Որքան տարբեր են հաճախորդները, այնքան էլ տարբեր են տեքստերի նկատմամբ նրանց պահանջները, և դրանք նախապես չհստակեցնելու դեպքում աշխատանքային գործընթացի ընթացքում ուղղումների գործընթացը կարող է երկար ու անարդյունավետ լինել:
Բրենդոնի այսօրվա բլոգում կխոսենք երկար տեքստերի՝ բլոգ, email, հրապարակումներ, կազմման մասին և կներկայացնենք դրանց ընդունված ստանդարտները:
Ինչպե՞ս գրել բրենդի անունը տեքստում
Հարկավոր է հստակեցնել՝ որ հարթակում ընկերությունն ինչ անունով է հանդես գալու: Բնականաբար, փաստաթղերում և Ֆեյսբուքյան էջում ընկերության անունը նույն կերպ չի գրվում, և առհասարակ ընկերության պաշտոնական անվանումն ու նրա՝ մեկ բրենդի համար բացված էջի անունը կարող են լրիվ տարբեր լինել:
Ինչպե՞ս դիմել լսարանին
Ու՞մ համար է կոչը. Դու, Դուք, թե՞ դուք դերանունն է պետք օգտագործել լսարանին դիմելիս: Մեկ անձի՞ն է ուղղված խոսքը, թե՞ խմբին: Խոսքը Tone of voice-ի մասին է. պետք է ըստ թիրախային լսարանի տարբերակել հաճախորդին դիմելու ձևերը:
Մեծ թվերն ինչպե՞ս գրել
Երբ մեծ թվերի հետ գործ ունենք, ավելի ընդունելի է միշտ 3 թիվը մեկ բացատ թողնել, օրինակ՝ 5 000: Նշենք, որ քառանիշ թիվը կարող եք չտրոհել, իսկ դրանից մեծ թվերի դեպքում բացատը ցանկալի է:
Քիչ հանդիպող է նաև 5 հազար կամ 5 հզր. տարբերակը: Հստակ կանոն չկա նաև տոկոսի տարանջատման հարցում. ոմանք այն բացատով բաժանում են թվից՝ 5 %, ոմանք՝ ոչ՝ 5%:
Թվարկումն ինչպե՞ս անել
Ցանկի կետերը հարկավոր է սահմանազատել համարակալումով, պարբերության խորքից գրելով կամ սիմվոլներով:
Սիմվոլներով սահմանազատումն ամենաակնառուն է, սակայն չարաշահել չի կարելի, քանի որ օգտատիրոջ ողջ ուշադրությունը կշեղվի տեքտից:
Ե՞րբ օգտագործել համարակալումը
• Երբ քայլերի հաջորդականություն ենք ներկայացնում
• Երբ ցանկը ներառում է 5-ից ավելի կետ
• Երբ 1 կետը 1 տողից երկար է
Ե՞րբ օգտագործել սիմվոլներ
• Կետերը կարող ենք կարդալ ցանկացած հերթականությամբ
• Կետերի քանակը 5-ից պակաս է
• Կետերը կարճ են, մի քանի բառից են բաղկացած
Եվ վերջում մի քանի խորհուրդ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ գրագետ տեքստեր՝ անկախ թեմայից.
1. Վառ վերնագիրը հաջողության գրավականն է:
2. Տրամաբանական հաջորդականությունը պարտադիր է՝ մեկնարկ, հիմնական մաս և ավարտ:
3. Պետք է գրել հասանելի լեզվով, ոչ թե ձգտելով ցույց տալ Ձեր խելքն ու հմտությունները:
4. Չենք մոռանում պարբերությունների մասին:
5. Թույլատրելի է չափավոր կոշտությունը, քննադատությունը, սարկազմը:
6. Փորձեք կիսվել սեփական փորձով:
7. Ոչ գրագետ շարադրանքը միանգամից փչացնելու է Ձեր մասին տպավորությունը. հետևեք ուղղագրությանն ու կետադրությանը:
8. Օգտագործեք դեպի համապատասխան նյութեր տանող հղումներ:
Չնայած նրան, որ չկան իդեալական տեքստեր ստանալու հստակ կանոններ, սրանք խորհուրդներ են, որոնք կօգնեն ստանալ ավելի հետաքրքիր և ընթեռնելի նյութ: Բրենդոնի բլոգի թեման այսօր սա էր, իսկ եթե ցանկանում եք ավելին ընթերցել, անպայման անցեք նաև այս հղումով՝ Ճիշտ UX-տեքստ գրելու 9 կանոն: