ВКонтакте-ն թույլ կտա վաճառել ձեր խումբը

Մարդիկ տարիներով սոցիալական կայքերում վարում են էջեր՝ ակնկալելով այն վերջիվերջո վերածել եկամտի աղբյուրի, ու միայն քչերի մոտ է ստացվում հավաքել տասնյակ, հարյուր հազարավոր լսարաններ: Ոմանք գումար են աշխատում գովազդ տեղադրելով, ոմանք էլ պարզապես վաճառում են ամբողջական էջը:

Կան կայքեր, որոնցում դա առանց որևէ խոչընդոտի հնարավոր կլինի խմբերի կամ էջերի առքուվաճառք անել, բայց կան նաև այնպիսիք, որոնք փորձում են հնարավորինս նվազեցնել այդպիսի գործարքները: ВКонтакте սոցիալական կայքը օգտագործման կանոնների փոփոխությունից հետո հեռացրել է խմբերի վաճառքի արգելքը:

Խմբերի տերերը կիրակացնեն գործարքը իրենց պատասխանատվությամբ՝ չնայած սոցկայքը խորհուրդ է տալիս օգտվել իրավաբանների ծառայությունից, կնքել պայմանագրեր և ստուգել՝ արդյոք խումբը կապված է ինչ-որ իրավաբանական անձի հետ: Օգտատերը հանձնում է ադմինիստրատոր լինելու իրավունքը գնորդին, և հետագայում առաջացած խնդիրների դեպքում առանց իրավաբանի խորհրդատվության գուցե հնարավոր չլինի ինքնուրույն լուծման հանգել: Այսպիսի առևտրային գործարքները պետք է ոչ միայն կողմերի շահերին համապատասխանեն, այլև երկրի օրենսդրությանը:

Նորամուծության ներդրման պատճառ է հանդիսացել խմբերի՝ բիզնեսի զարգացման գործում ունեցած հսկայական դերը, և այժմ դրանք բավականին լուրջ ակտիվ են հանդիսանում գործարար միջավայրում:

Խմբերը ոչ միայն միանման մտածելակերպ ունեցող օգտատերերի հավաքատեղի են, այլև սպառողների մեծ բանակի հետ ուղիղ կապ հաստատելու միջոց:

Բացի դրանից, ВКонтакте-ում գովազդային առաջխաղացման համար ներդրված գումարնեը հետագայում բիզնեսի սեփականատերերին հսկայական եկամուտներ են բերում: Իհարկե, այս պարագայում ոչինչ չի ստացվի առանց ադմինիստրատորի մանրակրկիտ աշխատանքի ու խմբի զարգացմանը տրամադրած ժամանակի, դրա համար էլ նրանց աշխատանքն ու ստացված արդյունքը գնալով ավելի թանկ է գնահատվում:
Հասկանալով այս ամենը՝ սոցցանցը հանդես եկավ հայտարարությամբ, որ արդեն հնարավոր կլինի առանց հակասելու կանոններին վաճառել սեփական խումբը՝ միևնույն ժամանակ նշելով, որ կայքը հանդես չի գալու որպես գործարքի կատարող կողմ կամ երաշխավոր ու խնդրելով օգտատերերին առավետլագույնս ուշադիր և զգույշ լինել առքուվաճառք կազմակերպելիս ու իրականացնելիս:

Իսկ եթե ցանկանում եք իմանալ, թե որքան գումար են աշխատում ամենահայտնի ինստագրամյան աստղերը՝ պարզապես գովազդվող ապրանքի նկարը տեղադրելով իրենց էջում, կարող եք անցնել այս հղմամբ և ընթերցել մեր պատրաստած «Instagram` եկամտի հիմնական աղբյու՞ր» նյութը: