Հոգեբանությունը մարքեթինգում: 9 հնարք:

Մարքեթոլոգը շատ լավ պետք է հասկանա իր թիրախային լսարանի մոտիվները, որպեսզի կարողանա ստեղծել անձնավորված կոնտենտ, որը նրանց համար կլինի ակտուալ ու հետաքրքիր: Ուստի նախքան մարքեթինգային ռազմավարության ձևավորումը պետք է հասկանալ, թե ինչպես են մտածում մարդիկ ու ինչն է նրանց դրդում այս կամ այն գործողության: Ահա 9 հոգեբանակաան սկզբունք, որոնցից յուրաքանչյուրը կարող է օգտագործվել մարքեթինգի տարբեր ոլորտներում:

1. Փոխանակում
Սա մարդուն երախտապարտ լինելու հակումն է այն բանից հետո, երբ նա ձեզ համար ինչ-որ լավ բան է արել: Երախտագիտության զգացումն առաջանում է այն ժամանակ, երբ շրջապատող մարդիկ անմիջական են ու պատրաստ են օգնել ձեզ: Որպես օրինակ՝ կարող եք նվեր0 անել հաճախորդին: Դա կարող է լինել անգամ  մի սիմվոլիկ շապիկ, էլեկտրոնային գիրք կամ ձեռքով գրված բացիկ: 


2. Պարտավորվածություն
Մարդիկ չեն սիրում խախտել խոստումները. եթե մարդն ինչ-որ բան է խոստանում, ենթագիտակցորեն ձգտում է կատարել դա: Սա կարող ենք կապել նաև առաջին կետի հետ, քանի որ մարդիկ, ստանալով նվերներ, կցանկանան կապի մեջ մնալ բրենդի հետ: Նոր մարդկանց մատուցե՛ք որակյալ ծառայություններ ու պիտանի կոնտենտ, տրամադրե՛ք հատուկ զեղչեր ու նվերներ, և նրանք կձգտեն վերադառնալ:


3. Համբավ
Մարդկանց մեծ մասը որոշակի ոլորտներում ընտրում է դեմքեր, որոնք իրենց համար հեղինակություն են դառնում: Այդ պրոֆեսիոնալների կարծիքը ընդունելի է, ձայնը՝ լսելի: Սովորական կոնտենտը կարող է ավելի վստահելի դառնալ անգամ միայն այն ժամանակ, երբ դրա ներքևում նշվի հեղինակի անունը կամ հղում արվի դեպի սկզբնաղբյուր:


4. Սոցիալական ապացույցներ
Մարդկանց մեծամասնության համար ընդունելի են ծանոթների ու ընկերների կարծիքները: Օրինակ՝ մարդիկ ավելի հակված են հավանել սոցկայքերում ձեր էջն այն ժամանակ, երբ այն հավանածների շարքում տեսնում են իրենց ընկերներին:


5. Համակրանք
Սա այն ընկերությունների ու մարդկանց հետ փոխազդելու ձգտումն է այն բանից հետո, երբ նրանցից ստանում եք դրական տպավորություններ: Այստեղ առավելությունն այն է, որ պարտադիր չէ բրենդը միանշանակ դրական կերպարով հանդես գա, քանի որ հաճախ անգամ ագրեսիվ արշավները մարդկանց մոտ համակրանք են առաջացնում: Միջանձնային շփման մեջ էլ է նույնը. միշտ չէ, որ դիմացինի հանդեպ համակրանք եք զգում միայն, օրինակ, հանուն նրա բարձր ինտելեկտի: Կարևորը բրենդի հետ դրական կապն է, իսկ թե ինչ եղանակով կհասնեք դրան՝ մարքեթոլոգի աշխատանքից է կախված:


6. Դեֆիցիտ
Սա բոլորիս հայտնի հնարքն է, երբ պարտադիր նշվում է որևէ սահմանափակում «Առաջին 100 տոմսը գնի՛ր կես գնով», «Ինտերնետ-մարքեթինգի դասընթաց: 70% զեղչ միայն 2 օր» և այլն: Սա ընդգծում է ապրանքի էքսքլյուզիվությունն ու բարձրացնում դրա հանդեպ պահանջարկը:


7. Նորության խաբկանք
Սա հետաքրքիր հոգեբանական էֆեկտ է, որն առաջանում է այն ժամանակ, երբ մարդը, առաջին անգամ տեսնելով ապրանքը, սկսում է այն ամենուր նկատել: Շնորհիվ ռեմարքեթինգի՝ սա իրականացնելն այժմ ավելի իրական է դարձել ինտերնետային հարթակներում:


8. Բառացիություն
Մարդիկ ավելի հակված են մտապահել տեսածի ընդհանուր էությունը, ոչ թե դետալները: Օրինակ՝ հիմա հատուկ ուշադրություն է պետք դարձնել վերնագրերին, քանի որ դրանք ուշադրություն գրավելուց բացի արտահայտում են տեքստի ողջ իմաստը: Հետևաբար, վերնագիրը պետք է «մխրճվի» ընթերցողի ուղեղի մեջ ու տա նրան ընդհանուր պատկերացում տեքստի մասին:


9. Խմբավորում
Մարդիկ իրենց առօրյայում ստիպված են այնքան շատ տեղեկատվության հետ առնչվել, որ մտովի փնտրում են ստացված ինֆորմացիան խմբավորելու եղանակներ: Օրինակ՝ խանութ այցելելիս մենք գնվելիք ապրանքները ոչ թե պատահական հերթականությամբ ենք հիշում, այլ փորձում ենք կապել իրար՝ բաշխելով տարբեր խմբերի միջև: Օրինակ՝ բլոգում կարող եք կատարել բաժանումներ ըստ թեմաների՝ ինչպես տեսնում եք այս էջի ձախ հատվածում: Տեքստի հեշտ ընկալմանը կնպաստի նաև պարբերությունների, կետերի, դիագրամների կիրառումը: Սա ոչ միայն նյութն ավելի ընթերցվող կդարձնի, այլև որոշակի «խարիսխի» դեր կկատարի այցելուների ուղեղում:

Հետաքրքիր է հոգեբանությունը, այնպես չէ՞: Ուստի խորհուրդ ենք տալիս ուսումնասիրել նաև  համաշխարհային ցանցի կիրառած հնարքները՝ ոլորտին ավելի լավ տիրապետելու համար՝ «8 հոգեբանական հնարք Starbucks-ից»: