Համատեղելի՞ են արդյոք հումորն ու մարքեթինգը

Այսօր  Երգիծանքի եւ ծիծաղի միջազգային օրն է, որը նշվում է ողջ աշխարհում ու ուղեկցվում մտերիմների շրջանում արվող կատակներով, իսկ թե մասնագիտական, տվյալ դեպքում՝ մարքեթինգի ոլորտում որքանով է նպատակահարմար կիրառել հումորը, կքննարկենք այս բլոգում:

Արտադրանքի առաջխաղացումը,իհարկե, շատ լուրջ գործ է, բայց շատերը սխալվում են՝ կարծելով, թե հումորն այստեղ անտեղին է: Եթե նախկինում հումոր այս ոլորտում շատ քիչ էր արվում՝ ասոցացվելով անլրջության հետ, ապա այժմ ոլորտի ինովացիաներից է գովազդային նյութերում, լոգոներում, կորպորատիվ ոճում  հումորային տարրերի կիրառումը:

Հումորը հզոր ոչ դեղորայքային հակադեպրեսանտ է, և երբ գովազդի ժամանակ մարդիկ զվարճալի ինչ-որ բան են նկատում, միանգամից թուլանում է գովազդ դիտելիս առաջացող զգուշավորությունը, և նրանք ավելի քիչ են դիտածը որպես գովազդ ընկալում: Դա թույլ է տալիս տեղեկատվությունը ավելի հեշտ հասցնել մարդուն և ուղղորդել նրան գնում կատարելու:

Ծիծաղելի նկարները, դրվագները, նույնիսկ երաժշտությունը արագ հիշվում են, ու կարող են ժամանակ առ ժամանակ վերհիշվել անկախ մեր կամքից: Ահա մի քանի վիճակագրական տվյալ նրանց համար, ովքեր հավատում են միայն թվերին՝

  • Գովազդում հումորի պարունակությունը ապահովում է սպատակային լսարանի՝ 50%-ով ավելի շատ ներգրավվածություն:
  • Երբ մարդիկ սոցիալական կայքերում կիսվում են ձեր հրապարակած կոնտենտով, դրա 70%-ը հենց հումորային բովանդակություն ունեն: Հումորային հրապարակումները ոչ միայն զվարճալի են, այլև հզոր մարքեթինգային գործիք են:  
  • Վիրուսային կոնտենտի 90%-ը հենց հումորային հոլովակներն են:

Բացի սրանից, հումորն ունի մարդկանց միավորելու հատկություն. նույնիսկ երբ կինոթատրոնում անծանոթ մարդիկ զվարճալի ֆիլմ են դիտում, դահլիճում միասնականության զգացում է առաջանում: Իսկ մարքեթինգի դեպքում դա կհեշտացնի ֆան ակումբներ, արտադրանքի երկրպագուների խմբավորումներ առաջացնելու գործընթացը:

Վստահ կարող եք լինել, որ հումորի չափավոր օգտագործումը ավելի կօգնի արտադրանքի առաջմղմանը, քան դա կարող են անել խիստ ռացիոնալ ու լուրջ հրապարակումները: Որպես բոնուս՝ ահա 2019թ. մի քանի զվարճալի հոլովակ.


Իսկ եթե ցանկանում եք ծանոթանալ Ինստագրամում գործող մի քանի հետաքրքիր, հումորային ու յուրահատուկ էջերի, կարող եք անցնել հետևյալ հղմամբ: