Նոր սոցկայք հայերի համար. HyeConnect Սերժ Թանկյանի և Ալեքսիս Օհանյանի կողմից

Երևանում հոկտեմբերի սկզբին կայացավ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը՝ WCIT-2019-ը, որի ընթացքում հայտարարվեց նոր սոցիալական կայքի՝  HyeConnect-ի գործարկման նախագծի մասին: 

Նախագիծը ներկայացրին
•    Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը,
•    System of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը,
•    Synopsys ընկերության նախագահ Երվանդ Զորյանը,
•    Ամերիկահայ բժիշկ և պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը,
•    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: 


Նկարում ձախից աջ՝ Էրիկ Էսրաիլյան, Ալեքսիս Օհանյան, Հակոբ Արշակյան, Երվանդ Զորյան, Սերժ Թանկյան:

Հեղինակները նախատեսել են HyeConnect-ը դարձնել ամբողջ հայության կենտրոնացման վայրը, օգնել սփյուռքահայերին համագործակցել միմյանց հետ, բացել ձեռնարկություններ ու հեռահար կերպով վարել համատեղ նախագծեր: Ընդհանուր լսարանը, ըստ կանխատեսումների, կհասնի 11 միլիոնի, որից 7-8 միլիոնը կլինեն Հայաստանում և դրա սահմաններից դուրս ապրող հայերը:
Հարթակը մշակման նախնական փուլում է ու լինելու է ոչ առևտրային: Ըստ Օհանյանի՝ այն ստեղծելու ընթացքում հաշվի է առնվելու այլ սոցկայքերի փորձը: Թանկյանը նշել է, որ այս նախագծի մտքերը եղել են դեռևս Սերժ Սարգսյանի կառավարման օրոք, և հարթակը նպատակ է ունեցել սփյուռքի միջև կապ հաստատել անկախ նրանից, թե ինչ կկատարվի Հայաստանի ներսում: Իսկ 2018թ. հեղափությունից հետո միտքը մի փոքր ձևափոխվեց, և կայքի նպատակը դարձավ սփյուռքի ու հայրենիքի միավորումը: 
Թանկյանը բերել է օրինակ, որով երևում է կայքի ստեղծման նպատակը: Նա նշում է, որ կարող է հրաշալի իմանալ` ընդհանուր առմամբ ինչ է կատարվում աշխարհի հայերի հետ, սակայն երբ մի օր իրեն նոր երգի համար պետք լինի ֆրանսահայ ռեփեր, դժվար թե այդ մարդուն Ֆեյսբուքով արագ գտնել հաջողվի: Իսկ HyeConnect-ի նպատակն է ըստ հետաքրքրությունների միավորել հայերին, ստեղծել ինկուբատորներ, ֆոկուս-խմբեր, սիմպոզիումներ: Այս ամենի արդյունքում հրաշալի նախագծեր կստացվեն:
Հակոբ Արշակյանը խրախուսել է նախաձեռնությունը՝ նշելով, որ  HyeConnect-ը երկրի ներսում ստարտափի հրաշալի օրինակ է, որին պետք է աջակցել ու զարգացնել: Նա հայտարարեց հարթակի վրա հիմնված «Հայկական վիրտուլ կամրջի» մասին, որի միջոցով երկրի ներսում գոյություն ունեցող ու նոր ստեղծվող ընկերությունները  կկարողանան ուղղակիորեն կապ հաստատել համաշխարհային շուկայի ու էկոհամակարգերի հետ, իսկ օտարերկրյա ձեռնարկատերերը կկարողանան գործարկել ստարտափեր հայ փորձագետների աջակցությամբ:

Դե ինչ, սպասենք այս հրաշալի նախաձեռնության կյանքի կոչմանը ու հուսանք, որ այն իսկապես կծառայի իր նպատակին:
Շարունակելով  սոցկայքերի թեման՝ խորհուրդ ենք տալիս ընթերցել նաև «Ի՞նչ գիտեն մեր մասին սոցկայքերը» բլոգը: Մաղթում ենք հաճելի ընթերցանություն: