի գները: Facebook-ն, իր հերթին, որոշեց հակազդել առիթից օգտվողներին՝ արգելելով մի շարք ապրանքատեսակների գովազդումը, որոնք անհրաժեշտ են կորոնավիրուսից պաշտպանվելու համար: Արգելքը վերաբերում է հետևյալ ապրանքատեսակներին՝

•    Ձեռքերն ախտահանելու միջոցներ,
•    Մակերևույթներն ախտահանելու միջոցներ,
•    COVID-19-ը թեստավորելու միջոցներ,
•    Արգելքը դիմակների վրա արդեն իսկ գործում է


Արգելելով տվյալ ապրանքատեսակների գովազդումը՝ Ֆեյսբուքը փորձում է պաշտպանել օգտատերերին արհեստականորեն ուռճացված գներից: Եթե հարթակը նկատի այս ապրանքատեսակների հետ կապված չարաշահումներ անգամ օրգանական հրապարակումներում, այսպիսի կոնտենտը ևս կջնջվի անգամ առանց գովազդի միացման:
Հայտարարության բնօրինակը կարող եք տեսնել նկարում՝
 

Բացի դրանից, Ֆեյսբուքը տեղեկացնում է, որ արդեն իսկ այս շաբաթվանից սկսած՝  մեծ թվով ստուգումներ կսկսեն իրականացվել ավտոմատացված ռեժիմով: Գովազդատուների համար դա կարող է ունենալ հետևյալ հետևանքները՝
•    Գովազդի ստուգման ժամանակահատվածի երկարաձգում,
•    Դիմուների պատասխանների ստացման ժամանակահատվածի երկարաձգում,
•    Մերժված հայտարարությունների թվի կտրուկ աճ. սա ենթադրում է, որ կաճեն նաև սխալմամբ մերժված գովազդները:  
Սոցկայքը խորհուրդ է տալիս գովազդատուներին դեռևս չստեղծել նոր հայտարարություններ, այլ ընդլայնել նախորդների ցուցադրման հնարավորությունները, քանի որ հակառակ դեպքում հնարավոր չի լինի խուսափել սոցկայքում աշխատանքների խափանումներից: Պետք է նաև հնարավորինս խուսափել արդեն իսկ հաստատված հայտարարությունների խմբագրումից, քանի որ դրանից հետո հայտարարությունը կրկին անցնելու է հաստատման փուլով:
Հիշեցնենք, որ Ֆեյսբուքը խոստացել է կորոնավիրուսից տուժած փոքր բիզնեսին նվիրաբերել ընդհանուր առմամբ 100 միլիոն դոլար: 
Դե ինչ, սա բոլոր նրանց համար էր, ովքեր հետաքրքրված են կորոնավիրուսով, իսկ եթե ցանկանում եք ցրվել, խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև մեկ այլ բլոգ՝ «Puma-ի նոր մոդելը պատկերում է Հիտլերի՞ն»: