Անգամ մեր նախորդ նյութերից արդեն պարզ է դարձել, որ ինքնամեկուսացումը շատ է ազդել մարդկանց՝ համացանցում անցկացրած առօրյայի վրա: Նրանք համաճարակի տարածման հատկապես սկզբում միանգամայն փոխեցին իրենց վարքը, քանի որ նախ կոնտենտի մեծ մասը սկսեց վերաբերել կորոնավիրուսին, բացի այդ՝ մարդիկ սկսեցին աշխատել տնից կամ դադարեցրին աշխատել ընդհանրապես, ինչի հետևանքով ավելի շատ ազատ ժամանակ սկսեցին ունենալ: Վերջինիս արդյունքում էլ կտրուկ մեծացավ բջջային հավելվածներից օգտվողների, օնլայն կինոթատրոններին բաժանորդագրվողների, օնլայն թրեյնինգներին մասնակցողների թիվը:
Getty Images ընկերությունը, որն ունի պոպուլյար ֆոտոբանկեր և ֆոտոսթոքեր, պատմել է, թե ինչ են ամենից շատը փնտրել օգտատերերը 2020 թվականի ապրիլին: Տվյալները համեմատվել են 2019-ի ապրիլի հետ:
• Ինքնամեկուսացման շրջանում նկարներ որոնելիս ամենատարածված բանալի բառը եղել է «սոցիալական հեռավորությունը»՝ բնականաբար տարբեր երկրների լեզուներով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած՝ այս որոնման քանակն աճել է 72 140%-ով: Առհասարակ, եթե փորձենք մտաբերել մեր կենցաղը մինչ կորոնավիրուսի ի հայտ գալը, ապա այս արտահայտությունը մեր առօրյայում, կարելի է ասել, չէր օգտագործվում:
• Հաջորդը «վիրտուալ միջոցառում» բանալի բառն է, որի որոնումների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ աճել է 12 550%-ով:
• «Աշխատանք տնից» վերագրով նկարներ փնտրողներն ավելացել են 3 953%-ով, և սա զարմանալի չէ, քանի որ արտակարգ դրության մեկնարկից անմիջապես հետո ընկերությունները սկսեցին հայտարարել, որ աշխատում են տնից:
• Ինքնամեկուսացման ընթացքում մարդիկ հետաքրքրվել են նաև «մարմնամարզություն տնից» թեմայով, որի աճը կազմել է 3 337%:
• Կտրուկ աճ է գրանցվել նաև այս ոլորտներում՝
Սննդի առաքում՝ +514%,
Հեռահար բժշկություն +727%,
Թխել հաց՝ +581%,
Վիդեոկոնֆերանսներ՝ +1 771%,
Պատրաստել տանը՝ +572%,
Վիրտուալ տուր՝ +1 546%,
Պարեր տանը՝ +706%:
Հետաքրքիր է, այնպես չէ՞ վիրուսը կաորղացավ փոխել մարդկանց իրական և վիրտուալ առօրյան, և այս թեմայի շուրջ ունենք ևս մի նյութ, որ խորհուրդ ենք տալիս կարդալ՝ Ինչպես կորոնավիրուսն ազդեց Facebook-ի և Instagram-ի գովազդների վրա: