Հավանաբար շատերդ կյանքում գոնե մեկ անգամ օգտվել եք like, follow ու repost հավաքելու համար նախատեսված ծրագրերից, ուստի այժմ օգտվելիս պատրաստ եղեք նաև կայքերի՝ գնալով խստացող կանոնադրությանը հակասելու դեպքում սպասվող հետևանքներից:
Ովքեր տեղյակ չեն, սոցիալական կայքերում պաշտոնական վճարովի գովազդից զատ միանգամից մեծաթիվ մարդկանց ներգրավելու բոլոր միջոցները համարվում են խարդախություն և հակասում են կայքերի կանոնադրությանը:
Խարդախությամբ ավելացված մարդկանցով հաշիվները բացի վիճակագրությունից հնարավոր է տարբերել նաև անզեն աչքով: Օրինակ՝ երբեմն հազարավոր հետևորդներ ունեցող էջի նկարների տակ 10-20 հավանում է, իսկ մեկնաբանություններ առհասարակ չկան: Համեմատելով թեկուզ 100 հետևորդ ունեցող ձեր անձնական էջերի հետ՝ կտեսնեք, որ ակտիվությունը ձեզ մոտ ավելի բարձր է: Պատճառը հենց այն է, որ հետևորդներն իրական չեն կամ մասսայական following-ով զբաղվող էջեր են, որոնք չեն էլ հասցնում թերթել ձեր բեռնած նկարները:
Գումար վճարելով հետևորդների համար՝ դուք ստեղծում եք պահանջարկի կեղծ պատկեր, որը ոչ միշտ է բերում ցանկալի արդյունքների: Միայն կարող է կողքից տպավորություն ստեղծվել, թե էջը լայն տարածում ունի, սակայն, միևնույն է, հաճախորդների ներգրավվածությունը չի ավելանա:
Օրինակ՝ Ինստագրամը սկսել է շատ խիստ վերահսկել բոտերն ու ջնջել դրանք: Այստեղ կան նաև առաջխաղացման թաքնված մեխանզիմներ, որոնք, ըստ երևույթին, արգելված չեն, սակայն ծայրահեղ անցանկալի են և անընդհատ խիստ վերահսկվում են կայքի կողմից: Խոսքը մասսայական լայքերի, մեկնաբանությունների ու հավանումների մասին է, ինչպես նաև փոխադարձ ակտիվության չատերի մասին, որտեղ հավաքված օգտատերերը ինտենսիվ կերպով հավանում ու մեկնաբանում են միմյանց նկարները:
Ուստի, ճիշտ է, դուք կկարողանաք մեծ թվով հտևորդներ հավաքել, սակայն ձեր էջի գոյության համար դա վտանգավոր մեթոդ է: բացի դրանից, եթե ձեր հրապարակամը 2 ժամ շարունակ բավարար արձագանք չի ստանում հետևորդներից, Ինստագրամն այն համարում է անհետաքրքիր ու թաքցնում մնացածից: Այսինքն՝ ստացվում է լրիվ հակառակ ազդեցությունը, ինչը խոսում է այն մասին, որ պետք է օգտվել առաջխաղացման միայն օրինական մեթոդներից:
Իսկ Ինստագրամում էջը առաջ խաղացնելու ամենատարածված սխալներին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ: