Ի՞նչ եք դուք ամենաշատը որոնում Ֆեյսբուքում. մարդկանց մեծ մասը ամենաշատը որոնում է այլ մարդկանց անձնական էջերը, իսկ երկրորդ տեղում բիզնես էչերն են: Այժմ Ֆեյսբուքի կողմից թեստավորվում է մի թարմացում, որի շրջանակներում որոնման արդյունքում կկերևա նաև Wikipedia-ի արդյունքներով բլոկ: Այս նոր պանելը շատ նման է դեռևս 2012-ին Գուգլի կողմից ստեղծված գիտելիքների բլոկին:
Ինչպես երևում է սոցկայքերի մասնագետ Մեթ Նավարրայի կողմից Twitter-ում ներկայացված սքրինշոթից՝ Facebook-ն արդեն սկսել է որոնման որոշ հայտերից հետո ցույց տալ Վիկիպեդիայի արդյունքներով բլոկ: Օրինակ՝ եթե որոնում եք որևէ հանրային դեմքի, առանձին ներկայացվում է ոչ միայն նրա Ինստագրամի պաշտոնական էջը, այլև կենսագրությունը և այլ տվյալներ:
Փորձագետները նշում են, որ հավելյալ ինֆորմացիայով լրացուցիչ բլոկի ստեղծումը միանշանակ օգտակար կլինի օգտատերերի համար, քանի որ նրանք հեշտությամբ կկարողանան իմանալ ավելին հայտնի մարդկանց համար, ստուգել տերմիններն ու փաստերը:
Այս պահին հայտնի է, որ ֆունկցիան թեստավորման փուլում է, սակայն որքան լայն շրջանակներում է անցնում փորձարկումը, դեռևս պարզ չէ:
Իսկ մենք հիշեցնենք, որ կարող եք ծանոթանալ նաև մեր նախորդ բլոգերից մեկին՝ «Facebook-ի ալգորիթմին դուր գալու հնարքներ», եթե ցանկանում եք իմանալ՝ ինչպես ապահովել հրապարակումների ավելի լայն օրգանիկ ծածկույթ: